«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների տարածած մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի` փաստաթղթում առկա են դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր իրոք պատրաստ են հարաբերությունների բարելավմանը:
Նա փաստաթղթում մատնանշում է երկու կարեւոր տարրեր:
Առաջինն, ըստ քաղաքագետի, այն է, որ «կա հասկացություն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի իշխանություններում, որ բարելավման պրոցեսը պետք է անցնի հրապարակայնության եւ թափանցիկության էտապը»:
Մյուս կարեւոր քայլը, ըստ բանախոսի, վերաբերում է նրան, որ փաստաթղթում կան ժամկետներ:
«Ներքին քաղաքական քննարկումներին տրվում է վեց շաբաթ: Եթե նկատում եք, սահմանի բացման հետ կապված`«եթե հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրությունը ստորագրվի, երկու ամսից հետո պետք է սահմանը բացվի»: Սա շատ կարեւոր է, որ, իրոք, Հայաստանում շատ տեղին մտահոգություններ են հայտնում ե՛ւ քաղաքական ուժերը, ե՛ւ փորձագետները, որոնք ասում էին. «Մենք մեր քայլերն արեցինք ապրիլ ամսին, իսկ Թուրքիայից փոխադարձ քայլ չի արվել: Ստացվում է, որ Թուրքիան շահում է ժամանակը, ինչ-որ խաղեր է տալիս, մենք էլ մեր խաղաքարտերը թուլացնում ենք: Այս երեք փաստաթղթերի մեջ էլ ինչ-որ ֆիքսված ժամկետներ են առկա», ընդգծեց բանախոսը:
«Արձանագրության , որը կապված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ, գրեթե բոլոր պարբերությունները համընկնում են միջազգային փաստաթղթերում եղած ձեւակերպումների հետ: Այն է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է հենվենք միջազգային կանոնների վրա:
Միայն մեկ կետ կա, որի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել` երկկողմ փոխադարձ սահմանի ճանաչման կետն է: Դա էլ բավականին մոտ է միջազգային ձեւակերպումներին, այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, լավ է, որ Կարսի պայմանագրի հիշատակում այստեղ չկա, եւ դա դրական է, բայց հասկանում ենք, որ այս նախադասությունը մտցված է Թուրքիայի ցանկությամբ», նկատում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, Ս. Գրիգորյանը երեկ նշեց, որ իրեն գոհացնում է այն հանգամանքը, որ հայկական կողմը հասել է նրան, որ այնտեղ չի գրվել «պատմաբանների հանձնաժողով» արտահայտությունը:
«Պատմական հարթությունում եղած պրոբլեմների հետ կապված հանձնաժողով կձեւավորվի», ասաց նա ու հավելեց, որ պատմության հետ կապված այս կետը պետք է լինի փաստաթղթում, այլապես թուրքական խորհրդարանը այն չի վավերացնի:
Ս. Գրիգորյանը նշեց, որ արվել են լուրջ քայլեր, հետեւաբար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կարող է մեկնել Թուրքիա:
Ն. Մ.