ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Ինչքան էլ փորձենք չհավատալ դավադրական տեսություններին, Թուրքիայում կատարվող ամենօրյա բացահայտումները գալիս են, այնուամենայնիվ, ապացուցելու, որ դրանք իրականանալի տեսություններ են:
Տարիներ շարունակ ականատես լինելով կրոնական գործիչների, քուրդ ակտիվիստների, ազատական լրագրողների եւ գրողների սպանություններին եւ դրանց կատարողների անպատիժ մնալուն, վստահորեն կարելի է ասել, որ այդ ոճրագործությունները պատահական գործողություններ չէին, որ մարդասպանների անհայտ մնալը կամ նրանց նկատմամբ թեթեւ դատավճիռներ սահմանելը նշանակում էր, որ հատուկ պետական ծրագիր գոյություն ուներ, որի բացահայտումը հնարավոր չէր առանց կառավարության գիտակցության եւ օժանդակության: Դրանք պարզապես սառցալեռան փոքր, երեւացող մասերն էին: Ամբողջը ի հայտ պիտի գար մի օր:
Երբ Մեհմեդ Ալի Աղջան մահափորձ կատարեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ, նա արդեն իր ձեռքերի վրա զգում էր ազատական լրագրող Աբդի Իփեքչիի արյունը: Դրան հետեւեցին երեք կաթոլիկ քահանաների եւ այնուհետեւ լրագրող Հրանտ Դինքի սպանությունները: Ցուցակի անուններն ավելանում էին, մինչ կառավարությունը հրաժարվում էր ընդունել դրանց կազմակերպումը, մինչեւ Սուսուրլուքի սկանդալը մասամբ քողազերծեց ամեն ինչ, եւ պարզ դարձավ, որ այդ ամենը «հովանավորում» էր պետությունը:
Օսմանյան կայսրության օրերից թուրքական կառավարության համակարգում միշտ էլ գործել է պետության մեջ պետություն ունենալու կարգը, որը սպանությունների միջոցով իրականացնում է այնպիսի գաղտնի նպատակներ, որոնք պաշտոնական կառավարությունը չի կարող իրականացնել իր արդարադատության համակարգի միջոցով: Նման համակարգ ունենալու արդյունավետությունն այն է, որ կարելի է «հնազանդեցնել», ընտելացնել կամ ամբողջովին վերացնել թուրքական հասարակությունից բոլոր օտար տարրերին եւ փոխելով ժողովրդագրական դեմքըՙ պնդել, որ երկիրը պատկանում է միայն թուրքերին:
Օսմանյան շրջանում համիդիեներն էին գործումՙ սուլթանի հատուկ ուժերը, բնաջնջելու համար փոքրամասնություններին: Երիտթուրքերն ունեին իրենց սեփական «Թեշքիլեթ-էլ-Մախսուսա»ՙ հատուկ կազմակերպությունները, որոնք գործադրեցին Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի ներկա կառավարությունը, որը ցանկանում է անդամակցել Եվրոմիությանը, վերջերս սկսեց «գործերը կարգի դնել» եւ պարզեց, որ ինքն էլ ունի «խորքային մի պետություն», որը գործում է «Էրգենեքոն կազմակերպություն» անվան տակ: Բազմաթիվ նախարարներ, ներքին անվտանգության ուժեր եւ բանակի բարձրաստիճան գնդապետներ մաս են կազմում մի հսկայական կազմակերպության, որը ծրագրում եւ իրականացնում է անօրինական գործողություններՙ վայելելով պետության հովանավորությունը:
Կազմակերպության շատ անդամներ ձերբակալվել են եւ դատարան կանչվել ի դժգոհություն բարձրաստիճան զինվորականների, որոնք, ըստ երեւույթին, գաղտնի համագործակցում էին նրանց հետ:
Պետք է Օրհան Փամուքի «Ձյունը» վեպը կարդալՙ հասկանալու համար այն ճնշող մթնոլորտը, որ իրարահաջորդ զինվորական խունտաները փաթաթել են թուրք ժողովրդի վզինՙ նվազեցնելով մարդկային կյանքերը պատահական սպանությունների վիճակագրությամբ:
Ներկայումս, Էրդողանի կառավարությունը «տունը կարգի բերելու» գործով է զբաղվածՙ հույս ունենալով երկիրը բավականաչափ ժողովրդավարական դարձնել, որպեսզի ի վիճակի լինի անդամակցելու Եվրոմիությանը: Խոսակցություն կա նույնիսկ կարգավորելու քրդական հարցը, մինչդեռ մինչեւ վերջերս Թուրքիան պնդում էր, թե քրդական հարց գոյություն չունի, քանի որ քրդեր չկան երկրում, կան միայն «լեռնային թուրքեր»:
Օրական կատարվող ձերբակալություններն ու հարցաքննությունները ցույց են տալիս, թե ինչքան ընդարձակ է «Էրգենեքոնի» ցանցը: Մանր փաստերն իրար միացնելովՙ բացահայտվում են մի շարք սպանություններ, այդ թվում նաեւ հայերի դեմ դավադրությունները:
Այդ դավադրություններից մեկը նպատակ ուներ սպանելու պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, որի կյանքին բազմիցս սպառնացել էին: Անվտանգության ծառայությունները խորհուրդ էին տվել նրան օգտագործել զրահապատ մեքենա: Հեռախոսային եւ էլփոստով ստացված սպառնալիքները կրում էին ամենօրյա բնույթ: Ռումբեր էին նետվել նրա Քումթապուի կենտրոնատեղիում, եւ նրա համար թիկնապահներ էին նշանակել: Նա պաշարման մեջ էր հայտնվել:
Պատրիարքն, իր հերթին, փորձել էր, որքան հնարավոր է, հաճոյանալ թուրքերին եւ ցույց տալ, որ յուրային է: Նա եվրոպական մայրաքաղաքներ այցելեց Թուրքիայի անունից հավաստիացնելու, որ Թուրքիայում իրոք կրոնական ազատություն գոյություն ունի, այն դեպքում, երբ իրականում հայերն ու մյուս փոքրամասնությունները մինչեւ հիմա էլ ապրում են խստագույն ճնշումների ներքո: Նա նույնիսկ սահմանն անցնելով ներկա եղավ ժխտողականների սեմինարին, որտեղ ցեղասպանության փաստն էր հերքվում: Հրապարակայնորեն վիրավորեց Հայկական եկեղեցու գերագույն հոգեւոր առաջնորդ Գարեգին Ա կաթողիկոսին եւ դատական հայց հարուցեց ՀԲԸՄ-ի դեմ: Կարճ ասած, նա ամեն միջոցի դիմեցՙ դուր գալու համար ինչպես թուրքական իշխանություններին, այնպես էլ հասարակությանը, երբեմն ի վնաս հայկական շահերի: Բայց ամեն անգամ, որ Անկարա էր այցելում հայկական կալվածների բռնագրավումներին վերջ դնելու կամ որեւէ հարց քննարկելու առիթով, նա ստանում էր խուսափողական պատասխանՙ առանց կոնկրետ ու շոշափելի արդյունքի:
«Էրգենեքոնի» հետաքննությունները ապացուցեցին, որ նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Նրան սպանելու իրական ծրագիր կար: Հրապարակվեց հոդված մանրամասն մշակված մի դավադրության մասին, համաձայն որի 12 մարդասպանների էր հանձնարարված ի կատար ածել պատրիարքի սպանությունը: Նրան հետեւում էին, նրա ամեն մի շարժումը հսկողության տակ էր, որպեսզի որոշյալ թվականին կատարվեր առաջադրանքը: Վարձկանների մի խումբը, մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով, կրակ էր բացելու օդում, մինչ մյուս խումբըՙ օգտվելով խառնաշփոթից, նրա վրա էր նշան բռնելու:
Թուրք լրագրող Էրկամ Թուֆանը առավել բացահայտիչ մանրամասներ է զետեղել «Հաբեր-7» վերնագրի ներքո իր օնլայն սյունակում: Նա գրում է. «Մութաֆյան պատրիարքը հոգեւոր առաջնորդ լինելու իր կարողությունից բացի նաեւ լուրջ մտավորական է, որը գտնում է, որ հայերն ու թուրքերը պետք է խաղաղ ապրեն միմյանց հետ: Եթե հարկ լինի, նա պատրաստ է նույնիսկ այդ հարցում դեմ գնալ սփյուռքահայությանը: Նա պատկանում է այս հողին, այս երկրին: Նա նույնիսկ ակտիվ դերեր է ստանձնել Թուրքիային ի նպաստ նկարահանված վավերագրական ֆիլմերում: Իրոք, «Էրգենեքոնին» «վայել» արարք է ոչնչացնել նրա նման արժեքավոր անձնավորությանը:
Դատախազությունը մի երրորդ գործ էլ է հարուցել «Էրգենեքոնի» դեմ, որտեղ պատրիարքը ներկայացված է որպես զոհ: Բայց կասկածելի է, որ նա կարողանա վկայություն տալ: Երկու տարի առաջ նա հանկարծ հիվանդացավ: Մի մարդ, որը ժայռի նման էր, միանգամից փլուզվեց եւ դադարեց կատարել իր առօրյա պարտականությունները. նա տառապում է հիշողության նախնական կորստից: Դժբախտաբար նրա առողջական վիճակը արագորեն վատթարանում է, հիշողություննՙ օրըստօրե ավելի վատանում: Բայց դեռեւս պահպանում է մի պաշտոն, որն ի վիճակի չէ վարել:
Ես կասկածներ ունեի, որ մի ստոր խաղ են խաղացել նրա նման խելացի մարդու գլխին, որն իր սառը դատողությամբ երկխոսություն էր քարոզում եւ ապացուցել էր, որ Թուրքիայի համար արժեքավոր անձնավորություն է: Կասկածում էի, թե ինչ-որ բան պետք է խառնած լինեին նրա ուտելիքին եւ խմիչքին: Այս երրորդ մեղադրանքը գալիս է հաստատելու իմ կասկածները:
Գուցե որոշ մարդիկ զգուշացնեն ինձ, որ նման դավադրական տեսությունների մասին չբարձրաձայնեմ: Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ որոշ մութ ուժեր կարող են ամեն տեսակի ոճրագործություններ գործել:
Այո, հայտնաբերված զենքի գաղտնարաններն ու սպանության դավադրական ծրագրերը, կատարված սպանություններն ու պետական հեղաշրջման շշուկները եւ բանակի գնդապետներին թունավորելու ծրագրերը ցույց են տալիս, որ այս երկրում ամեն ինչ կարելի է:
Եվ սա բերում է ինձ այն եզրակացության, որ նման սպանություն արդեն իսկ գործադրվել է պատրիարք Մութաֆյանի դեմ»:
Երբ թուրքերն իրենք են խոստովանում, մեզ ոչինչ չի մնում ավելացնելու:
Դժբախտաբար, պատրիարք Մութաֆյանի մտավոր վիճակը անշրջելի է: Նա չի կարող այժմ հասկանալ, որ թուրքերին սիրաշահելու ամենատարբեր ձեւերը նշանակություն չունեն, որ ինչ վրդովմունքի միջով էլ պատրաստ լինես անցնելուՙ մեղմելու համար թուրք ծայրահեղականների մոլեռանդական մտածողությունը, միեւնույն է, նրանց թիվը չի պակասելու թուրքական կառավարական ապարատում:
Հուսով ենք, որ պատրիարքի օրինակը գոնե դաս կծառայի նրան հաջորդողներին:
Թարգմ. Հ. Ծ., «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից