«Ժառանգությունից» հայտնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել են այս կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը` հայ-թուրքական թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ, որի ընթացքում նաեւ կարծարծվեն Ղարաբաղի խնդրի զարգացումները: «Ժառանգության» առաջարկը պաշտպանել է նաեւ ՀՅԴ-ն` Արմեն Ռուստամյանի միջոցով: Հանձնաժողովում որոշել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում, երբ հայտնի դառնան կոալիցիոն կուսակցությունների դիրքորոշումները, դրական արձագանքի դեպքում կսկսեն նախապատրաստել լսումների կազմակերպումը:
«ԱրմԱրն» արդեն տեղեկատվական դաշտում է
Ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչության տարածման ծավալներն ու ինտենսիվությունը, փորձագետների գնահատմամբ, իրենց վտանգավորությամբ չեն զիջում ռազմական գործողություններին:
Այս մտահոգությամբ մի խումբ լրագրողներ ու վերլուծաբաններ, համատեղելով իրենց ներուժը, ձեռնամուխ են եղել նոր էլեկտրոնային օրաթերթի ստեղծմանը, որը կոչվում է «ԱրմԱր» (անվան մեջ օգտագործված են Արմենիա եւ Արցախ անվանումների առաջին վանկերը):
Երեկ վերոնշյալ էլեկտրոնային կայքի բացման ժամանակ «ԱրմԱրի» գլխավոր խմբագիր Արմինե Սիմոնյանը նշեց, որ լրատվամիջոցն անկախ է լինելու, պահպանելու է տեղեկատվական կապը Հայաստանի եւ Արցախի միջեւ: «ԱրմԱրը» համագործակցության առաջարկով դիմում է բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, վերլուծաբաններին, շահագրգիռ բոլոր կողմերին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ