Երեկ «Մամուլի ազգային ակումբում» ասուլիս էր հրավիրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը
Ամփոփելով ընդունելության արդյունքները` պարոն Սիմոնյանը նշեց, որ այս տարի համալսարան ընդունվել են ավելի շատ դիմորդներ, քան նախօրոք ծրագրված էր: «Ընդունվել են 2948 դիմորդ, մինչդեռ նախատեսել էինք 2466 հոգու ընդունել: Այս տարի աննախադեպ իրավիճակ ունենք բնագիտական` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետներում. չենք կարողացել լրացնել անվճար տեղերը: Նույնիսկ լրացուցիչ անվճար տեղեր են մնացել գերմանական եւ ֆրանսիական բանասիրության ֆակուլտետներում` սա այս բաժինների համար առաջին դեպքն է», նշեց բանախոսը: Գերմաներենի եւ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրության նվազումը ռեկտորը պայմանավորեց նախ մեր հասարակության կողմից անգլերենին ավելի տուրք տալով, նաեւ դպրոցներում նշված լեզուները հետին պլան մղելով: Պարոն Սիմոնյանը նշեց, որ գերմաներենի հարցում լուրջ խնդիրներ կան. «Այստեղ ավելի մեծ աջակցություն է պետք, նաեւ մասնագետների, հատկապես երիտասարդ մասնագետների կարիք շատ ենք զգում»:
Բնական գիտություների խնդիրը ռեկտորը առավել սուր համարեց. «Ես այս հարցով հանդիպել եմ այլ բուհերի ռեկտորների, նաեւ պետական պաշտոնյաների հետ: Կարծում եմ` կառավարությունը պետք է մշակի ծրագիր»: Բանախոսը շատ կարեւորեց այս գիտությունների դերը ժամանակակից աշխարհում:
Խոսելով համալսարանական այլ խնդիրներից` Սիմոնյանը նշեց, որ կան մտահոգվելու մի շարք առիթներ: Բանախոսը նշեց դրանցից երեքը. դասախոսական կազմը երիտասարդ կադրերով լրացնելու, կրթության որակի ապահովման, աշխատաշուկայի փոքր լինելու պատճառով շրջանավարտներին աշխատանքով ապահովելու խնդիր:
Վերջինիս առումով բանախոսը նշեց. «Այնուամենայնիվ պարտադիր չէ աշխատանքով ապահովելը. համալսարանի կրթությունը շատ ավելի կարեւոր է հասարակության դաստիարակության համար»:
Այս տարի շատ դիմորդներ ընդունելու ԵՊՀ որոշումը ռեկտորը պարզաբանեց, որ դա արվել է 2010-2011 թթ. պատրաստ լինելու համար, քանի որ, ըստ նրա, այդ տարիներին դպրոցը շրջանավարտ չի տալու, հետեւաբար բոլոր բուհերն էլ դիմորդի պակաս են զգալու, իսկ սա արդեն ֆինանսական վնասներ կբերի: «Բացի այդ, մենք ավելացումն արել ենք ոչ թե «թանկ» ֆակուլտետներում, այլ, օրինակ, հայ կամ ռուս բանասիրության բաժիններում, եւ սա ինձ ուրախացնում է», նշեց բանախոսը:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք վերոնշյալ տարիներին դիմորդների նվազումը կբերի ուսման վարձի բարձրացման, ռեկտորը պատասխանեց, որ թեեւ խոսք չի տալիս, բայց ամեն ինչ կանեն, որ չբարձրանա:
Շատ սոցիոլոգիական հարցումների, ըստ որոնց ԵՊՀ-ն առաջին տեղում է կոռուպցիայի առումով, պարոն Սիմոնյանը լուրջ չի վերաբերվում. «Դա տրամադրությունների հարց է: Մի տեղ էլ մենք վերջինն ենք: Բացի այդ, ինձ չի մտահոգում կոռուպցիայի չափը, ինձ առավել անհանգստացնում է, որ մենք հաշտվում ենք դրա հետ: Ընդհանրապես այս չարիքի դեմ պետք է պայքարել դեռ մանկուց, դա ժողովրդական հոգեբանություն է դարձել», նշեց մայր բուհի ռեկտորը, որը պետք է, որ նախաձեռնող լինի սերունդների դաստիարակության հարցում:
Կոռուպցիայի դեմ պայքարում Սիմոնյանը կարեւորեց իրենց` գնահատման նոր համակարգը, ինչպես նաեւ այն, որ իրենք շատ ավելի բաց են աշխատում:
Ռեկտորը հայտարարեց, որ ունեն թույլտվություն բացելու այսպես կոչված «զրո կուրս», որտեղ կարող են ընդունվել ամռանը քննություներ հանձնած, բայց դուրս մնացած դիմորդները, որոնք, սակայն, առաջին կուրս ընդունվելու համար պետք է նորից հանձնեն համապատասխան քննությունները:
Ռեկտորը, խոսելով ժամանակակից երիտասարդության մասին, նշեց, որ շատ դժգոհ է նրանց բազմապիսի ավտոմեքենաներից, հագուստի ընտրությունից: Նա խորհուրդ տվեց մեքենատերերին թեկուզ տաքսիով գալ դասի` համալսարանի բակը թանկարժեք մեքենաներով չլցնելու համար: Սիմոնյանն իր դժգոհությունը հայտնեց նաեւ այսպես կոչված «զապադլոյի» սկզբունքի վերաբերյալ, երբ ուսանողը կամ դասախոսը, իր վերադասին չմատնելու համար, ռեկտորատ չի դիմում:
Հարցին, թե հեռացնո՞ւմ են արդյոք «այլ քաղաքական կողմնորոշում» ունեցող ուսանողներին, բանախոսը պատասխանեց, որ համալսարանից հեռացվում են ամեն կիսամյակում շուրջ 150 ուսանողներ, բայց միայն խուլիգանության եւ անբավարար առաջադիմության համար, եւ ինքը, չնայած լինելով կուսակցական, չի հանդուրժում համալսարանում կուսակցական գործունեությունը: «Օլիգարխացված» իրավաբանական ֆակուլտետի մասին խոսելիս բանախոսը մեծ հպարտությամբ նշեց, որ ինքը բացակայությունների համար այնտեղից մարդ է հեռացրել, սակայն չշեշտեց, թե ում երեխան է եղել:
Պարոն Սիմոնյանը խոսեց նաեւ այս տարի իր 90-ամյակը նշող ԵՊՀ-ի կազմակերպելիք միջոցառումների մասին, որոնցից են ԵՊՀ միջազգային թանգարանի բացումը, մի շարք գրքերի շնորհանդեսը, որոնցից առավել կարեւորվեց «Անվանի համալսարանականներ»-ը: Հոկտեմբերի սկզբին սպասվում են շուրջ 60 արտասահմանյան հյուրեր, որոնց թվում` մի քանի ռեկտորներ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ