Հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների հաստատմանը բնականաբար հաջորդելու է տնտեսական հարաբերությունների հաստատումը: Պատրա՞ստ է դրան Հայաստանի տնտեսությունը, ի՞նչ դրական եւ բացասական հետեւանքեր կունենա: Սրանք հարցեր են, որոնց քննարկումներն ու տեսակետների բախումը շարունակվելու են մինչեւ հայ-թուրքական սահմանի հավանական բացումը, եւ ներկա պահին գոնե միանշանակ պատասխաններ չկան: Սակայն որոշ եզրակացություններ կարելի է կատարել:
Թուրքիայի հետ փակ սահմանը, բացի բացասական ազդեցություններից, անցած 15-16 տարիների ընթացքում ունեցել է նաեւ դրական նշանակություն մեզ համար եւ բացասական ազդեցություն թուրքական կողմի համար: Այն թույլ է տվել կայանալ եւ զարգանալ տեղական արտադրության բազմաթիվ ընկերությունների հատկապես սննդարդյունաբերության ոլորտում: Եթե թուրքական սահմանն այս տարիներին բաց լիներ, ապա Հայաստան ներմուծվող թուրքական ցածրորակ ապրանքները, շնորհիվ իրենց էժանության, մեր կողմից որակի ստանադարտների պահպանման պահանջի բացակայությամբ, շատ ավելի մեծ ծավալներով կհեղեղեին մեր ներքին շուկան: Սակայն եթե տեղական արտադրությանը սպառնացող այդ վտանգը բավականին իրական էր 10 կամ անգամ 5 տարի առաջ, ապա այժմ արդեն պակաս վտանգավոր է դարձել: Հիմա տեղական արտադրողները կարող են դիմակայել թուրքական ապրանքների մրցակցությանը, ինչպես ավելի կամ պակաս հաջողությամբ դիմակայում են այլ երկրներից ներմուծվող ապրանքների մրցակցությանը: Խոսքն այստեղ առավելապես սննդարդյունաբերության մասին է: Միաժամանակ, հարկ է, որ գործեն որակական ստանդարտներ, որ Հայաստան չներմուծվեն որակի հաշվին էժան թուրքական ապրանքներՙ անհավասար մրցակցություն ստեղծելով հայկական ապրանքների համար:
Արդյունաբերության այլ ճյուղերից թեթեւ արդյունաբերության վրա հայ-թուրքական սահմանը չի ազդի այն պարզ պատճառով, որ այս ոլորտի մեր ընկերություններն այդպես էլ չկարողացան մրցել նույն թուրքական ապրանքների հետ այն պարագայում, երբ վերջիններս Հայաստան են բերվում փոքր քանակներով եւ երրորդ երկրի սահման հատելով: Այսինքնՙ հայկական թեթեւ արդյունաբերության չգոյությունը, ցավոք, փաստ է, եւ այս ոլորտի ներկայացուցիչներն ու կառավարությունը պետք է շատ լրջորեն համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի գոնե գործող սակավաթիվ ընկերությունները կարողանան դիմանալ մրցակցությանը:
Հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, շինանյութերի եւ հատկապես ցեմենտի, քարի արտադրությունների համար հայ-թուրքական սահմանի բացումը կարող է խոստումնալից հեռանկարներ բացել: Սրանք այն ոլորտներն են, որոնք հիմնականում արտահանման ուղղվածություն ունեն, եւ բաց սահմանն ու էժան փոխադրումները հնարավորություն են ստեղծում գրավելու ինչպես թուրքական, այնպես էլ մերձավորարեւելյան շուկաները, ինչպես նաեւ տեղ զբաղեցնել եվրոպական շուկայում:
Հայաստանի էներգետիկ հնարավորությունները նույնպես սպառման շուկաների կարիք ունեն, եւ Թուրքիայում դրա պահանջարկը կա: Դրա մասին է վկայում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանից դեպի այդ երկիր էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ, ինչը, սակայն, առայժմ տեղի չի ունենում նույնՙ քաղաքական պատճառներով:
Հայ-թուրքական սահմանի բացումն առավել իրական եւ մեծ վտանգ է պարունակում մեր գյուղատնտեսության համար: Եվ այստեղ առանց պետության որոշակի հովանավորության շատ դժվար կլինի դիմակայել թուրքական գյուղմթերքների ներխուժմանը: Անհրաժեշտ է առնվազն որոշ գյուղմթերքների ներմուծման համար սահմանել Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից թույլատրվող 10 տոկոս մաքսատուրքը: Այլապես մեր գյուղը եւ գյուղացիական տնտեսությունները կհայտնվեն քայքայման եզրին:
Ինչպես առիթ ունեցել ենք վերջերս նշելու, հայ-թուրքական սահմանի բացումը խիստ բացասաբար կազդի Հայաստանի զբոսաշրջության վրա, քանի որ անգամ փակ սահմանի պարագայում թուրքական զբոսաշրջային հանգրվանները հանգստի ավելի ցածր գներ են առաջարկում եւ Հայաստանից զբոսաշրջիկների զգալի ներհոսք ապահովում: Սահմանի բացման դեպքում այդ երկրում հանգստանալու ծախսը կնվազի, իսկ մեր հանգստյան տների եւ հյուրանոցների սեփականատերերը չեն էլ մտածում այդ մասին, ինչը կործանարար կարող է լինել նրանց համար:
Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ամենալուրջ դրական արդյունքը կլինի Հայաստանի ընդգրկվելը տարածաշրջանային նախագծերումՙ ճանապարհային, խողովակաշարային եւ այլն: Դա շահավետ է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր հարեւանների, նաեւ Թուրքիայի համար, քանի որ հենց Հայաստանով են անցնում ամենակարճ եւ ամենապահով ենթակառուցվածքները, որոնցով միմյանց հետ տնտեսական ակտիվ հարաբերություններ կհաստատեն տարածաշրջանի բոլոր երկրները:
Այդուհանդերձ, հայ-թուրքական սահմանի բացումը դեռ տեղի չի ունեցել, եւ դժվար է ասել, թե երբ տեղի կունենա: Ամեն պարագայում, այն միայն Հայաստանին չէ, որ ձեռնտու է եւ մեր տնտեսության համար նաեւ հնարավոր վտանգներ է պարունակում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ