«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2009-09-03 | #158, 2009-09-04 | #159, 2009-09-05


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ՕԵԿ-Ի

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության:

ԻԱԿ-ի հայցը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ հայցի հիմքն է այն, որ ՕԵԿ-ը իր ներկայացրած կազմակերպությանը չի ներկայացրել 2008թ. իրենց ֆինանսական հաշվետվությունը եւ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից անցնող նվիրատվությունների աղբյուրները: Դատական նիստում, սակայն, ընդունելով պատասխանող կողմի փաստարկը, որ ՕԵԿ-ը սահմանված 5 օր ժամկետում ներկայացրել է իր ֆինանսական հաշվետվությունը պետռեգիստրին, պարոն Մեժլումյանը հրաժարվեց հայցի առաջին մասից:

Պատասխանող կողմը ներկայացնում էր ՕԵԿ-ի իրավաբան Արմեն Ավագյանը: Նա, պատասխանելով հայցին, ասաց, որ իր ներկայացրած կուսակցությունը օրենքով նախատեսված կերպով ներկայացրել է հաշվետվությունը ե՛ւ ԻԱՀ-ին, ե՛ւ պետռեգիստր, ու իրենց մեղքը չէ, որ հայցվոր կողմը նոր է տեղեկանում այդ մասին: Իսկ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից անցնող նվիրատվությունների մասին Ավագյանն ասաց, որ ըստ արդարադատության նախարարի հրամանի, եթե այդ նվիրատվությունների աղբյուրները չկան, ապա դրանց մասին չի նշվում: «Մեր կազմած հաշվետվությունը համապատասխանում է օրենքի տառին: Մենք չենք ունեցել նման նվիրատվություններ եւ բնականաբար չենք նշել այդ մասին», շեշտեց պարոն Ավագյանը:

Հայցվոր կողմը, սակայն, առարկեց նրան, միջնորդելով դատարանին` պահանջելու պետռեգիստրից նշված ֆինանսական փաստաթղթերը, քանի որ ինքը համոզված չէ դրանց ճշգրտության հարցում: Մասնավորապես, պարոն Մեժլումյանը, մեջբերելով արդարադատության նախարարի հրամանից մի քանի կետեր, ըստ որոնց հաշվետվության առաջին էջում պետք է նշված լինի փաստաթղթի ելքի ամսաթիվն ու նաեւ այն ստորագրված պետք է լինի կուսակցության իրավասու անձի կողմից, հարցով դիմեց պատասխանող կողմին, թե որտե՞ղ է վերոհիշյալ ամսաթիվը եւ ո՞վ է ստորագրել: Պատասխանող կողմը ամսաթվի վերաբերյալ պատասխան չուներ, իսկ ստորագրության հետ կապված ասաց. «Միգուցե գլխավոր քարտուղարը»:

Ելնելով այս ամենից` դատարանը որոշեց բավարարել հայցվոր կողմի պահանջը եւ պետռեգիստրից պահանջել նշված փաստաթուղթը` ուսումնասիրելու համար: Դատական նիստը համարվեց փակված, իսկ հաջորդ նիստի օրվա մասին կհայտարարվի լրացուցիչ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4