«Նովոստի միջազգային մամուլի կենտրոնը» երեկ կազմակերպել էր տեսաասուլիս, որին Մոսկվայից մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան, Պետդումայի պատգամավոր, Միջազգային ինտեգրացիայի ինստիտուտի նախագահ Մ. Ստարշինովը եւ ՀԱՊԿ ինստիտուտի գլխավոր տնօրեն Ա. Վորոբյովը:
Բորդյուժան, հիմնավորելով նոր ստեղծված ինստիտուտի կարեւորությունը, որի շտաբը լինելու է Մոսկվայում, նշեց, որ ժամանակակից աշխարհում առավել արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է ակտիվ գործունեություն ծավալել ինֆորմացիոն դաշտում եւ, որպես ինստիտուտի առաջիկա անելիքներ, ավելացրեց. «Դրանք երեքն են. հատկապես ԱՊՀ երկրներում իրավիճակի վերլուծություն, ինտեգրացիայի հարցերի ուսումնասիրում եւ կազմակերպչական միջոցառումների անցկացում` անվտանգության համար»:
Աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշված է մինչեւ տարվա վերջ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ստեղծել հատուկ բյուրոներ, որոնք պետք է զբաղվեն միմյանց ինֆորմացիա տալով, դրանց ուսումնասիրությամբ, վերլուծությամբ եւ այլն: Բորդյուժան շեշտեց նաեւ, որ գործունեության այս ոճը կնպաստի տարբեր, այդ թվումՙ հայկական ԶԼՄ-ների կողմից չստուգված եւ սուտ ինֆորմացիայի տարածման խոչընդոտմանը: «Բյուրոներից յուրաքանչյուրում կաշխատեն 2-3 մասնագետներ: Իհարկե, սա չի կարող համեմատվել ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների հետ, բայց, այնուամենայնիվ, քայլ է առաջ», ասաց Բորդյուժան:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով բանախոսները նշեցին, որ անթիվ հարցեր կան կուտակված, որոնց շուրջը իրենք պետք է համագործակցեն, եւ ՆԱՏՕ-ի եվրոպական մասի մեծամասնությունն ուզում է դա, սակայն իրենց բոլոր քայլերն այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարությունը մերժել է, իսկ ներկաները դեռեւս պատասխան քայլեր չեն անում:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում արդեն գործող ՀԱՊԿ բյուրոյի աշխատանքը, Բորդյուժան պատասխանեց, որ Հայաստանում շատ արդյունավետ են աշխատում, եւ իրենք միշտ աշխատել ու աշխատելու են այդ կառույցի հետ` աչքի տակ ունենալով նրա օրինակը այլ երկրներում նման բյուրոներ ստեղծելիս:
Հայ-թուրքական նախաստորագրված համաձայնագրի մասին բանախոսները միաձայն նշեցին, որ դա քայլ է առաջ ամբողջ Կովկասի համար եւ ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարներին: «Ադրբեջանն արդյո՞ք տանում է բանակցություններ միանալու ՀԱՊԿ-ին» հարցին Բորդյուժան հակիրճ պատասխանեց` ոչ:
Վրացի լրագրողի հարցին, թե կարո՞ղ են Աբխազիան եւ Հարավային Օսիան դառնալ կազմակերպության անդամներ, Բորդյուժան պատասխանեց. «Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախ պետություններ են, սակայն այդ պրոցեսը չի սկսվել դեռ»:
Բանախոսներն ավելացրին, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն ռազմատեխնիկական կազմակերպություն է, այլեւ գործունեության շատ ավելի մեծ ասպարեզներ ունի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ