Ինչպես դիմել միջազգային բուհեր
Ոչ հեռու անցյալում Հայաստանում նույնիսկ համաշխարհային մասշտաբի գիտական սեմինարների, գիտաժողովների ու դասընթացների մասին ինֆորմացիան մենաշնորհային տեսք ուներ: Ինչպես տնտեսության, այնպես էլ գիտության մեջ կային որոշ մարդիկ կամ ինստիտուտներ, որոնք փոստով կամ հեռախոսով ինֆորմացիա էին ստանում, եւ միայն իրենք օգտագործում կամ թաքցնում-պահում էին: Սա չուզվորությունից առավել վտանգավոր միտում էլ էր զարգացնում, որ կոչվում է զանգվածների անտեղյակություն: Իսկ չիմացությունից մինչեւ լճացում կես քայլ էլ չկա: Խնդիր էր նաեւ տեղական գիտական շրջանակների ինֆորմացիայի տարածումը: «Երբ ՀՀ գիտությունների ակադեմիան կամ Սլավոնական համալսարանը միջոցառում էին կազմակերպում, հնարավոր էր, որ այլ բուհերի նմանատիպ մասնագետները եւ հետաքրքրվողները չիմանային, թե ինչ է անցկացվել կամ նախատեսված կողքի բուհում», հիշում են երիտասարդ գիտաշխատողները: Հուրախություն բոլորիս, ինֆորմացիոն սովի եւ նրա հետեւանքների մասին կարող ենք խոսել անցյալ ժամանակով, քանի որ մեծն համաշխարհային սարդոստայնը մի քանի կախարդական «ոստոստումներով» փնտրողի առաջ բացում է անցյալ-ներկա-ապագայի գրեթե ողջ տեղեկատվական գունապնակը:
«Կային մարդիկ էլ, որ չգիտեին ինչ անել այն ինֆորմացիան, որ ստացել էին, բայց իրենց պետք չէր: Իսկ հիմա կարելի է տեղադրել կայքէջում: Սա իր հետ բերում է մասնակցության հայտերի բազմազանություն, մրցակցություն եւ որակի բարձրացում», ներկայիս հնարավորությունները գնահատում է ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Տիգրան Մաթոսյանը : Նա կոնկրետացնում է իր ասելիքը Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի կայքէջի օրինակով, ուր վաղուց է գրանցվել իր ընկերների հետ եւ բազմաթիվ նորությունների հղումներ է ստանում գիտական աշխարհի անցուդարձից: Կայքէջի մասին առավել մանրամասն զրուցում ենք հիմնադիր Խաչիկ Գեւորգյանի հետ: Նա պատմում է, որ հայ ուսանողական ու գիտական շրջանակներում հայտնի Armacad անունը հայերեն «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիա» անվան հապավումն է: Ասոցիացիան ստեղծվել է 2007 թվականին, երբ հիմնադիրը տեսավ նմանատիպ գերմանական կառույցը, որը կազմակերպում է նման հավաքներ եւ կրթաթոշակներ տրամադրում օտարերկրյա եւ տեղացի այն անհատներին, ովքեր գիտական համագործակցության փոխանակման ծրագրերի են մասնակցում:
Խաչիկ www.armacad.org կայքէջը ամենաարդյունավետ ինֆորմացիոն համակարգերից մեկն է համարում, որը ասոցիացիայի գործունեության ընդամենը մի հատվածն է: Ասոցիացիան կազմակերպում է նաեւ տարաբնույթ սեմինարներ, դասախոսություններ եւ հանդիպումներ, օրինակ, «Հայկական քրիստոնեություն եւ իսլամական շիիթ», «Թյուրքական աշխարհ. Իրան եւ Կովկաս, քաղաքարկթական խաչմերուկներ» թեմաներով: Անցկացվել է նաեւ ակադեմիական գրելաոճի մասին դասախոսությունների շարք, որը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում գիտնականները ներկայացնում են այն թեման, որով զբաղվում են, իսկ երկրորդում արտասահմանում սովորող լավագույն համալսարանների ներկայացուցիչները Հայաստանում գտնվելու օրերին ներկայացնում են տվյալ համալսարանը, սովորեցնելով ինչպես դիմել, ասենք, Հարվարդի կան Քեմբրիջի համալսարան` կրթական, մագիստրական կամ ասպիրանտական ծրագրով ընդունելության համար: Armacad-ի նպատակներից մեկն է նաեւ հայաստանյան եւ միջազգային գիտական միջոցառումների մասին տեղեկատվության տարածումը:
Այս նախաձեռնությունն արդեն իսկ արդյունավորվել է նրանով, որ Խաչիկ կարողացել է ծանոթանալ եւ կապեր հաստատել Հարվարդում, YALE-ում, Օքսֆորդում սովորող հայազգի բոլոր ուսանողների հետ: Դասախոսությունները նպաստում են, որ փաստորեն ամենախելոք մեր ժամանակակիցներն իրենց դրսի փորձը կիսեն ներսում դրանով հետաքրքրվողների հետ, եւ իրենք էլ ճանաչելի դառնան հայ լսարանի համար:
Armacad-ը հայաստանցիների համար մի անսովոր գործառույթ էլ ունի` բարեգործությունը: Մարդիկ համացանցում կարող են կարդալ, որ ինչ-որ մեկը կարիք ունի համապատասխան գումարիՙ այս կամ այն կարեւոր գիտաժողովին աշխարհի որեւէ ծայրում մասնակցելու համար, եւ ֆինանսական օգնություն տրամադրել նրան` առանց ճանաչելու անգամ: Շատերն օգնում են նաեւ այն ուսանողներին, ովքեր կարճ ժամանակահատվածում չեն հասցնում ծավալուն թարգմանություններ կատարել եւ օգնության հայտարարություն են զետեղել կայքէջում: Այս հարցում հասանելի եւ օգտակար են դառնում հատկապես միջազգային հեղինակավոր բուհերի հայազգի շրջանավարտները:
Սամսոն Ավետյանը Հարվարդում սովորում է արդեն մեկ տարի: Armacad-ի միջոցով շփվում է երիտասարդների հետ, բացի այդ, նաեւ փորձում է օգտակար լինել: Այս ամառ գալով իր ծննդավայր, նա հատուկ դասախոսություն կարդաց նրանց համար, ովքեր ուզում են հավուր պատշաճի դիմել եւ ընդունվել Հարվարդի բիզնես դպրոց: Անգլերենով հնչած դասախոսությունը պարզաբանեց Սամսոնի առաջին ուստարվա փորձն ու եզրահանգումները, ինչպես նաեւ ուսման վարձի եւ կեցության հետ կապված աջակցության հնարավորությունը: Ի դեպ, դրանք կազմում են տարեկան 77 000-100 000 դոլար գումար: «Կարեւորը` դիմորդը գիտելիքի եւ ուսման հանդեպ սեր ունենա, նախաձեռնող լինի, բարձունքների ձգտող լինի, ասում է Սամսոնը: Անհնարին բան չկա, դրա համար պետք է ունենալ կամքի ուժ եւ ժամանակ տրամադրելու ցանկություն»:
Նրա նշած որակներն անծանոթ չեն Սոնա Գրիգորյանին , որը մասնագիտությամբ արեւելագետ է: «Սեպտեմբերից սովորելու եմ Կենտրոնական եվրոպական համալսարանի միջնադարագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Երկու տարի ժամկետով ուսանելու հնարավորության մասին իմացել եմ Armacad-ի միջոցով, որի անդամներից եմ հենց սկզբնավորման պահից: Ընդ որում, իմանալը գործի միայն սկիզբն է, պետք է համոզիչ լինես դիմելիս: Ես ընդունվելու համար փուլային հետազոտության շրջան եմ անցել: Առաջինում պետք է պատասխանեի, թե ինչ եմ ուզում այնտեղ ուսումնասիրել, երկրորդ փուլը TOEFL-ի քննությունն էր, երրորդը` հեռախոսային հարցազրույցը, որից որոշ ժամանակ անց պարզ դարձավ` ընդունվել եմ, թե ոչ: Ես ընդունվել եմ ամբողջական կրթաթոշակի ապահովմամբ», պատմում է Սոնան: Նա համեստորեն նշում է, որ այս տարի բավականին բարձր մրցակցություն է եղել կոնկրետ միջնադարագիտության բաժնում: 3800 հոգուց միայն Սոնան է հայաստանցի, նույն բուհի քաղաքագիտության բաժին, ըստ Սոնայի, եւս երեքն են ընդունվել, բնապահպանական բաժնում էլ կան հայաստանցիներ: «Armacad-ը ոչ միայն տեղեկացնում է հայտ ներկայացնելու հնարավորության մասին, այլեւ ընդունելության արդյունավետ մեթոդներ է սովորեցնում: Անգամ, երբ ցանկացա իմանալ, թե էլ ովքեր են ընդունվել CEU, էլի Armacad-ի միջոցով իմացա: Սա շատ օգտակար ցանց է, երբ պետք է իրար գտնել-օգնել-տեղեկացնելու համար», ասում է Սոնան:
Ծովինար Տերտերյանն ավարտել է Ջորջթաունի համալսարանը: Նա համարվում է Armacad-ի աշխատակազմի անդամ, անգլերեն տեքստերի խմբագիրն է: Օրիորդը Armacad-ի գործունեության մեջ շեշտը դնում է միջազգային գիտաժողովների մասին տեղեկատվության տարածման արդյունավետության վրա, այն իմաստով, որ դրանց մասին իմանալովՙ կարող ենք հայկական հարցեր շոշափող շատ թուրք եւ ադրբեջանցի դասախոսների լսել, ապա եւ դահլիճից փաստերով լի հարցերի միջոցով անգամ հակադրվել` փոխելով հարցին ոչ այնքան մանրամասնորեն տեղեկացված լսարանի միակողմանի ստացած ինֆորմացիայի տպավորությունը: Ըստ Ծովինարի, հայկական սփյուռքի լոբբիինգը շատ ուժեղ է ԱՄՆ-ում, ի տարբերություն Հայաստանի լոբբիինգի, որն, իրոք, շատ թույլ է: «Ինչքան ավելի շատ հայաստանցի ուսանող ունենանք, այնքան մեր պետության եւ ազգային քաղաքականության միտումներն ավելի հասկանալի կլինեն դրսում, համոզված է Ծովինարը: Հիմա ասեմ, թե ինչ օգուտ եմ ստացել Armacad-ից: Երեք սեմինարների եմ մասնակցել Armacade-ի շնորհիվ: Բացի այդ, կարող ես տեղեկություն տարածել, որ դու գտնվում ես կամ լինելու ես աշխարհի որեւէ քաղաքում եւ կեցության խնդիրներ ունես: Քո հայրենակիցները կամ ազգակիցները, կամ անծանոթ բարի մարդիկ կարող են նույն ցանցի միջոցով արձագանքել` տրամադրելով բնակության վայր: Այսինքն` սա մի ձեւ է որի շնորհիվ կարող ես ֆինանսական խնդիրներ պարզապես չունենալ»:
Մարիամ Ավետիսյանի եւ Բադալյան Մերիի հետ ծանոթացանք Սամսոն Ավետյանի դասախոսությունից հետո: Մարիամը պատմեց, որ ցանկանում է մագիստրատուրան ավարտել Հարվարդում: «Այս հանդիպումը շատ բան տվեց, ասում է Մարիամը: Եթե համեմատելու լինեմ Հարվարդի կայքէջում տրված ինֆորմացիայի հետ, սա ավելի մեծ բան է տալիս, քանի որ կողմնորոշում է եւ մեկ ժամից ավելի ինտերնետը փորփրելուց է ազատում: Մերին էլ նշում է, որ հոկտեմբերին Հարվարդի բիզնես դպրոց ընդունվելուն է նախապատրաստվում: «Սամսոնի դասախոսությունը որոշ գիտելիքներ ավելացրեց այն ինֆորմացիային, որ կարդացել էի Հարվարդի համալսարանի կայքէջում, մասնավորապես կեցության եւ ընդունելության անֆորմալ ձեւերի մասին»: Մերիենց ընտանեկան բիզնեսը եւ նրա 15 տարիների փորձն այդ գործում ցույց են տալիս, որ ավելի բարձր հաջողությունների հասնելու համար հարկավոր է համապատասխան գիտելիքների բազա, ինչպես նաեւ դիպլոմ, որ կտա MBA-ը: Իսկ այս հանդիպումը հստակ քայլ առաջ է դեպի նպատակակետ:
2500-ից ավելի մարդ կա Armacad ցանցում, որը հասարակական գիտություններին վերաբերող ցանց է: Հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը տեղեկացնում է, որ կա նաեւ Armacad.exe ցանց, որը ճշգրիտ գիտությունների ոլորտի մասնագետների համար է, ինչպես նաեւ Armenian studies ցանցը, որը հայագիտական ոլորտի մասնագետների համար է:
Ցանցի արդյունավետության մասին խոսելիս զրուցակիցներս առանձնացնում են, որ այս կամ այն բուհ կամ սեմինարի մասնակցելու համար դիմելով մերժվելն անգամ օգտակար է այն առումով, որ դու սկսում ես հասկանալ, թե հաջողվելու համար ինչպե՞ս դիմես, ինչպիսի ձեւակերպումներ անես:
Աշխարհում Armacad-ի նման եւ առավել հզոր մի քանի ցանցեր կան` թուրքականը, բալկանյանը... Հայաստանյան նմանատիպ ցանցի առաջխաղացումը նպատակ ունի ՀՀ-ում լուրջ գիտական ինֆորմացիոն համակարգ ունենալու, որ վստահաբար ասելիք կունենա նաեւ միջազգային ասպարեզում:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ