Թերեւս ճշմարտությանը մոտ են Ռուսաստանի ԶԼՄ-ներում հնչող այն կարծիքները, թե երկրի ղեկավարությունը չունի ըմբռնված հստակ քաղաքականություն Հյուսիսային Կովկասի նկատմամբ, չկան երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր եւ այլն: Օր օրի ուժեղացող ահաբեկչական գործողություններն ու սպանությունները մասշտաբային նոր որակի են բարձրացնում փաստորեն ողջ տարածաշրջանն ընդգրկած կոնֆլիկտային մեխանիզմները: Շատ ավելի դյուրին է իրողությունը ներկայացնել որպես արտաքին ներգործության հետեւանք (միջազգային ահաբեկչություն, օտարերկրյա հետախուզություն, ապօրինի զինկազմավորումներ, վահաբիզմ եւ այլն) ու դրան հակազդելու պայքար:
Ինչ խոսք, խնդիրը շատ ավելի խորն է ու բազմաշերտ: Անտարակույս, առկա է օտար երկրների քայքայիչ միջամտությունը: Տարածաշրջանում կան էներգապաշարներ, դրանց փոխադրման ներռուսական ու միջազգային կոմունիկացիաներ, եւ դա չի կարող անտարբեր թողնել մեծ տերություններին` Հյուսիսային Կովկասը դարձնելով Ռուսաստանի իրավիճակի ապակայունացման իդեալական վայր: Կենսունակ է նաեւ «խալիֆաթ» ստեղծելու գաղափարը, ինչը հանգիստ չի տալիս միջազգային իսլամիստական ուժերին: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բազմիցս է հայտարարել, որ Ռուսաստանի դեմ գործում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրների հետախուզությունները: Իսկ Ինգուշիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը ավելի կոնկրետ է եւ նշում է երեք պետություն` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել:
Սակայն օրերս Ստավրոպոլում նույնիսկ նախագահ Մեդվեդեւը ստիպված էր խոստովանել, որ չնայած արտաքին գործոնների առկայությանը, իրադրության սրման պատճառը թաքնված է երկրի ներսում:
Սակայն հեշտ է ասել` «ներքին պատճառ»: Փակագծերը բացելուց հետո հառնում է անհուսալի մի պատկեր` համատարած գործազրկություն, ցածրագույն կենսամակարդակ, հրեշավոր կոռուպցիա, հասարակական կյանքի ու բարոյականության այլասերում, սեփականության հերթափոխվող վերաբաշխում, բնակչության վախ եւ հուսահատություն եւ այլն: Հյուսիսկովկասյան ճգնաժամի արմատները սերտորեն առնչվում են նաեւ տեղական, կրոնական, ազգային, հոգեբանական եւ նման այլ ավանդույթներին, որոնցով մուսուլմանական լեռնային այդ տարածաշրջանը էապես տարբերվում է Ռուսաստանի մյուս երկրամասերից ու հաճախ նաեւ հանգեցնում այն մտքին, թե այդ հակասությունները երբեք չեն վերանա: Նույնիսկ կասկածի տակ է առնվում Ռուսաստանի կազմում նրան պահելու նպատակահարմարությունը:
Մեր ժամանակներում մոդայիկ է դարձել հայտարարելը, թե Հայաստանում իշխանությունը կլանային է` խորթ մեր ազգային հոգեբանությանը: Գուցե այդպես է: Բայց համեմատել մեր նորաթուխ կլանայնությունը հյուսիսկովկասյանի հետ... Ինչպես նշում են մասնագետները, կլաններն այստեղ յուրօրինակ քաղաքական-տնտեսական, ժամանակակից լեզվով ասած, կորպորացիաներ են, որոնք կառուցված են էթնոազգային, տոհմական, ընտանեկան եւ այլ ավանդույթների հիման վրա: Եվ սա աշխարհագրական իմաստով ոչ մեծ տարածքի վրա, որտեղ բնակվում են տասնյակ ժողովուրդներ, ազգեր, ազգային խմբեր: Այդ կլանների զարգացման գլխավոր նախապայմանը տնտեսական շահերն են, իսկ ավելի պարզ ու կոնկրետ` իշխանությունը, դրա նվաճումն ու պահպանումը: Եվ շահերի ընդլայնման ճանապարհին այդ կլանները էթնիկականից դառնում են ինտերնացիոնալ, թեեւ դա չի բացառում առավել խոշոր ժողովուրդների` չեչենների, ավարների, դարգիների եւ մյուսների ներկլանային մրցակցությունը:
Ահա եւ, Հյուսիսային Կովկասի մշտափոփոխ ճգնաժամային իրավիճակի գլխավոր կոնֆլիկտային հիմքը, ինչպես ասվեց, իշխանությունն է, եւ դրա մեջ պետք է առաջին հերթին փնտրել լարվածության գալարագծի տատանումները: Տեղի հանրապետություններից յուրաքանչյուրում իշխանության գլուխ կանգնած կլանը ինքնաբերաբար հնարավորություն է ստանում սնվելու պաշտոնական ֆինանսական ու տնտեսական ռեսուրսներից` տեղական թե դաշնային (չմոռանանք, որ այդ բոլոր վարչական կազմավորումները դոտացիոն են): Միաժամանակ, իշխանությունը պահպանելու համար հիշյալ կլանը ընդդիմադիր կլանների դեմ նույնքան պաշտոնապես օգտագործում է ուժային կառույցներ:
Իշխանազուրկ կլանները եւս բնավ էլ հակված չեն կենարար կառույցը գրավելու ինչ-որ «դեմոկրատական» միջոցներով: Եվ հակամարտության այս շառավղում Հյուսիսային Կովկասում վերջին 15 տարում ձեւավորվել է մի խավ թե երեւույթ, որը կոչվել է «գորշ գոտի»` սոցիալական մի շերտ, որը ներառել է իսկական բանդիտական, քրեական զինված կազմավորումներ, պատվերներ կատարող «մահվան էսկադրոններ», պրոֆեսիոնալ ահաբեկիչներ, իսլամական արմատականների ջոկատներ եւ այլն: Եվ ընդդիմադիր կլանները ակտիվորեն օգտագործում են այդ ուժերը իշխանության դեմ: Վերջինս, դրանց դեմ պայքարելով «պաշտոնապես», կարող է անհրաժեշտության դեպքում ինքն էլ օգտվել այդ «գորշ գոտու» ծառայություններից: Հաճախ դժվար է լինում պարզել, թե ո՞վ ո՞ւմ դեմ է պայքարում: Տնտեսական (հարստացման) աճի համեմատ հակամարտությունը դառնում է առավել անողոք ու դաժան. կարող է դրվել նաեւ կլանի գոյատեւման հարցը:
Ինքնին հասկանալի է, որ ներհյուսիսկովկասյան իրադարձությունները չեն կարող զարգանալ առանց դաշնային իշխանությունների ու դրանք ներկայացնող բարձրաստիճան չինովնիկների վերահսկողության: Եվ դա` նույն Ռուսաստանը համակած ամենահաս կոռուպցիայի պայմաններում: Հսկայական չափերի հասնող դոտացիաները իրացվում են երկու կողմերի «փոխշահավետ համագործակցությամբ»: Ընդ որում, դաշնային կենտրոնում կարող են գործել «համագործակցության» տարբեր խմբավորումներ: Գուցե սա էլ է այն բանի պատճառներից մեկը, որ տարածաշրջանում Մոսկվան չունի ռազմավարական մոտեցումներ:
Ավելին, ամեն մի չհանգչող ճգնաժամային իրավիճակ, հատկապես սահմանամերձ վայրերում, պարարտ հող է ստեղծում ամենատարբեր մակարդակի արտաքին ուժերի ներթափանցման համար: Գլոբալ խաղացողների մասին արդեն խոսել ենք: Իսկ հիմա պատկերացնենք, օրինակ, հետեւյալը. կլանը կորցրել է իշխանությունը եւ հայտնվել իշխանությունը նվաճած նոր կլանի հարվածների տակ: Խեղդվողի պես նա փրփուրից էլ պիտի կառչի: Ահա եւ նա Մոսկվայից բացի դիմում է նաեւ արտաքին ուժերին: Իսկ վերջիններս հիմար չեն, որ միջամտեն միայն մի կողմի գործերին: Ի վերջո ստացվում է այնպես, որ Հյուսիսային Կովկասում կլանները աչքերը տնկելով փողառատ հոսանքներին` Մոսկվայից, ներսից թե դրսից, դաժան պայքար են մղում իրար դեմ, թքած ունենալով հասարակ մարդկանց վրա, որոնք կարող են կոչվել ժողովուրդ կամ ազգ:
Դեռ վերջերս դաշնային իշխանությունները շեշտը դրել էին ուժային լուծումների վրա, որոնք, սակայն, իրադրությունը սոսկ մեղմել են, բայց ոչ շտկել: Բառացիորեն մի քանի ամիս առաջ թվում էր, թե Չեչնիայում մնացել է ընդամենը... 40 գրոհային: Իսկ տեսեք ինչքա՜ն զոհեր տվեցին չեչենները վերջին ահաբեկչական գործողությունների հետեւանքով: Ինգուշների մասին էլ չենք խոսում:
Ակնհայտ է, որ Մեդվեդեւ-Պուտին երկյակի համար ամենաբարդը կադրային ընտրություններն են. ամեն մի «նորը» իր կաշառասիրությամբ բնավ էլ չի զիջում «հնին», եթե չի գերազանցում: «Դաստիարակության» համար ժամանակ չկա: Ասենք, ի՜նչ դաստիրարակության մասին է խոսքը, երբ քթիդ տակ գրեթե նույն վիճակն է:
Հյուսիսկովկասյան քաղաքական անկանոնությունները չեն կարող չազդել առհասարակ ողջ աշխարհաշրջանի իրադրության վրա: Կանադական Le Devoir-ը, վերլուծելով խնդրի աշխարհաքաղաքական կողմը, մասնավորապես հավանական է համարում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտությունը, նկատի ունենալով նաեւ Ղարաբաղի հարցը, հանգում է հետեւյալին. «Ակնհայտ է, որ Կովկասի հորիզոնում ուրվագծվում են ճակատային բախումներ»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա