«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԱՀ

Ոգեւորվել պետք չէ, ոչ էլ տագնապել: Սառը, կշռադատ մոտեցումների պահն է: Պատմական պահ: 91 տարի հետո, փաստորեն, Թուրքիան պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ: 16 տարի հետո համաձայնում է վերաբացելու իր սահմանը մեր երկրի հետ եւ իր մասով, փաստորեն, վերացնելու շրջափակումը, նմանօրինակ քայլի կամ ինքնաշրջափակման մղելով Ադրբեջանին: Հայաստանը միանգամից ստանում է տնտեսական զարգացման լայն հնարավորություններՙ հաղորդակցական ուղիներից մինչեւ էներգակիրների տեղափոխման նոր հնարավորություններ ու բեռնափոխադրումներ, միաժամանակ մաս կազմելով տարածաշրջանային ու միջազգային մեծ ծրագրերի: Թեթեւանում է ռուսական ռազմական ներկայության բեռը, վերանում մեր կախվածությունը վրացական տնտեսական ու քաղաքական քմահաճույքներից, ստեղծվում են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու լայն հնարավորություններ: Օտարերկրյաՙ ոչ միայն թուրքական ներդրումների համար Հայաստանը դառնում է գրավիչ երկիրՙ զարգացման բոլորովին նոր հնարավորություններով: Եվ ամենակարեւորըՙ ռազմաստրատեգիական առումով դառնում է ավելի ապահով:

Սրանք այն գլխավոր առավելություններն են, որոնք Հայաստան-Թուրքիա համաձայնության դեպքում կարող են լինել մերը:

Սակայն համաձայնագիրն իր ներկա վիճակում պարունակում է նաեւ մեզ համար խիստ վտանգավոր, տարողունակ զիջումներ, ճակատագրական հետեւանքներով հղի:

Առաջին հերթինՙ մեր երկիրն ու ժողովուրդը բնավ փորձ չունեն անհամեմատ ավելի հզոր երկրի հետ հավասարը հավասարի բնականոն հարաբերություններ վարելու, հետեւաբար Թուրքիայի հետ դիվանագիտական, քաղաքական, առեւտրատնտեսական ու հոգեբանական տեսակետից մեր պետությունն ու ժողովուրդը դեռեւս պատրաստ չեն նման բեկումնային փոփոխությանը: Մեր տնտեսությունը լրիվ անպաշտպան է թուրքական եւ վերջինիս միջոցով այլ երկրների բիզնես ներխուժումներին: Մեր օրենսդրությունը, մեր մաքսային ու դատական համակարգերը անպատրաստ են պաշտպանելու սեփական արդյունաբերության, գյուղատնտեսության եւ առեւտրի շահերը, մանավանդ որ թուրքերը իրենց շատ լավ են զգում մերինի նման կոռուպցիոն միջավայրերում:

Հաջորդ խումբը վտանգների վերաբերում է ղարաբաղյան հարցին: Այո, համաձայնագրում ոչինչ չկա այդ մասին, բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը վերջինիս ձեռքերն ազատելու է տարատեսակ միջամտություններ կատարելուՙ թեկուզ... բարեկամաբար:

Բայց հոգեբանական եւ մինչեւ օրս վարված ազգային քաղաքականության տեսակետից ծանրագույն հարվածը հասնելու է Հայ դատին: Այս համաձայնագրով Թուրքիան, փաստորեն, ստիպում է մեր ժողովրդին հրաժարվելու մեր Մեծ երազի հետապնդումից եւ, առնվազն, խորը ճեղքեր բացում հայրենական եւ սփյուռքահայ մեր որոշ հատվածների միջեւ, ժողովրդի ու պետական իշխանությունների միջեւ:

Այսուհանդերձ, այս եւ բազմաթիվ հարցերի քննարկման, ծանրութեթեւ անելու, հետեւանքները մոտիկ թե հեռավոր ապագայի տամար կշռադատելու ժամանակ կա դեռ: Պայմանով, որ քննարկումները զերծ լինեն կուսակցական, թայֆայական, ներքաղաքական ու ներիշխանական այլեւայլ խարդավանքային-քարոզչական փորձերից:

Պատմական պահը տեղ չի թողնում նման շռայլության համար:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4