«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆ ԱՊՐԻԼԻՆ»

Նշելով այդ մասինՙ թուրք հեղինակը ուշագրավ մանրամասներ է հայտնում

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրությունն ու զույգ արձանագրություններն աննախադեպ աշխուժություն հաղորդեցին հայ-թուրքական հարաբերությունների քննարկումներին, որոնք առանց այդ էլ վերջին ամիսներինՙ կապված ՀՀ նախագահի Թուրքիա գնալ-չգնալու հետ, անընդհատ ծավալվում էին մեր հանրապետությունում: Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը, որն սկզբնավորվել է այս արձանագրություններով, բուռն քննարկումների տեղիք է տալիս նաեւ Թուրքիայումՙ սրելով իշխանություն-ընդդիմություն պայքարը: Այդ ընթացքում ի հայտ են գալիս հաղորդագրությանն ու արձանագրություններին առնչվող նոր մանրամասներ:

Մանրամասների առումով թերեւս հատկանշականը Մուրադ Եթքինի Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջում հրապարակված թուրքերեն հոդվածն է, որը կրում է «Հինգ ամսվա թեժ սակարկություն. արձանագրությունները Հայաստանի հետ իրականում ապրիլին էին նախաստորագրված» վերնագիրը: Նախքան Եթքինի գրածներին անդրադառնալը, նշենք, որ օգոստոսի 31-ին Երեւանի ժամանակով 23.00-ին հրապարակված Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա հաղորդագրությունը նախատեսվում էր հրապարակել ժամը 19.00-ին, սակայն Հայաստանի հետ ինչ-որ խնդիր է ծագում, եւ ուշանում է: Այդ մասին Դամասկոսից հայրենիք ուղեւորվելիս ինքնաթիռում «Հյուրիեթի» թղթակից Ֆաթիհ Չեքիրգեին անձամբ պատմել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թղթակիցը ուշացման մասին գրել էր «Հյուրիեթի» սեպտեմբերի 1-ի համարում. ըստ նրաՙ Հայաստանի հետ առաջացած խնդրի մասին, ամենայն հավանականությամբ հայկական կողմն առարկել է արձանագրությունների առանձին դրույթների բովանդակությանը, Դավութօղլուն իմանում է Դամասկոսի «Նոբլ Պալաս» ռեստորանում: Նա իսկույն ուղեւորվում է Թուրքիայի դեսպանատուն, որտեղ հեռախոսակապ է հաստատում է Շվեյցարիայի արտգործնախարարի հետ եւ լարված զրույց է ունենում: Հայկական կողմի առարկությունը հնարավոր է լինում հաղթահարել ժամը 22.00-ին միայն, Հայաստանն իր համաձայնությունն է տալիս, որից մեկ ժամ հետո հրապարակվում է համատեղ հայտարարությունը:

Ինչ վերաբերում է Եթքինին, ապա նա գրում է, որ Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա հաղորդագրությամբ օգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունները նախաստորագրված են եղել մինչ այդ, դեռեւս ապրիլի 22-ից առաջ, երբ համատեղ եռակողմ հայտարարությամբ նշվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին: Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Յըլմազ Աթեշի վկայությամբ, արձանագրությունների նախաստորագրումը կատարվել է ապրիլի 2-ին: Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի նախօրեին հրապարակված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությանը, ապա դա հրապարակվել է Թուրքիայի պնդմամբՙ հակառակ Հայաստանի առարկումներին:

Եթե արձանագրությունները պատրաստ էին դեռեւս ապրիլին, ապա կողմերը հինգ ամիս շարունակ ի՞նչն էին քննարկում: Այդ հարցին Դավութօղլուն, Եթքինի վկայությամբ, պատասխանել է Դամասկոսում, ակնարկելով արձանագրություններին կցված հաղորդագրության տեքստի մասին: Սա նշանակում է, որ կողմերը տեքստի յուրաքանչյուր բառի շուրջը վիճել են, հետեւաբար բանակցություններն անցել են լարված եւ բազմիցս կանգնել խզման շեմին: Բացի այս ամենից, Անկարան բանակցությունների ընթացքի մասին մշտապես իրազեկել է Բաքվին:

Ի դեպ, հաղորդագրության եւ արձանագրությունների տեքստում չկա «առանց նախապայմանի» արտահայտությունը: Գրելով այդ մասին, Եթքինը միաժամանակ ընդգծում է, որ Հայաստանն ամեն կերպ ձգտում էր տեքստում մտցնել «առանց նախապայմանի» արտահայտությունը, որպեսզի հնարավորություն ունենա ղարաբաղյան հակամարտության հարցը զերծ պահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ազդեցությունից:

Հեղինակի կարծիքով, հակամարտությունը գործընթացի մաս է, եւ Էրդողանի կառավարությունն առանց Ղարաբաղի հիմնահարցում առաջընթաց արձանագրելու հազիվ թե արձանագրությունները ներկայացնի Թուրքիայի ազգային մեծ ժողովի վավերացմանը: Համենայն դեպս, Դավութօղլուն այդ մասին նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարին, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներինՙ ասելով. «Որոշակի քայլ թեեւ կատարվել է, սակայն դա կիսատ կմնա, եթե չարագացվի Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կարգավորման համար դուք պետք է համոզեք Հայաստանին»:

Եթքինը միաժամանակ ուշադրություն է հրավիրում քաղաքական խորհրդակցությունների համար սահմանված 6-շաբաթյա ժամկետի վրաՙ նշելով, որ դա լրանում է հոկտեմբերի 13-ին, այսինքնՙ Կարսի պայմանագրի ստորագրման օրը: Նրա վկայությամբ, հայկական կողմը պահանջել է, որ այդ ժամկետն ավարտվի հոկտեմբերի 5-ին, նախքան Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որպեսզի արձանագրությունները որպես ճնշման միջոց օգտագործի Ադրբեջանի դեմ: Սակայն Անկարան զգացել է այս ամենը եւ որպես խորհրդակցությունների համար սահմանված ժամկետի ավարտ ընտրել է հոկտեմբերի 13-ը, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը գծված է հոկտեմբերի 13-ին ստորագրված 1921-ի Կարսի պայմանագրով, հետեւաբար օրը խորհրդանշական է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4