«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2009-08-29 | #155, 2009-09-01 | #156, 2009-09-02


«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ»

Այսպես է արձագանքում թուրքական մամուլը Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Օգոստոսի 31-ինՙ Երեւանի ժամանակով 23.00-ին հրապարակվեց Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հաղորդագրությունը, որտեղ հրապարակվում են Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին» զույգ արձանագրություններըՙ իրագործման ժամանակացույցն ու տարրերը մատնանշող հավելվածով հանդերձ:

Հավելվածը, փաստորեն, այն «ճանապարհային քարտեզն» է, որի մասին արձանագրվել էր Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայիՙ ապրիլի 22-ի միաժամանակյա համատեղ հայտարարությամբ, առանց դրույթները պարզաբանելու: Մամուլի վերջին հաղորդագրությամբՙ հայկական եւ թուրքական կողմերը համաձայնել են ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսել վերոհիշյալ երկու արձանագրությունների շուրջը, իսկ արձանագրությունները «խելամիտ ժամկետում» սահմանել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Խորհրդակցություններն ավարտվելու են վեց շաբաթվա ընթացքում, որից հետո արձանագրություններն ստորագրվելու եւ ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Թե ի՞նչ արդյունքի կհանգեցնեն խորհրդակցությունները, ցույց կտա ժամանակը: Բայց որ դրանց անցկացման համար սահմանված 6-շաբաթյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, այսինքնՙ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումից երկու օր առաջ, փաստ է: Սա նշանակում է, որ օգոստոսի 31-ին Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա միաժամանակյա համատեղ հաղորդագրությունում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունների հրապարակումից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի BBC-ին տված հարցազրույցը պատահական չէր:

Առավել եւս չէր կարող պատահական լինել թղթակցին նրա պատասխանը. «Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ բանակցությունները, եւ ես գնում եմ Թուրքիաՙ ֆուտբոլային խաղը դիտելու: Կամ մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարեւորը: Եթե դուք հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում, ասեմՙ կարո՞ղ ենք մինչեւ հոկտեմբեր ինչ-որ արդյունքի հասնել, թե՞ ոչ: Մենք պայմանավորվածություններ ունենք: Ցավոք, առ այսօր այդ պարտավորվածությունները կատարելու մեծ ցանկություն կամ ձգտում առանձնապես չեմ նկատել»:

Այլ կերպ, Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրությունըՙ արձանագրություններով հանդերձ, թուրքական կողմի պարտավորվածությունները կատարելու այն «ձգտումն» են, որոնց բացակայության մասին հարցազրույցում ՀՀ նախագահը արտահայտվում էր: Այսինքնՙ ինչ-որ արդյունք պարտավորվածությունների կատարման առումով արդեն կա, ուստի եւ նա կարող է Թուրքիա գնալ: Համենայն դեպս, հենց այս կարծիքին է հանգել թուրքական մամուլըՙ լուսաբանելով համատեղ հաղորդագրությունը:

Թուրքական հանրային հեռուստատեսությունը հաղորդագրությանն անդրադարձել էր հրապարակումից 50 րոպե անց, որպես թեժ լուր, ներկայացնելով դա կայքէջում ԱՄՆ-ի պետքարտուղարության եւ Ֆրանսիայի նախագահի արձագանքներով:

Ինչ վերաբերում է թուրքական թերթերին, ապա դրանք էլ հաղորդագրությունը համարում են պատմական եւ շրջադարձային երկու երկրների համար: Ընդհանուր առմամբ, թերթերի մոտեցումը դրական է: Ի՞նչ առումովՙ այն, որ Թուրքիան նախապես Ադրբեջանին իրազեկել է համատեղ հաղորդագրության մասին, գործուղելով օգոստոսի 29-ին Բաքու արտգործնախարարության վարչության պետին եւ նրա օգնականին, որոնց այնտեղ ընդունել է նախագահ Իլհամ Ալիեւը:

Վերջինի հետ նույն օրը հեռախոսով զրուցել է վարչապետ Էրդողանը, իսկ օգոստոսի 31-ինՙ հաղորդագրության հրապարակումից առաջ արտգործնախարար Դավութօղլուն թուրքական NTV-ին հայտարարել է, որ անկախ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ արձանագրությունից, Անկարան հետամուտ է լինելու Ադրբեջանի շահերին, դեռեւս խնդրո առարկա չէ Թուրքիայի հայկական սահմանի բացումը:

Նրան լրացրել է արտգործնախարարության անանուն պատասխանատուն, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արագությունը կախված է լինելու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող զարգացումներից: Նշելով այդ մասին, «Զամանը» միաժամանակ ավելացնում է, որ համաձայնեցված արձանագրությունները նախատեսում են Երեւանում եւ Անկարայում փոխադարձաբար Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցչությունների բացումը, որոնք այնուհետեւ կբարձրացվեն դեսպանության մակարդակի, եւ միմյանց սահմանների ճանաչումը:

«Զամանին» լրացնում է «Հյուրիեթը», թե սահմանների ճանաչման դեպքում Հայաստանն ինքնաբերաբար ճանաչելու է Կարսի պայմանագիրն ու հրաժարվելու է պահանջատիրությունից: Թուրքական բոլոր թերթերի հետ երկրորդ արձանագրությանՙ «Պատմական փաստաթղթերի ու արխիվների գիտական ուսումնասիրությամբ» զբաղվող ենթահանձնաժողովի վրա ուշադրություն է հրավիրում «Զամանը», ապա եւ ընդգծում. «Ժամանակացույցի իրագործումը հստակեցնելու դեպքում ֆուտբոլային հանդիպման համար Հայաստանի նախագահը կգա Թուրքիա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4