«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻՑ` ՀԱՐԱՎԱՅԻՆ

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման ռուսական յուրօրինակ նշանավորումը

Օգոստոսի 26-ը հետաքրքրական ամսաթիվ է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական կտրվածքով այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին նախորդ տարի Ռուսաստան-Վրաստան պատերազմն էր` իր ոչ միանշանակ հետեւանքներով: Առայժմ օգոստոսի 26-ը Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման օրն է, որից միայն մեկ տարի է անցել:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումն այլ երկրների կողմից դեռեւս իր օգտին ոչինչ չի գրանցել, դրա փոխարեն զուտ տնտեսական համագործակցության առումով Ռուսաստան-Աբխազիա եւ Ռուսաստան-Հարավային Օսիա հարաբերությունները զարգանում են դեռեւս նախորդ տարի կնքված «համագործակցության» պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան:

Այս տարվա օգոստոսի 26-ին, ինչպես Վրաստանը, այնպես էլ Ռուսաստանը «ամփոփեցին» մեկ տարվա վաղեմության հասած իրավիճակի գնահատականները: Սակայն միայն պետական մակարդակով արված հայտարարություններով չսահմանափակվեց օգոստոսի 26-ի նշանավորումը: Նույն այդ օրը ռուսաստանյան գազը Ձուարիկաու (Հյուսիսային Օսիա) - Ցխինվալ (Հարավային Օսիա) գազատարով հասցվեց Հարավային Օսիա, որը ուղղակի գազամատակարարում կապահովի, քանի որ այս գազատարը չի անցնում Վրաստանի տարածքով:

Մինչեւ Ձուարիկաու-Ցխինվալ գազատարի կառուցումը Հարավային Օսիան գազ էր ստանում Ագարա-Ցխինվալ գծով, որը միացված էր Թբիլիսի-Քութաիսի մայրուղուն: Նոր գազատարի շահագործմամբ Հարավային Օսիան, ըստ պաշտոնական հայտարարությունների, կհրաժարվի Վրաստանի տարածքով անցնող նախկին գիծը շահագործելուց:

«ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, գազատարի թողարկումը հեղինակած «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, թե այդուհետեւ երաշխավորում է Հարավային Օսիա գազի անխափան մատակարարումը «առնվազն 100 տարի» այն դեպքում, երբ գազատարի շահագործումը կիրականացվի համատեղ ուժերով:

«Գազպրոմի» վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերը տեղեկացրել է, որ հարավօսական կողմի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել 20 տարով, որով նախատեսվում է Հարավային Օսիայի գազաֆիկացման ծրագրի իրականացումը:

Նույն օրըՙ օգոստոսի 26-ին, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին քննարկումներից հետո Հարավային Օսիային սոցիալ-տնտեսական զարգացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին: Ռուսաստանն այս տարի նախատեսել է 10 մլրդ դոլարի օգնություն ցուցաբերել Հարավային Օսիային` հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությամբ:

Հենց Պուտին-Կոկոյտի հանդիպումից հետո էլ «Գազպրոմը» իրականացրել է Ձուարիկաու-Ցխինվալ գազատարով գազամատակարարման մեկնարկը:

Հետաքրքրական է, որ 169 կմ երկարությամբ եւ 400 մմ տրամագծով Ձուարիկաու-Ցխինվալ գազատարը թերեւս Ռուսաստանի համար ունի մեծագույն նշանակություն, քանի որ «Գազպրոմի» ղեկավարությունը խոստովանել է, որ նույնօրինակ պայմաններում մինչ այդ երբեւէ գազատար չի կառուցվել, ավելին, գազատարի անցկացման որոշ հատվածներում լեռների բարձրությունը ռեկորդային է:

Խնդիրն այն է, որ գազատարի 70 կմ-ից ավելի հատվածն անցնում է կովկասյան բարձրլեռնային շրջանով, որի ամենաբարձր կետը գտնվում է 3148 մետր բարձրության վրա: 2006-ի դեկտեմբերին սկսված գազատարի շինարարության հյուսիսօսական մոտ 100 կմ-անոց հատվածն ավարտին է հասցրել «Գազպրոմը», մնացյալը, արդեն հարավօսական տարածքում` տեղական «Իտերա» կազմակերպությունը: Ձուարիկաու-Ցխինվալ գազատարի արժեքը 15 մլրդ ռուբլի է:

Վրաստանը, բնականաբար, դեմ է արտահայտվել Ձուարիկաու-Ցխինվալ գազատարի բացմանը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն «2009-ի օգոստոսի 26-ին, Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ստեղծված մարիոնետային ռեժիմներիՙ այսպես կոչված ճանաչման տարեդարձի օրը, Ցխինվալում բացվել է Ձուարիկաու-Ցխինվալ գազատարը, որը միացնում է Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանի օկուպացված Ցխինվալի շրջանը»:

Համաձայն Վրաստանի ԱԳՆ-ի, այդկերպ Ռուսաստանը հերթական անգամ խախտել է միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլ նորմեր: Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, թե «Վրաստանի տարածքում Ռուսաստանի եւ ռուսական ընկերություների գործունեությունն առանց պաշտոնական Թբիլիսիի թույլտվության ոտնձգություն է միջազգային հանրության կողմից ճանաչված իրավունքների հանդեպ»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4