Քան դա առաջարկում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը
Գործարար միջավայրի բարելավումը գործող կառավարության հայտարարած հիմնական նպատակներից է, եւ որոշակի քայլեր այս ուղղությամբ արվում են: Սակայն հանդիպում են դեպքեր, երբ տպավորություն է ստեղծվում, թե արվում է ամեն ինչ ավելի բարդացնելու եւ լրացուցիչ խնդիրներ ստեղծելու նպատակով: Նման մի փաստաթուղթ դրված էր կառավարության նախորդՙ օգոստոսի 27-ի նիստի օրակարգում, որը, բարեբախտաբար, չքննարկվեց:
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու մասին» երկար անվանմամբ օրենքի նախագծի 2-րդ գլխի 6-րդ հոդվածում նշվում է գինեգործական արտադրանքի օգտագործման սահմանափակումների մակնշման մասին: Այսինքն, ըստ այդ հոդվածի, բացի նրանից, ինչ սովորաբար գրված է լինում, ասենք, գինիների տեսակի, թնդության, այլ հատկությունների եւ օգտագործման խորհուրդների մասին, գյուղնախարարության «հանճարեղ» մտահղացմամբ պետք է ավելանային այդ արտադրանքի օգտագործման սահմանափակումների մասին մակնշումները:
Մասնավորապես, օրենքի այս նախագծով հայկական արտադրության եւ Հայաստան ներմուծված գինեգործական արտադրանքի պիտակներին պետք է նաեւ գրված լինի «Ալկոհոլի չարաշահումը վտանգում է առողջությանը», «Խորհուրդ չի տրվում օգտագործել անչափահասներին, հղի եւ կերակրող կանանց, մեքենաների հետ աշխատող օպերատորներին»: Այնուհետեւ, հայկական կոնյակի, բրենդիի եւ օղու պիտակներին պետք է նաեւ մակնշվի, որ «Հակացուցված է կենտրոնական նյարդային համակարգի, աղեստամոքսային տրակտի, երիկամների եւ լյարդի հիվանդություններ ունեցող անձանց», իսկ գինեգործական այլ արտադրանքի վրաՙ «Կենտրոնական նյարդային համակարգի, աղեստամոքսային տրակտի, երիկամների եւ լյարդի հիվանդություններ ունեցող անձանց խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի ցուցումով»:
Դժվար է անգամ հասկանալ, թե ինչ նպատակով են առաջարկվում վերոնշյալ մակնշումները զետեղել ոգելից խմիչքների եւ առավելապես տեղական արտադրության խմիչքների վրաՙ միայն վնասելո՞ւ համար մեր արտադրանքի մրցունակությանը ներքին եւ արտաքին շուկաներում, թե՞ դրա հետ միաժամանակ խոչընդոտելու հայտնի ապրանքանիշ համարվող խմիչքների ներմուծմանը Հայաստան:
Որ ալկոհոլի չարաշահումը վտանգավոր է, հայտնի է բոլորին, որ խորհուրդ չի տրվում անչափահասներին, հղի եւ կերակրող կանանց, մեքենաների հետ աշխատող օպերատորներին, նույնպես գաղտնիք չէ որեւէ մեկի եւ այդ թվում վերոնշյալ խմբերի մեջ մտնող անձանց համար: Սակայն նման մակնշում աշխարհի որւեէ երկրում արտադրվող ոչ մի տեսակի ոգելից խմիչքի վրա չկա: Ոգելից խմիչքի համար նման սահմափակումների մասին մակնշման առաջամարտիկ լինելը, մեղմ ասած, անմտություն է:
Առավել տարօրինակ է հիվանդությունների ցանկի մակնշման պահանջը հայկական խմիչքների համար: Պատկերացրեք` Հայաստանում կամ Հայաստանից դուրս գնորդը ցանկանում է կոնյակ գնել, վերցնում է հայկական կոնյակը, կարդում, թե այն վնասակար է եւ ինչ հիվանդությունների դեպքում է հակացուցված կամ խորհուրդ է տրվում միայն բժշկի թույլտվությամբ օգտագործել, ապա վերցնում է հունական կամ ղազախական կոնյակը, տեսնում է, որ դրանք չունեն հայկական կոնյակի վրայի մակնշումը, եւ ենթադրում, որ նման վտանգներ չեն պարունակում: Երեւի կարիք չկա ասելու, թե իր ընտրությունը նա հօգուտ որ կոնյակի կկատարի: Նույնը նաեւ հայկական գինու դեպքում, որն, ի տարբերություն մեր կոնյակի, արտաքին շուկայում դեռ ճանաչված չէ եւ չի էլ ճանաչվի, եթե այս սահմանափակումները օրենք դառնան: Թերեւս դժվար էր ավելի լավ հակագովազդ մտածել հայկական խմիչքների համար, քան դա առաջարկել է գյուղնախարարությունը: Սակայն հուսով ենք, որ այդ մակնշումների պահանջը չի հաստատվի ոչ կառավարությունում, ոչ էլ խորհրդարանում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ