Մինչ այդ պետք է ներկայացվի մարտի 1-2-ի առնչությամբ ԱԺ հանձնաժողովի զեկույցը
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում կգումարի հերթական նիստը, որի օրակարգի նախագծում առայժմ Հայաստանի հարցն ընդգրկված չէ, թեեւ օրակարգի նախագծում համապատասխան տեղ է հատկացված մեծ կարեւորություն ու շուտափույթ քննարկման կարիք ունեցող հարցերին:
Օրակարգի նախագծով, որ տեղակայված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում, ի թիվս այլ խնդիրների, վեհաժողովը սեպտեմբերի 29-ին կանդրադառնա Վրաստան-Ռուսաստան պատերազմին «մեկ տարի անց» շեշտադրմամբ, կքննարկվեն Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո թերացումների առնչությամբ նախորդ նիստում ընդունված 1666 բանաձեւի կատարման առնչությամբ զեկույցները: Իսկ ուրբաթ` հոկտեմբերի 2-ին, ԵԽԽՎ-ն այլ հարցերի հետ մեկտեղ կանդրադառնա նաեւ Թուրքիայում փոքրամասնությունների եւ Արեւելյան Հունաստանում մուսուլման փոքրամասնության, կրոնի եւ մարդու այլ իրավունքների հարցերին:
Հայաստանի հարցն ինչպիսին քննարկվելու հանգամանքը թերեւս պարզ դառնա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստում, որ տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Փարիզում: Այդ նիստի օրակարգի նախագիծն արդեն ԵԽԽՎ վերջին` 1677 բանաձեւի կատարման առնչությամբ Հայաստանի` ԵԽԽՎ-ում պատվիրակության կողմից իրավիճակի ներկայացման կետ է պարունակում: Դեռեւս այդ տարվա հունիսի 24-ին ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ նոր, թվով չորրորդ 1677 բանաձեւը: Բանաձեւի ընդհանուր մասի համաձայն ամրագրվում էր, որ «աճող առաջընթաց» է գրանցվել Հայաստանի իշխանությունների կողմից վեհաժողովի պահանջների կատարման առնչությամբ:
Մասնավորապես, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու օրենքից հանվել են հակասական դրույթները, տարվում է մարտի 1-2-ի դեպքերի հետաքննություն, ընդունվել են քրեական օրենսգրքի խնդրահարույց պայմանների կարեւոր փոփոխություններ եւ այլն:
Այս գործընթացը, ըստ համազեկուցողների զեկույցի, ընդգրկել էր նաեւ համաներումը, որի արդյունքում շատերը, բայց ոչ մարտյան իրադարձությունների առնչությամբ բոլոր ձերբակալվածները, ազատ են արձակվել: «Համաներման հայտարարումը նշանակում է, որ իշխանությունները կատարել են վեհաժողովի որոշիչ պահանջը եւ, որ ավելի կարեւոր է, նոր կարեւոր էջ է բացվել Հայաստանի քաղաքական կյանքի նորմալացման եւ ճգնաժամի կարգավորման առումով», նշվել էր փաստաթղթում, հավելմամբ, որ այդ ձեռքբերումները չպետք է նշանակեն գործընթացի ավարտ:
Բանաձեւում ընդգծվել էին այն բոլոր դրական փոփոխությունները, որ արվել էին ի կատարումն ԵԽԽՎ նախորդ երեք բանաձեւերի` 1609, 1620 եւ 1643: Անդրադառնալով փաստահավաք խմբի գործունեության դադարեցմանը` բանաձեւում նշվում էր, թե անկախ ամեն ինչից մարտյան իրադարձությունների անկախ ու վստահելի հետաքննությունը մնում է որպես պահանջ:
Միեւնույն ժամանակ կոչ էր արվում փաստահավաք խմբի անդամներին` Ազգային ժողովի նույն հարցով ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնելու իրենց բացահայտումներն ու եզրակացությունները, ընդ որում, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն էլ իր հերթին պետք է գնահատեր ամենն ու եզրակացներ, թե արդյոք անհրաժե՞շտ է հետագա քննություն:
Վեհաժողովը բանաձեւի ընդունմամբ ամրագրեց լուրջ մտահոգություն գլխավոր դատախազության կողմից մարտյան տասը սպանությունների գործերը որեւէ կոնկրետ արդյունքի չհասցնելու առնչությամբ:
Ինչ վերաբերում է լրատվական ոլորտում բարեփոխումների ԵԽԽՎ նախկին բանաձեւերի պահանջների կատարման գնահատականին, ապա 1677 բանաձեւով ողջունվեց 2009 թ. ապրիլի 28-ին Ռադիոյի եւ հեռուստատեսության օրենքում փոփոխությունների ընդունումը:
Անդրադառնալով հեռարձակման լիցենզիաների մրցույթների տեխնիկական բաղադրիչների պատճառով հետաձգումներին` բանաձեւում ընդգծվում էր, որ այդ ամենը չպետք է օգտագործվի անօրինական ձեւով հետաձգելու այդօրինակ մրցույթների անցկացումը եւ այդ ձեւով չկատարելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ա1+ հեռուստաընկերությանը հեռարձակման լիցենզիա չտրամադրելու առնչությամբ որոշումը:
Բանաձեւով վեհաժողովը նաեւ վերահաստատել էր իր հետեւողականությունը համաներումից դուրս մնացած մարտյան իրադարձություններին առնչվող գործերի քննության նկատմամբ:
Ամեն դեպքում, համաներումն, ըստ էության, չորոշեց իրավիճակի ելքը այնքանով, որ ԵԽԽՎ-ն դա բավարար չհամարեց, ու դեռ սեպտեմբերին ակնկալվում է ԱԺ մարտի 1-2-ի իրադարձությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը մեծ նշանակություն կունենա նախ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի զեկույցը կազմելիս: