Ինչպե՞ս է դա գնահատում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը
Մինչ Թուրքիայում հասարակական-քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «քրդական» նախաձեռնությունը, օգոստոսի 30-ին, «Հաղթանակի» տոնին, Իրաքին եւ Իրանին սահմանակից Շեմդինլի գավառում բախման մեջ մտնելով թուրքական անվտանգության ուժերի հետ, PKK-ն սպանում է չորս թուրք զինծառայողի: Սպանությունը նախ մթագնում է «Հաղթանակի» օրվա տոնական հանդիսությունները, ապա եւ, Էրդողանի վկայությամբ, կացնահարում քրդական հարցի լուծման առաջադրանքով ցուցաբերված համանուն նախաձեռնությունը: Մինչդեռ այդ նախաձեռնության առնչությամբ PKK-ն հունիսի 1-ից զինադադար էր հայտարարել:
Թեեւ թուրքական իշխանությունները, ելնելով զինադադարի խախտումից, նախաձեռնության կացնահարման պատասխանատվությունը բարդում են PKK-ի վրա, սակայն խնդիրը սոսկ այս կազմակերպությունը չէ, այլ վերջինի դեմ թուրքական անվտանգության ուժերի ձեռնարկած ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը չէր արվել: Ավելին, թուրքական ռազմաօդային ուժերի զորահրամանատարը նախօրեին հայտարարել էր, որ այդ գործողություններն ամենայն վճռականությամբ կշարունակվեն, քանի դեռ վերջնականապես չի ոչնչացվել PKK-ն:
PKK-ի ֆիզիկական ոչնչացումը չի կարող քրդական հարցի լուծման միջոց դառնալ Թուրքիայում: Ինչ վերաբերում է «քրդական» նախաձեռնությանը, որքան էլ դա միջազգային լայն հնչեղություն ստանա, առ այսօր դրա առնչությամբ գործողությունների որեւէ ծրագիր, այսինքն «Ճանապարհային քարտեզ», թուրքական կառավարությունը չի հրապարակել: Ընդամենը երեկ ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը նախաձեռնության հետ կապված պարզաբանումներ է տվել լրագրողներին, թե քրդական հարցը պետք է լուծվի Թուրքիայի ազգային մեծ ժողովում, Թուրքիայի օրակարգում չկա սահմանադրության փոփոխությունների որեւէ խնդիր, համաներման մասին կառավարությունը նույնիսկ չի հիշատակել եւ թուրքերենըՙ որպես պաշտոնական լեզու, երկրում կրթության լեզուն է նաեւ:
Եթե համադրենք Թուրքիայի ներքին գործերի նախարարի ասածները, ապա դժվար չէ կռահել, որ վարչապետ Էրդողանի «քրդական» նախաձեռնության առաջադրանքը ոչ թե համանուն հարցի լուծումն է, այլ PKK-ի զինաթափումն ու զինաթափման միջոցով այս կազմակերպության չեզոքացումը: Մինչդեռ Թուրքիայում բնակչության 1/4-ը կազմող քրդերն ակնկալում էին նախաձեռնության շնորհիվ երկրում ստանալ մշակութային ինքնավարություն, մայրենի լեզվով կրթության իրավունք եւ քաղաքական իրավունքների ընդլայնում: Ընդլայնման հանգամանքը չափազանց կարեւոր է ոչ միայն քրդերի, այլեւ հենց Թուրքիայի առումով, քանի որ PKK-ն զինաթափելու համար անհրաժեշտ է քրդական այս կազմակերպության պայքարը զինված գործողությունների հարթությունից տեղափոխել քաղաքական պայքարի հարթություն:
Հատկանշական է, որ օգոստոսի 29-ին հանդիպելով Իմրալի կղզում փաստաբանների հետ, նրանց էլ Թուրքիայում քրդական հարցի կարգավորման «Ճանապարհային քարտեզի» մասին պարզաբանումներ է տվել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: «Բիրգյուն» գործակալության վկայությամբ, նա ասել է. «Իմ ներկայացրած «ճանապարհային քարտեզով» թուրքերի եւ քրդերի համար ընդհանուր հայրենիք են դառնալու ինչպես Թուրքիան, այնպես էլ Քուրդիստանը: Քուրդիստան արտահայտությունը ես չեմ հորինել, պատմական հասկացություն է, եւ դա հրովարտակներում գործածել են օսմանյան սուլթանները: Հակառակ Ազգայնական շարժում կուսակցության պնդումներին, այս «ճանապարհային քարտեզը» ոչ թե մասնատող է, այլ միավորող, ժողովրդավարական: Դա լուրջ ծառայություն է Թուրքիային, Թուրքիայի ժողովուրդներին եւ թուրքական ժողովրդավարությանը: Ես պատրաստել են 160 էջ, դա ունի 600 էջանոց հիմնավորում»:
Այնուհետեւ Օջալանը «քրդական» նախաձեռնությանը հակադրվելու համար քննադատել է Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդին, ասելով. «Երբ Դեւլեթ Բահչելին զրկվեց ԱՄՆ-ի աջակցությունից, սկսեց հակադրվել: Մինչդեռ նրանց ամերիկացիներն էին մարզում, ինչպես մարզել են «Ալ Ղաիդային»: Այսինքնՙ նրանք ԱՄՆ-ի ծնունդ են: 2007-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ը դադարեցրեց աջակցությունը: Թեեւ երկրում պետական լեզուն թուրքերենն է, սակայն այստեղ բնակվում են 20 միլիոն քրդեր, ունեն մայրենի լեզու, նրանք հո անասո՞ւն չեն, եթե չօգտագործեն, ապա ինչպե՞ս են զարգացնելու քրդերենը: Քրդական հարցի լուծման համար անհրաժեշտ է ժողովրդավարական նոր սահմանադրություն: Առանց դրա հարցը երբեք չի լուծվի»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ