«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2009-08-27 | #153, 2009-08-28 | #154, 2009-08-29


ԹՈՒՐՔԸ ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ

«Դուպլեքս» ակումբում ասուլիս էր հրավիրել ՀՀԿ Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նույնպես որոշել էր անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ֆոնին:

Պարոն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի անկախության առաջին տարիներից մինչ հիմա ինքը թուրքական կողմից հարաբերությունների լավացման քայլեր չի տեսել եւ չի տեսնում. «Նրանք միշտ էլ խաբել են մեզ, խաբել ու հասել են իրենց նպատակներին»: Եվ այսօր որեւէ դրական շարժում Թուրքիայի կողմից չի նկատվում` չնայած հայկական կողմը ամեն ինչ անում է դրա համար:

«Մեր կուսակցությանը շատ լրատվամիջոցներ մեղադրում են Թուրքիայի նկատմամբ փափուկ լինելու մեջ, սակայն Հանրապետական կուսակցությունն ընդամենը ուզում է բացել հայ-թուրքական սահմանը` խթանելով առեւտրական, տնտեսական կապերը: Բայց մենք դա ուզում ենք ոչ ամեն գնով, ոչ մեր ազգային շահերին դիպչելու հաշվին», շեշտեց պատգամավորը:

Բանախոսը նշեց նաեւ, որ ինքը չի հավատում հայ-թուրքական անկեղծ հարաբերություննեին: Եվ, որքան էլ թուրքական կողմը տարբեր պաշտոնյաների շուրթերով հրավիրում է նախագահ Սարգսյանին ֆուտբոլ դիտելու, Պետրոսյանի կարծիքով, ինչը նա վստահեցրեց նաեւ Հանրապետական կուսակցության անունից, նախագահը չի գնա, եթե սահմանի բացման ուղղությամբ լուրջ քայլեր չարվեն. «Ընդ որում, ես համոզված եմ, որ Թուրքիան առանց ԱՄՆ-ի թելադրանքի նման բան չի անի, քանի որ թուրքերի ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ հայատյաց», ավելացրեց բանախոսը:

«Նախագահի չմեկնելու դեպքում դեպքերը պետք է նման կերպ զարգացնել, շարունակեց նա, մենք պետք է մեղադրենք Թուրքիային պայմանավորվածությունները չկատարելու մեջ, ավելի հետեւողական լինենք Ղարաբաղի ու ցեղասպանության հարցերում` հենվելով Ռուսաստանի վրա»:

Լրագրողների հարցին, որ եթե գիտեիք, որ թուրքը մնում է թուրք, ինչո՞ւ գնացիք հարաբերություների կարգավորմանը, բանախոսը պատասխանեց, որ դա արվել է նախ աշխարհին ներկայացնելու ՀՀ պատրաստակամությունը. մենք առաջին քայլն արեցինք, եւ երկրորդ` մենք ստուգեցինք Թուրքիայի իրական մտադրությունները:

Ներքաղաքական իրադարձություններից պարոն Պետրոսյանը խոսեց սպասվելիք «թեժ աշնան» մասինՙ ասելով, որ ինքը դրան չի հավատում, առավել եւս չի հավատում ընդդիմության միավորմանը, քանի որ. «Նրանք բոլորն էլ տարբեր բաներ են ուզում»:

Վերջերս վրաց սահմանապահների կողմից ՀՀ սահմանն անցնելու եւ այստեղ կամայականություններ անելու վերաբերյալ բանախոսը նշեց, որ ինքը չի ընդունում ՀՀ ԱԳՆ լռությունը, սակայն նկատեց, որ հայ-վրացական սահմանը դեռ հստակեցված չէ. «Գուցե դրա՞ համար են մտնում»: Պարոն Պետրոսյանի կարծիքովՙ մենք պարզապես դատապարտված ենք Վրաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ, չնայած, ըստ Պետրոսյանի, Վրաստանը սխալ քաղաքականություն է վարում մեր նկատմամբ:

Կրկին անրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` բանախոսը նշեց, որ նախագահը պարզապես ֆուտբոլ դիտելու համար չի մեկնի Թուրքիա. «Նա իր խոսքի տեր մարդ է»:

Պատգամավորը հիշեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը նշել էր, թե միայն երեսուն տարուց կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, նա նույնպես այդ կարծիքին է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4