ԼՂՀ անկախության հռչակումից հետո անցել է 18 տարի: Ասել է թե` այդ ժամանակահատվածում մի ամբողջ սերունդ է ծնվել ու մեծացել, որի համար անկախ գոյատեւումն այլընտրանք չունի: Եվ դա պարզապես հայրենասիարական քարոզչության արդյունք չէ: Նոր սերնդին ինչպե՞ս կարող ես համոզել, օրինակ, որ հնարավոր է ապրել մեկ ուրիշ ազգի տիրապետության ներքո, անգամ եթե այդ սերունդը ադրբեջանական ծանր լծի մասին գիտի միայն ավագների պատմածներից կամ վավերագիր փաստաթղթերից:
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման խնդիրը նաեւ հոգեբանական այս հարթությունում պիտի տեսնել: Ի վերջո, անժխտելի է մի բան` ազատությանը համակերպված ժողովրդին կրկին բռնատիրությանը վերադարձնելը հավասարազոր է նրան մահվան դատապարտելուն: Գիտակցո՞ւմ են սա «մադրիդյան» կամ այլ քաղաքական սկզբունքներով առաջնորդվող միջնորդները. դա արդեն նրանց քաղաքական խղճի հարցն է:
Միջնորդները նաեւ շեշտում են` նախադեպերը չեն կարող հիմք դառնալ ղարաբաղյան կարգավորման համար: Գուցե դա իրոք այդպես է, որովհետեւ ամեն մի հակամարտություն իր պատմական արմատներն ունի եւ աշխարհաքաղաքական շահը: Բայց կա մի անհերքելի ճշմարտություն, տվյալ դեպքում` բազմաթիվ նախադեպերով ամրագրված, որ երբ հպատակման են ենթարկում ազատության համար մարտնչած ժողովրդին, ապա դա հանգեցնում է նոր, ավելի ծանր հետեւանքներով ազգամիջյան բախումների: Ղարաբաղի պարագայում էլ նույնը կարող է տեղի ունենալ, եւ ոչ մի խաղաղասիրական մոտեցում, եթե չի բխում հակամարտության կրավորական օբյեկտի իրական շահերից, չի կարող ցանկալի արդյունքի բերել:
Ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտով գործնականում հետաքրքրվողներին թերեւս հարկ է Ստեփանակերտում ներկա գտնվել ազգային տոնակատարություններին, որպեսզի համոզվեն համաժողովրդական պաթոսի մեջ` մանուկից տարեց, արվեստագետից մեդալափայլ զորական համաձույլ ընդգրկումներով:
ԼՂՀ այսօրվա անկախությունը ոչ թե գերտերությունների շնորհած նվեր է արցախցիներին, այլ դաժան գոյապայքարով ուղեկցված ընդվզման արդյունք: Իսկ դրա սլաքները հասցեագրված են վաղվան. ոչ ոք Ղարաբաղում սոսկ ապրվող ժամանակի մեջ չի գնահատում իր երկրի ապագան: Կա անցյալի, ներկայի ու ապագայի թելերով կապակցված մի ընդհանրական գիտակցություն եւ այդ գիտակցումն է, որ բոլորին ձուլված է պահում հայրենանվիրության գաղափարին:
1991-ի սեպտեմբերի 2-ին, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ հռչակեցին նորաստեղծ պետության անկախությունը, Արցախը նեղօղակ պաշարման մեջ էր: Մարզգործկոմի շենքի դիմացի հրապարակը, որն այն ժամանակ պրոլետարական առաջնորդ Լենինի անունն էր կրում, ափակոծ օվկիանոսի էր վերածվել, եւ հրապարակում հավաքված բազմահազար միտինգավորները խրախուսում ու պահանջում էին պատգամավորներից` չնահանջել «ազատության փշոտ ճանապարհից»: Անկախության հռչակագիրն ընդունվեց` հետայդու պատերազմական փորձությունների ենթարկելով արցախահայությանը: Այսօր, 18 տարի անց, նույն այդ սերունդը պատրաստակամ է ամեն պարագայում պաշտպանելու իր անկախությունը, որովհետեւ զգում է հետեւից եկող նոր սերնդի առողջ ու առնական շնչառությունը: Ուրեմն այդ ընթացքն անկասելի է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ