Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հավաքի ժամանակ անդրադարձել է նաեւ ջավախահայության խնդիրներին: «Պետք է լուրջ քայլեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականությունը պետք է բխի «Ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Դա պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդում: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում տարածաշրջանային լեզու ճանաչելու, հայկական առաքելական եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանում հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի խորացմանը», մասնավորապես նշել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկու օր ուշացումով պաշտոնական Թբիլիսին արձագանքեց նախագահ Սարգսյանի հայտարարությանը: Վրաստանի փոխվարչապետ Թամուր Յակոբավշիլին ասել է. «Հայաստանը թող զբաղվի հայոց լեզվի տարածմամբ իր երկրում: Մենք շատ երջանիկ ենք, որ հայոց լեզուն Հայաստանի Հանրապետության միակ պաշտոնական լեզուն է: Վրաստանը դեմոկրատական պետություն է, եւ այստեղ պահպանվում են բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվումՙ հայերի»:
Վրացի փորձագետ Մամուկ Արեշիձեն էլ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը համարել է կասկածելի` հավելելով, որ «այստեղ ինչ-որ կուլուարային խաղեր կան»: «Եթե Սերժ Սարգսյանը այդ նույնը պահանջեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ այլ երկրներից, որտեղ մեծ թվով հայեր են ապրում, ամեն ինչ հասկանալի կլիներ: Դա տրամաբանական կուլուարային խաղ է, որին «մասնակից» են վրացի եւ ռուս որոշ քաղաքական գործիչներ», հայտարարել է Արեշիձեն: Փորձագետը հավելել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վրաստանում ապրող հայերին կոչ էր անում սովորել վրացերենը:
Առաջարկին սատարող նամակ է երեկ նախագահին ուղարկել Ռուսաստանի ջավախահայության միությունը: «Ձեր հնչեցրած հարցերի կողքին Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում կան մի շարք ոչ պակաս կարեւոր խնդիրներ: Մասնավորապես քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակման եւ հայ ակտիվիստների քաղաքական դրդապատճառներով շարունակաբար հետապնդման փորձերը», ասված է նամակում: Ջավախահայերը փաստել են, որ ողջ վիրահայությունը շահագրգռված է Վրաստանի քաղաքական կայունությամբ եւ բարգավաճմամբ, ինչպես նաեւ Վրաստանում ժողովրդավարության համակարգի զարգացմամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ