Ըստ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի, միասնական քննություներով այս տարի պետական եւ պետարտոնագրված բուհերում տեղի է ունեցել որոշ բաժինների թերհամալրում: Մասնավորապես, Արցախի պետհամալսարանի անվճար եւ վճարովի տեղերում կառավարության պլանավորած թվից պակաս է ընդունվել 111 ուսանող:
Միեւնույն ժամանակ, ավագ դպրոցի համակարգին անցնելու հետեւանքով, Ստեփանակերտի 12 միջնակարգ դպրոցներից միայն երկուսը կունենան 10-րդ դասարան: Իսկ ահա ավագ դարձած երկու դպրոցներ այս տարի չեն ունենա առաջին դասարան:
Արդյո՞ք նման իրավիճակով պայմանավորված` բուհերում ու հանրակրթարաններում համատարած կրճատումներ կլինեն: Նախարարը հավաստիացրեց, որ կաշխատեն կրճատումներ թույլ չտալ:
Ծավալված զրույցում Վ. Խաչատրյանը կարեւորեց հետեւյալ հանգամանքը. 9-րդ դասարանն ավարտած աշակերտների զգալի մասը դիմել է միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններ: Իննամյակի բազայի վրա արդեն կազմակերպվել է ընդունելություն Հայաստանի ագրարային պետական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջում: Ընդ որում, ընդունվածների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի մեծ է: Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում եւս նախատեսվածից ավելի շատ ուսանող է ընդունվել: Ստեփանակերտի արհեստագործականում հաշվեգրված սովորողների թիվը թեպետ արդեն հավասարվել է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն դիմումների հոսքը շարունակվում Է: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ հնարավորինս հարստացրել են Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի նյութատեխնիկական բազան: Մարտունու արհեստագործական ուսումնարանում, բացի գույքային բարելավումներից, լուծվել է սովորողներին հանրակացարանով ապահովելու խնդիրը: Շրջանի Ճարտար, Խնուշինակ, Գիշի, Սպիտակաշեն գյուղերի բնակիչ արհեստագործականի սովորողներին տեղափոխելու նպատակով ուսումնարանին է տրամադրվել ավտոբուս:
Ինչքանո՞վ են հանրակրթարանները պատրաստ ավագ դպրոցի ներդրմանը: Շեշտելով գործընթացի դժվարությունները, Վ. Խաչատրյանը նշեց, որ առաջին փուլում ընտրվել են ավագ դպրոցի ուսուցիչներ: Այնուհետեւ այդ ուսուցիչները վերապատրաստվել են Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մասնագետների միջոցով: Միայն համապատասխան վկայագրեր ստանալուց հետո այդ ուսուցիչները կարող են դասավանդել ավագ դպրոցում:
Այն հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել գյուղական բնակավայրեր գործուղված ուսուցիչներին արտոնություններ տրամադրելու մասին կառավարության վերջերս ընդունած որոշումը, ԿԳ նախարարը պատասխանեց, որ այդ ուղղությամբ մեծ տեղաշարժ, իրոք, կա: «Արդեն բավական թվով շրջանավարտ-ուսուցիչների դիմումներ են հաշվառվել, նրանց մի մասին ինքս եմ ընդունել: Տասից ավելի մասնագետների ուղարկել ենք Շահումյանի շրջան: Քաշաթաղի շրջանում զինղեկների խնդիր ունեինք, բայց այդ խնդիրն էլ կլուծվի, որովհետեւ ՆԶՊ եւ ֆիզկուլտուրա ավարտած տղաները պատրաստակամություն են հայտնել այնտեղ աշխատելու: Ցանկացողների հոսքը շարունակվում է, եւ միայն սեպտեմբերի 10-ից հետո կարող ենք հստակ ասել, թե քանի ուսուցիչ ենք գործուղել գյուղական բնակավայրերում աշխատելու», ասաց նա:
Անդրադառնալով դպրոցաշենքերի վիճակին, Վ. Խաչատրյանն իրազեկեց, որ ընթացիկ վերանորոգման աշխատանքները հանրապետության բոլոր դպրոցներում ավարտվել են օգոստոսի 25-ի դրությամբ: Զուգահեռաբար, նոր շենքներ էլ են կառուցվում: Արդեն իսկ սեպտեմբերի 1-ին իր դռները կբացի Ասկերանի նորակառույց դպրոցը: Ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Վաղուհասի, Հարությունագոմերի, Ստեփանակերտի 6-րդ եւ 11-րդ դպրոցական շենքերի, 1-ին դպրոցի մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ավարտման փուլում է Մարտունու շրջանի Սպիտակաշենի դպրոցի շինարարությունը, որից հետո կսկսվի Գիշու դպրոցի շինարարաությունը:
Ընթացիկ տարում երեք մանկապարտեզներ` Ստեփանակերտում, Մարտակերտ շրջկենտրոնում եւ Առաջաձոր գյուղում, պետական կարգավիճակ են ստացել, որով իսկ պետական հոգածության տակ գտնվող մանկապարտեզների թիվը հանրապետությունում հասել է 24-ի:
Դպրոցների ուսումնանյութական բազան ամրապնդելու գործում միայն պետության աջակցությունը չէ առկա: Նախարարի խոսքով, այս տարի հիմնադրամի միջոցով ստացել են 2500 նստարան, իսկ «Փյունիկ» հիմնադրամը նվիրաբերել է քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, մասամբ` աշխարհագրության 45-ական լաբորատորիա: Սպասվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբեր ամսվա ընթացքում կտրամադրի շուրջ 1300 պահարաններ եւ լաբորատոր սեղաններ` լաբորատոր սարքավորումների համար:
Ինչ մնում է դասագրքերով ապահովմանը, նախարարի հավաստմամբ, շուրջ 132 մլն դրամ գումարի շրջանակում դասագրքեր են պատվիրվել, որոնք լրիվ ստացվել են: Դրանք արդեն հասցվել են շրջաններ` աշակերտներին բաշխելու համար:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ