«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2009-09-03 | #158, 2009-09-04 | #159, 2009-09-05


Armenia expo 2009 ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Armenia expo 2009 իններորդ ունիվերսալ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական եռօրյա ցուցահանդեսը երեկ բացվեց Երեւանի մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսը կազմակերպել են «Լոգոս էքսպո կենտրոնը» եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ):

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա կարեւորեց այս ավանդական դարձած միջոցառումը` նկատի ունենալով, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծել է լուրջ խնդիրներ հայ գործարարների համար եւ որոնք պետք է միասին հաղթահարել: Վարչապետը մատնանշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են 9 երկրների 150 ընկերություններ, եւ նշեց, որ բիզնես միջավայրի ձեւավորման առումով նման ձեռնարկումներն էական նշանակություն ունեն:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ երբ սկսեցին կազմակերպել ցուցահանդեսը, կասկածներ ունեին, թե ճգնաժամի պատճառով հնարավոր կլինե՞ր կազմակերպել եւ տեղավորել մարզահամերգային համալիրում: «Սակայն այսօրվա ցուցահանդեսը վկայում է, որ մենք հաղթահարելու ենք տնտեսական ճգնաժամը», ասաց ՀԱԳՄ նախագահը:

Բացի Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, երեկ ներկայացված էին ընկերություններ նաեւ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Վրաստանից, Չինաստանից: Ցուցահանդեսը բաղկացած էր 7 հիմնական բաժիններիցՙ արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ, սննդամթերք եւ խմիչքներ, համակարգչային տեխնիկա, տպագրություն, կահույք: Եթե սննդամթերքի եւ խմիչքի բաժինը գրեթե ամբողջությամբ զբաղեցված էր տեղական արտադրության ապրանքներով, ապա մնացած բաժիններում, ցավոք, գերակշռում էր ներմուծվող արտադրանքը: Այդուհանդերձ, ներկայացված ընկերությունների մեծ քանակն իսկապես մոռացության էր տալիս, որ ցուցահանդեսը կազմակերպվել է ճգնաժամային ժամանակաշրջանում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4