Ըստ Գալուստ Սահակյանի
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, որի հանդիպումները լրագրողների հետ միշտ նկատելի են, քանի որ որեւէ հիշարժան բան նա ասում է, երեկ էլ «Փաստարկ» ակումբում հուսախաբ չարեց. ՀԱԿ-ի եւ իշխանության համագործակցության մասին խոսելիս նա նկատեց, թե որեւէ երիտասարդ հանրապետականի թույլ չի տա հայհոյել երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. սա ասվեց ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանի առիթով, որը քննադատել էր ՀԱԿ-ի` համարյա թե դրական հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Գ. Սահակյանի կարծիքովՙ Լ. Սարգսյանի համար հենց Տեր-Պետրոսյանն է ճանապարհ բացել, իսկ նման կարգի քաղաքական գործիչներից եւ ուժերից (մոլախոտի նման) պետք է ազատվել. «Իբրեւ թե քաղաքական գործիչ մի կին երեկ հեռուստացույցով փորձում էր հակադրվել Լ. Տեր-Պետրոսյանինՙ դրանով բարձրացնելով իր ռեյտինգը: Երբեք թույլ չեմ տա, որ մի երիտասարդ հանրապետական անպատվի Լ. Տեր-Պետրոսյանին, որովհետեւ առաջին նախագահն է... նույնիսկ ես մինչեւ վերջ էդ իրավունքը չունեմ...», ասել է նա: Իսկ Արցախի հարցում ՀԱԿ-ի հետ գործակցել չեն կարող, քանի որ նրանց համար Ադրբեջանի կազմում ինքնավարության տարբերակն ընդունելի է, մինչդեռ ՀՀԿ-ն անկախ Ղարաբաղի կողմնակից է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապվածՙ ընդհանուր մոտեցումներ կան, կարելի է նստել-խոսել մի սեղանի շուրջը: Հայ-թուրքական արձանագրություններն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, հայանպաստ են, այնտեղ նախապայմաններ չկան: Թեեւ, նրա համար միանշանակ չէ, որ այդ արձանագրությունները կստորագրվեն, հայ-թուրքական հարաբերություններն էլ կկարգավորվեն: Բայց որ սառույցը կոտրվել է եւ գործընթացն առաջ է գնում (դա էլ աշխարհի պահանջն է)` փաստ է: Խորհրդարանն էլ, նրա կարծիքով, հենց կվավերացնի արձանագրությունները, քանի որ դրանք հայանպաստ են, եւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու սահմանը բացելու արդյունքում տնտեսապես Հայաստանը կշահի, կնորոգվեն մեր մշակութային հուշարձանները Թուրքիայում: Ժողովրդի մտքով էլ չպետք է անցնի երկրի նախագահի հրաժարականը պահանջել, քանի որ երկրով այնպիսի քամիների տակ կընկնենք այդ դեպքում, իսկ նախագահ Սարգսյանն այն կենսագրությունը չունի եւ այն մարդը չէ, որ զիջումների գնա: «Ժառանգության»` հանրաքվեի պահանջի կարիքը Գ. Սահակյանը չի տեսնում, քանի որ քննարկելու բան չկա, եւ բացի այդ, հանրաքվե է պահանջում մի ուժ, որ 1000 քարոզիչ էլ չունի. «Հազար մարդով կարո՞ղ եք միտինգ անել, որ ձեր ասածը ամրապնդեք... արդեն հասարակությանն էլ պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես պետական քաղաքական գործիչ իր առանձնությունն ունի ու գնալով ավելի է հեռանում «Ժառանգությունից»: Ինչ-որ մարդիկ են հավաքվել եւ հանկարծ նոր-նոր հասկացել են, որ ինչ-որ ժամանակ պատերազմ է եղել, ղարաբաղյան խնդիր է եղել, եւ ինչքան լավ է` Ազգային ժողովում ճեմելով սկսենք խոսել, որ նախագիծ ներկայացրինք, թե Ղարաբաղի անկախությունը ճանաչենք, բայց հանրապետականները չցանկացան», «Ժառանգությանը» կոշտ հղումներ արեց Գ. Սահակյանը: ՀՅԴ-ին էլ նա խորհուրդ տվեց մոռանալ «մահ կամ ազատությունը»` Հայաստանն անկախ պետություն է, որին պետք է հանգիստ թողնեն, թող ուրիշները մահանան: Երեկ Գ. Սահակյանը հիշեցրեց նաեւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների զարգացման եվրոպական ծագումը. «Առանց նախապայմանների փոխհարաբերությունների պայմանը մեզանից չի գալիս, այլ` եվրոբանաձեւերից, հիմնականում Եվրոմիության` որ փակ սահմաններ չպետք է լինեն: Մենք ասում ենք, որ ընդունում ենք այս բանաձեւը, որ փակ սահմաններ չլինեն», ասաց նա` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կայունություն կապահովի տարածաշրջանում:
Մ. Խ.