Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 3-ին խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում նույն օրը Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակության հետ, որում ընդգրկված են եղել նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Հանդիպմանը, որն անցկացվել է խորհրդարանի նիստերի դահլիճում, ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ արտգործնախարարության պատասխանատու աշխատողներ: Լրագրողներ այդ հանդիպմանը չէին հրավիրվել:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է պատվիրակության անդամներին, հույս հայտնելով, որ ԼՂՀ խորհրդարանում Հայաստանի դիվանագիտական կորպուսի պատասխանատուների հետ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան բարի ավանդույթ: «Այս կարգի միջոցառումները, կարծում եմ, բացառիկ հնարավորություն են, որպեսզի մենքՙ արցախցի խորհրդարանականներս, անմիջականորեն այստեղ հայտնենք ձեզ մեր որոշ պատկերացումներըՙ կապված ղարաբաղյան կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա այն բոլոր հարցադրումների հետ, որոնք, բնականաբար, հուզում են նաեւ արցախահայությանը»,¬ ասել խորհրդարանի խոսնակը:
Իր հերթին խորհրդարանականներին ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, նշելով, որ իրենք Արցախում են գտնվում տարեկան հավաքի շրջանակներում:
ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Միքայել Հաջյանի փոխանցմամբ` հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք առանցքային հարցերի շուրջըՙ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առկա վիճակի, խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման, արտաքին քաղաքական ասպարեզում տարվող աշխատանքների համակարգման եւ այլ խնդիրների հետ, հնչել են մի շարք գործնական առաջարկություններ:
Աշոտ Ղուլյանը եւ Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան ներկաների հարցերի` հանդես են եկել համապատասխան պարզաբանումներով:
Մեր տվյալներով, պատվիրակության անդամներին նույն օրվա երեկոյան ընդունել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ