Հայ-թուրքական հարաբերությունները սկսելու գործընթացի վերաբերյալ ադրբեջանական արձագանքները
Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների գործընթացը սկսելու մասին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, խիստ ցավագին է ընդունվել հարեւան Ադրբեջանում: Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովն այդ կապակցությամբ ասել է, որ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է հարաբերությունների հաստատումը այլ երկրների հետ, բայց նկատի ունենալով, որ այդ հարցն ուղղակիորեն շոշափում է Ադրբեջանի ազգային շահերը, «հայ-թուրքական սահմանի բացումը, առանց հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»:
Սովորաբար Ադրբեջանի նախագահի տեսակետները ոչ պաշտոնապես արտահայտող քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն day.az-ին տված հարցազրույցում ավելի կտրուկ եւ կոնկրետ է արտահայտվել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների գործընթացի սկսվելու եւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առիթով: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը նա համարել է «ծայրահեղ բացասական երեւույթ» ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանում դա անպայման ուժեղ հակաթուրքական տրամադրություններ կառաջացնի, որովհետեւ ադրբեջանական ժողովուրդը դա չի կարող հասկանալ: Մինչ այժմ մեր ժողովրդին չեն բացատրում, թե Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչման պարագայում, Թուրքիան ինչո՞ւ է ծնկի իջնում Հայաստանի առջեւ», ասում է ադրբեջանցի քաղաքագետը:
«Իմ կարծիքովՙ Թուրքիան գնում է այդ ամենին, որովհետեւ, մի կողմից, նրա վրա ճնշում է գործադրում Բարաք Օբաման, մյուս կողմիցՙ հայկական սփյուռքը, երրորդըՙ Թուրքիան ձգտում է Եվրոմիություն ընդունվել, չորրորդըՙ Թուրքիան կարծում է, որ այնքան մեծ տերություն է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը որեւէ բացասական հանգամանքներ իր դեմ չի առաջացնի», նշում է Վաֆա Գուլուզադեն եւ ավելացնում. «Դրանով Թուրքիան միայն ամրացնում է իր թշնամիներին: Ես չեմ պատկերացնում, եթե այդ երկրների միջեւ սահմանը բացվի, ինչպե՞ս ենք մենք նայելու Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի երեսին, որոնք խոստանում էին չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չեն ազատվել ադրբեջանական հողերը»:
Ադրբեջանական Միլլի մեջլիսի պատգամավորներից Զահիդ Օրուջը Trend News կայքում այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են իրականացնել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված նախագծերը, ինչին Ադրբեջանը պետք է պատրաստ լինի: Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «ճանապարհային քարտեզի» հաստատման դեպքում, Ադրբեջանը պետք է մտածի, թե ինչպիսին կլինեն ադրբեջանա-թուրքական հարաբերությունները եւ ինչպես Ադրբեջանը պետք է դիմադրի այն գործընթացներին, որոնք ուղղված են իր ազգային շահերի դեմ:
Մեկ այլ պատգամավորՙ Այդին Միրզազադեն , հայ-թուրքական քաղաքական խորհրդակցություններն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները համարել է զուգահեռ գործընթացների մասեր: Միեւնույն ժամանակ, այս պատգամավորը Ադրբեջանի հին երգն է երգել Հայաստանի կողմից հարեւանների նկատմամբ «տարածքային պահանջների», «ադրբեջանական հողերից» զորքերը հանելուց հետո շրջափակումը վերացնելու մասին, եւ դրանցով պայմանավորել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ