«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2009-09-02 | #157, 2009-09-03 | #158, 2009-09-04


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՍԻ ՄԱՍԻՆ

Երեկ խոսեց գյուղատնտեսության նախարարը

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է հերթական դրամաշնորհը գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով: Երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրին հավանություն տալու որոշում կայացրեց Հայաստանի կառավարությունը: Պայմանագրի մանրամասները լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա նախ հայտնեց, որ մինչ այժմ Ճապոնիայի կառավարության ավելի քան 2 մլրդ իեն դրամաշնորհներով Հայաստանը ձեռք է բերել 63 կոմբայն եւ 105 տրակտոր: Այդ գյուղտեխնիկան վարձավճարով տրամադրվել է ագրոսպասարկում իրականացնող կազմակերպություններին բոլոր մարզերում: Երեկ հաստատված պայմանագրով տրամադրված 170 մլն իեն (1,5 մլն դոլար) գումարով Հայաստանը կկարողանա ձեռք բերել եւս 5 կոմբայն եւ 30 տրակտոր: Ինչպես նշեց նախարարը, դրանց վարձակալության գումարներով դարձյալ կգնվի գյուղտեխնիկա:

Գերասիմ Ալավերդյանին հարցեր եղան Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի առնչությամբ, որոնց նա պատասխանեց, որ սատկած գոմեշի միս չի ներմուծվել եւ ներմուծվող միսը վերահսկում է նախարարության սննդի անվտանգության տեսչությունը: Սակայն անհասկանալի մնաց, եթե նման խնդիր չի եղել, ապա ինչո՞ւ էր հատուկ այդ նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն հրավիրել եւ մատնանշել, որ Հնդկաստանից ներմուծված մսի մեջ եղել են դեպքեր, երբ ներմուծվել է սատկած եւ սառեցված գոմեշի միս: Ի դեպ, Գերասիմ Ալավերդյանը երեկ ասաց նաեւ, որ վարչապետը նման հայտարարություն չի արել: Խորհուրդ կտայինք գյուղնախարարին լսել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ձայնագրությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4