«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2009-09-03 | #158, 2009-09-04 | #159, 2009-09-05


ԱՆԿԱՐԱՆ ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Ազգը» նախորդ համարում «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող արձանագրությունները պատրաստ էին ապրիլին» վերնագրով անդրադարձել էր արձանագրություններին առնչվող այն ուշագրավ մանրամասներին, որոնք հրապարակվել են «Հյուրիեթում» եւ Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքէջում: Երեկ «Սկանդալ Բաքվում» վերնագրով նոր մանրամասներ է հայտնել նաեւ «Միլիեթի» թղթակից Մելիհ Աշըքը: Ահա թե ինչ է գրում.

«2009-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում ելույթ է ունենում Թուրքիա-Հայաստան հարաբերություններով զբաղվող Դեյվիդ Ֆիլիպսը (հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնողն է): Ելույթից իմանում ենք, որ Շվեյցարիայում հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումները ծավալվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ: Այսինքն, բուն միջնորդը եղել է ոչ թե Շվեյցարիան, այլ ԱՄՆ-ը: Ֆիլիպսն ասում է, որ զույգ արձանագրությունները նախաստորագրվել են ապրիլի 2-ին:

Ապրիլի 7-ին Օբաման ժամանում է Անկարա... Այստեղ նրան խոստում են տալիս, որի մասին Ֆիլիպսն ասում է. «Ապրիլի 7-ին, երբ նախագահ Օբաման Ստամբուլում հանդիպում է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ (նկատի ունի երկու երկրների արտգործնախարարներին), նրան հավաստիացնում են, որ հայ-թուրքական համաձայնագիրը որեւէ նախապայման չի ներառում, եւ երաշխիքներով հաստատում են դա...»:

Մնացածի մասին արդեն պատմում է Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը: Նա մատնանշում է. «Ապրիլի 2-ին Շվեյցարիայում ստորագրում ենք այն համաձայնագիրը, որը Հայաստանի հետ սահմանի բացումն է նախատեսում, առանց նախապայմանի: Իսկ ապրիլի 7-ին Անկարայում Օբամային ասում ենք, որ նախապայման չէ նաեւ Ղարաբաղի ազատումը (հայկական ուժերից): Սակայն մայիսի 13-ին Բաքվում մեր վարչապետը հայտարարում է. «Քանի դեռ չի վերացել Ղարաբաղի օկուպացիան, սահմանը չի բացվի»: Ավելին, նա տալիս է ստորագրված համաձայնագրի եւ Օբամային տված խոստումի ոգուն միանգամայն հակասող երաշխիքներ, իսկ այդ երաշխիքները չեն կատարվում: Թուրքիան երբեւէ այս աստիճանի անվստահելի երկիր չէր ընկալվել եւ նրա արտաքին քաղաքականությունը արտերկրում այսքան չէր վարկաբեկվել»:

Ադրբեջանն առայժմ լռում է, որովհետեւ ադրբեջանցիներն էլ ԱՄՆ-ի ճնշման տակ են: Սակայն այս սկանդալը ո՛չ Ադրբեջանում, ո՛չ էլ Թուրքիայում լռությամբ անվերջ չես կոծկի: Սպասե՛ք, կտեսնեք»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4