Համաձայն Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-հուլիսին այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 2,7 տոկոսով: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալը գրեթե մնացել է նույնը (աճել է 0,1 տոկոսով), գյուղատնտեսական արտադրանքինըՙ աճել 6,6 տոկոսով: Սաՙ ընդհանուր ցուցանիշների մասին: Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին առանձին-առանձին, ապա պատկերն այնքան էլ չի համապատասխանում Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար կրկնվող հեքիաթներինՙ այդ երկրի տնտեսության իբր լուրջ հաջողությունների մասին:
Արդյունաբերական արտադրանքի եւ վերամշակող արդյունաբերության անկումն այս տարվա 7 ամիսներին կազմել է 8 տոկոս, երբ անցյալ տարի այդ նույն ժամակահատվածում այստեղ արձանագրվել էր 7,2 տոկոսի աճ: Լեռնամետալուրգիայում անկումը կազմել է 61,8 տոկոս, քիմիական արդյունաբերության մեջՙ 51,9 տոկոս, կահույքի արտադրության մեջՙ 42,6 տոկոս, նավթավերամշակման մեջՙ 10,3 տոկոս, ռետինե եւ պլաստիկ իրերի արտադրության մեջՙ 19,3 տոկոս: Սննդարդյունաբերության ծավալները մնացել են անփոփոխ: Իսկ արդյունաբերական արտադրանքի ընդհանուրՙ 0,1 տոկոսի աճը Ադրբեջանի վիճպետկոմը ստացել է, հաշվի առնելով «արդյունաբերական բնույթի ծառայությունների» 8,3 տոկոս մասնաբաժինն այստեղ: Նավթը եւ գազը շարունակում են գերակշռել արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալումՙ կազմելով դրա 78,3 տոկոսը:
Ճգնաժամի պատճառով 7,2 տոկոսով նվազել են աշխատատեղերը արդյունաբերական ձեռնարկություններում, հասնելով 166 հազարի: Դրանից 100 հազարն աշխատում են պետական ձեռնարկություններում, որոնց թիվը կրճատվել է 8,8 տոկոսով: Մետալուրգիայի եւ մեքենաշինության ոլորտներում աշխատատեղերը նվազել են համապատասխանաբար 20 տոկոսով եւ 25 տոկոսով:
Հետաքրքրական են արտաքին առեւտրի ցուցանիշները: Ադրբեջանի առեւտրաշրջանառությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը, որից 7 մլրդ դոլարն արտահանումն է, 3 մլրդ դոլարը ներմուծումը: Թեեւ արտաքին առեւտրի տարբերությունը դրական է մոտ 4 մլրդ դոլարով, բայց արտահանման գերակշիռ մասըՙ 92 տոկոսը նավթն ու նավթամթերքներն են: Այսինքն, եթե բացառենք նավթի գործոնը, ապա Ադրբեջանից արտահանվող այլ ապրանքների գումարային արժեքը գտնվում է 550 մլն դոլարի սահմաններում: Չնայած մրգերի, բանջարեղենի, բուսական յուղի մեծաքանակ արտահանմանը, այդ ապրանքների բաժինը արտահանման մեջ կազմում է 1 տոկոս: Ներմուծման մեջ գերակշռում է մեքենաների եւ էլեկտրական սարքավորումների, պահեստամասերի բաժինը: Ավելացել է շաքարավազի եւ հացահատիկի ներմուծումը:
Ադրբեջանական արժույթիՙ մանաթի փոխարժեքի պահպանման համար այդ երկրի Կենտրոնական բանկը արտարժույթային խոշոր ներարկումներ է կատարում: Այս տարվա հունվար-հուլիսին այդ պատճառով երկրի արտարժույթային պաշարները նվազել են 22 տոկոսով կամ 1 մլրդ 350 մլն դոլարով, կազմելով 4 մլրդ 787 մլն դոլար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տնտեսական աճի տարեկան կանխատեսումներին, ապա միջազգային վարկանիշային Standard @ Poor,s կազմակերպության կարծիքով, 2009-ին կկազմի 4 տոկոս, իսկ 2010-ինՙ 5,3 տոկոս: Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը 2009-ի համար կանխատեսում էր 10 տոկոս տնտեսական աճ:
Միջազգային վարկանիշային կազմակերպության մասնագետները մատնանշում են Ադրբեջանի տնտեսության զարգացման շաղկապվածությունը վառելիքի միջազգային գներից, պայմանավորված այն փաստով, որ այդ երկրից արտահանման 92 տոկոսը նավթային արդյունաբերությանն է բաժին ընկնում: Համաշխարհային տնտեսության զարգացման դանդաղ տեմպերով եւ նավթի պահանջարկի անկմամբ էլ բացատրվում են Ադրբեջանի ՀՆԱ աճի անկման կանխատեսումները 2009-2010-ի համար (2008-ին տնտեսական աճը կազմել էր 10,8 տոկոս):
Standard @ Poor,s-ի գնահատականներով, Ադրբեջանի տնտեսությունը դեռեւս բնորոշվում է աշխարհաքաղաքական ռիսկերի հետ կապված անորոշությամբ, այդ երկրի քաղաքական, տնտեսական եւ օրենսդրական ինստիտուտների զարգացման անբավարար մակարդակով, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցածր ցուցանիշով եւ մեծ ստվերայնությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ