«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Թուրքական մամուլը դրա կազմակերպումը վերագրում է ամերիկահայերինՙ նշելով Ռիչարդ Հովհաննիսյանի անունը

Օգոստոսի 26-ի համարում «Ազգը» «Լիբանանում տեղի կունենա Հայոց ցեղասպանություն թեմայով միջազգային գիտաժողով» վերնագրով տեղեկացրել էր, որ գիտաժողովի կազմակերպումը նախաձեռնել են Բեյրութի Հայկազյան համալսարանն ու Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակը, եւ դա կանցկացվի սեպտեմբերի 3-4-ին: Տեղեկության համար հիմք էր ծառայել «Նոյան տապանի» հաղորդագրությունը, որտեղ նշված էին նաեւ քննարկման ենթակա հարցերը:

Հայկազյան համալսարանի շենքում հրավիրվող այս գիտաժողովին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը նախ օգոստոսի 26-ին, ապաՙ 29-ին: Օգոստոսի 26-ի անդրադարձում գիտաժողովի կազմակերպումը վերագրվել է ԱՄՆ հայ համայնքին, նշելով միաժամանակ թուրք, հայ եւ օտարերկրացի մասնակիցների անուններ, զեկուցողի կարգավիճակով գիտաժողովին թուրք գիտնականներից կմասնակցեն Ուղուր Օնգյորը, Բիլգին Այաթան, Սեյհան Բայրաքթարը, մեր հասարակությանը քաջածանոթ Ռագըփ Զարաքոլուն եւ Թաներ Աքչամը, հայերիցՙ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Կալիֆոռնիայի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը, Խաչիկ Մուրադյանը, իսկ օտարերկրացիներիցՙ Մոհամադ Ռիֆաթը, Վիլյամ Շաբասը, Ռոջեր Սմիթը եւ Ալֆրեդ Զաբասը:

Օգոստոսի 29-ին թուրքական մամուլը, ընդգծելով, որ այս գիտաժողովն առաջ կբերի Թուրքիայի հակազդեցությունը, ընթերցողի ուշադրությունը հրավիրել է այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք ենՙ «Հայացք Հայոց ցեղասպանությանը ժամանակակից Թուրքիայում եւ թուրքական ազգայնականությունը», «Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացումն ու իրավունքը», «Հայ-քրդական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանությունը», որոնք քննարկման են դրվելու գիտաժողովում, եւ դրանցից առանձնացրել է «Փոխհատուցման միջազգային դատավարությունների» հարցը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4