Ստոկհոլմում ԵՄ-ի երկրներին առաջարկել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն
Սեպտեմբերի 4-6-ը Ստոկհոլմում հրավիրվեց Եվրոմիության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Ահմեդ Դավութօղլուն: Նա Անկարա վերադառնալիս ինքնաթիռում որոշակի պարզաբանումներ է արել «Սաբահ» թերթի թղթակից Էրդալ Շաֆաքին, իսկ թղթակիցը Դավութօղլուի պարզաբանումները շարադրել է սեպտեմբերի 7-ի համարում:
Ի դեպ, նույն հարցին անդրադարձել է նաեւ «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակը, դիմելով Բրյուսելում ԵՄ-ի ցամաքային բեռնափոխադրումների միության նախագահ Միշել Նիլսենի կարծիքին: Վերջինը նախ ընդգծել է «Նոր եվրասիական ցամաքային տրանսպորտային» նախաձեռնության` NELTI-ի կարեւորությունը Եվրոպա-Կովկաս հաղորդակցության համար, ապա նշել է, որ Թուրքիան այդ նախաձեռնության մեջ ունի կարեւոր դերակատարում:
Ինչ վերաբերում է հանդիպման մասին Դավութօղլուի պարզաբանումներին, նախապես ասենք, որ Թուրքիայի արտգործնախարարը նախ ԵՄ-ի երկրների արտգործնախարարներին իրազեկել է Հայաստանի հետ նախաստորագրված զույգ արձանագրությունների մասին, ապա հանդիպմանը հանդես եկել երկու առաջարկներով:
Ահա թե դրանց առնչությամբ Դավութօղլուն ինչ է պատմել «Սաբահի» թղթակցին.
«Առաջարկներից առաջինը կապված է Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գագաթաժողովի հետ, որը մենք շուտով կկազմակերպենք: Առաջարկեցի ԵՄ-ին մասնակցել այս նախաձեռնությանը, որ դա դարձնենք համաեվրոպական պլատֆորմ: Երկրորդն ավելի կարեւոր է: Առաջարկեցի ձեռնամուխ լինել Կովկաս-Եվրոպա ցամաքային այնպիսի ճանապարհի շինարարությանը, որը կսկսվի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի, Լաչինի միջանցքի, Հայաստանի, Նախիջեւանի եւ Թուրքիայի տարածքով կձգվի մինչեւ Թրակիա, որտեղից էլ` Եվրոպա: Այսպիսով, կստեղծենք Եվրոպայի հետ Կովկասի հաղորդակցությունն ապահովող ճանապարհների ցանց»:
Դավութօղլուն, ըստ Շաֆաքի, հանդիպման մասնակից արտգործնախարարներին առաջարկել է, որ այդ նախագիծը կոչվի «հաշտության ճանապարհ»: Հիշեցնենք, որ արձանագրությունների հրապարակման օրը նույն Դավութօղլուն հայտարարել էր, թե դրանցում չի նախատեսվում թուրք-հայկական սահմանի բացումը: Իսկ հաջորդ օրը, հերքելով ինքն իրեն, նոր հայտարարություն էր արել մինչեւ Նոր տարի սահմանի բացման մասին: Իսկ Ստոկհոլմում արդեն ԵՄ-ի երկրներին դիմում է առաջարկով, ապահովելու համար տարածաշրջանային այս նախագծում Հայաստանի ներգրավվածությունը:
Չի բացառվում, որ Հայաստանը ներգրավվի նաեւ ՆԱԲՈՒԿԿՕ նախագծում: Համենայն դեպս, սեպտեմբերի 5-ին թուրքական մասնավոր «24 ժամ» հեռուստաընկերությունը «Լուրեր» ծրագրում մատնանշեց այդ նախագծում Վրաստանին Հայաստամով փոխարինելու ԵՄ-ի մտադրության մասին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ