«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը «Հայացք» ակումբում ներկայացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցությունը անթույլատրելի ու անընդունելի է որակում թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային հանրության կողմից հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու արատավոր գործելաոճը, որը կրկնվեց 2009-ի օգոստոսի 31-ին` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված երկու արձանագրությունների ի հայտ գալուն պես:
«Ժառանգությունն» իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հիշյալ համաձայնությունները հանրությանը ներկայացվեցին ոչ թե ՀՀ իշխանությունների կողմից ու կամոք, այլ գաղտնի պահվեցին, մինչ միջազգային հանրությունը գործընթացը շարունակելու շահախնդրությամբ նպատակահարմար համարեց դրանցից մի մասի գաղտնազերծումը: «Ժառանգությունը» հայտարարում է, որ «նման գործելաոճը հարվածում է առաջին հերթին գործընթացի վստահելիությանը, այն դեպքում, երբ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը կուսակցությունը գնահատել էր պատմական ու ժամանակակից փակուղիները, բաժանարար հարցերը ժամանակին ու փոխշահավետ լուծելու նորաբաց հնարավորություն, որն արդեն մոտ է կորսվելուն»:
Կուսակցությունը պահանջում է մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը դրանց վերաբերյալ հանրության կարծիքը ամփոփելու նպատակով առաջիկա 6 շաբաթներին հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերըՙ զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով:
Հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» կբարձրացնի՞ նախագահին իմպիչմենտի ենթարկելու հարցը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ` հանրաքվեն այս դեպքում, իսկապես, պահանջված գործիք է, բնականաբար, քանի որ այսպիսի կարեւորագույն հարցի մասին է խոսքը, պետք է վստահության հարցերն ավտոմատ կերպով դրվեն, որովհետեւ բոլորիս համար էլ պարզ է, որ ՀՀ սահմանադրությամբ արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն կրում է ՀՀ նախագահը»:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ասում է, որ որքան էլ խոսվում է, թե հայ-թուրքական զարգացումները կապ չունեն ԼՂՀ կարգավորման հետ, այնուամենայնիվ, դրանք փոխկապակցված են: Ըստ Մարտիրոսյանի, հայ-թուրքական զարգացումներին զուգահեռ «հնարավորություն կա ԼՂՀ խնդիրն ակտիվացնելու»:
Մարտիրոսյանի համոզմամբ, տարածաշրջանում չի կարող լինել որեւէ իրադարձություն, որն իր անմիջական ազդեցությունը չունենա ԼՂ խնդրի կարգավորման վրա: Նույն տրամաբանությամբ էլ հիշյալ արձանագրությունները եւս ազդեցություն են ունենալու այդ գործընթացի վրա, ընդ որումՙ ոչ հայանպաստ:
Պատգամավորն այս համատեքստում հիշեցրեց, որ երկու օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի իր գործընկերների հետ եւ ասել, որ պետք է ակտիվացնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը:
«Ազերի եղբայրների շահերը կարծես փորձել են պաշտպանել: Եվ այս վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանի նման հանգիստ դիրքորոշումը եւս մեկ անգամ ապացուցում է դա: Այնպես որ ես կարծում եմ, որ որոշակի տեղաշարժեր կարող են լինել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակում», տեսակետ հայտնեց Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով` ի սկզբանե պարզ է, որ Հայաստանում չկա որեւէ տրամաբանող քաղաքական գործիչ կամ քաղաքացի, որը դեմ է հայ-թուրքական նորմալ հարաբերություններին կամ սահմանների բաց լինելուն: Սակայն խոսքը դրա մասին չէ, այլ որ արձանագրություններում կա 3 կետ, որոնք շատ մտահոգիչ են: Դրանք են սահմանների ճանաչելիության մասին դրույթը, որն, ըստ էության, վավերացնելու է Կարսի պայմանագիրը, պատմաբանների կառավարական ենթահանձնաժողովի ստեղծումը, քանի որ հասկանալի է, որ խոսքը վերաբերելու է Ցեղասպանության փաստի ուսումնասիրությանը եւ պետությունների տարածքային ամբողջականությանը, սահմանների անխախտելիության մասին դրույթըՙ տողատակում ղարաբաղյան հարցը:
Ն. Մ.