«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


«ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ»

Նշեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը

Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգման նպատակով Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 36,6 միլիոն դոլարի վարկային ծրագիրը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը` գյուղական բնակչության համար հիմնական ճանապարհային ցանցի հասանելիության բարելավման ու աշխատատեղերի ստեղծման ջանքերին: Այն Հայաստանին կօգնի նաեւ մեղմելու տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Այս առթիվ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով որոշ համայնքներում բերքը ժամանակին շուկա չհասցնելու վնասը հասնում է 40 տոկոսի, երբեմն մինչեւ 80 տոկոսի: Ուստի այս ծրագիրը կնպաստի ֆերմերներին եւ փոքր տնտեսություններին իրենց մթերքն ավելի ցածր ծախսով շուկա հասցնելուն:

Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ: Այն կօժանդակի շուրջ 140 կմ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը, որոնք գտնվում են յոթ մարզերում: Տեխնիկական աջակցության բաղադրիչի միջոցով կկատարելագործվեն այլընտրանքային ճանապարհածածկման նախագծերի, ճանապարհների անվտանգության վերահսկողության ձեռնարկի, ինչպես նաեւ «անվտանգ գյուղ» փորձնական ծրագրի մշակման կարողությունները:

Արիստոմենե Վարուդակիսը նաեւ անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նշելով, որ այս տարվա առաջին 7 ամիսներին տնտեսական անկումն ավելացել է` հասնելով 18,5 տոկոսի, նա միաժամանակ ոգեւորիչ համարեց փաստը, որ հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել են դրական միտումներ: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը հիշատակեց ամենամեծ անկում ունեցած ճյուղիՙ շինարարության հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրած 4,5 տոկոս աճը, ինչպես նաեւ արդյունաբերության մոտ 6 տոկոս եւ էլեկտրաէներգիայի արտադրության 2 տոկոս աճը: Ըստ Արիստոմենե Վարուդակիսի եզրակացության, տնտեսության անկման գործընթացը Հայաստանում կարծես թե կանգ է առել: Նա այն կարծիքը հայտնեց, որ, նկատի ունենալով համաշխարհային տնտեսության բարելավումը, հումքային ապրանքների, այդ թվումՙ պղնձի եւ մոլիբդենի գների աճը, տարեկան կտրվածքով Հայաստանում տնտեսական անկման ցուցանիշը կկազմի 12-14 տոկոս: Իսկ գնաճը տարեվերջին, ՀԲ ներկայացուցչի կանխատեսմամբ, կկազմի 6 տոկոս:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4