Ռուսաստանի Պետական դուման չորեքշաբթի առաջին ընթերցմամբ կքննարկի մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանը կկարողանա իր զինված ուժերի ստորաբաժանումներն օգտագործել երկրի սահմաններից դուրս:
«ՌԻԱ նովոստի» գործակալության տեղեկացմամբ, օրինագիծը զինված ուժերի օգտագործումը ՌԴ սահմաններից դուրս հնարավոր է դարձնելու «հարձակումը հետ մղելու, մեկ այլ երկրի դեմ ագրեսիայի կանխման, ՌԴ քաղաքացիների պաշտպանության եւ ծովահենության դեմ պայքարի համար»:
Հիշեցնենք, որ օրինագիծը Պետդումա էր ներկայացվել դեռեւս օգոստոսի 10-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Օրինագիծը նախատեսում է «Պաշտպանության մասին» Ռուսաստանի դաշնային օրենքի 10-րդ հոդվածում լրացում, որով, «միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՌԴ միջազգային պայմանագրերի համաձայն, ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները կարող են օպերատիվորեն օգտագործվել երկրի սահմաններից դուրս որոշակի խնդիրների լուծման համար»:
Փաստաթղթում նշվում է, որ զինված ուժերը կարող են օգտագործվել, եթե տեղի է ունեցել հարձակում ՌԴ զինուժի կամ Ռուսաստանի տարածքից դուրս տեղակայված զորքերի վրա, այլ երկրի նկատմամբ ագրեսիայի հետ մղում կամ կանխարգելում եւ այլն: Եթե այս օրենսդրական լրացումն ընդունվի, ապա Ռուսաստանի նախագահը, Դաշնային խորհրդի որոշման հիման վրա կարող է որոշում կայացնել օգտագործելու ռուսական զինուժը երկրի տարածքից դուրս:
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի մեկնաբանմամբ, այսօրինակ պրակտիկան նորություն չէ, այլ լայնորեն օգտագործվում է շատ երկրներում: Ըստ ՌԴ նախարարի, զինված ուժերը արտերկրում օգտագործելու հնարավորությունը սեփական քաղաքացիների պաշտպանության նպատակ ունի:
Օրինակ, Միացյալ Նահանգներում, սահմանադրության համաձայն, երկրի նախագահին միանձնյա լիազորություններ է տրված որոշում կայացնելու ԱՄՆ տարածքի, արտերկրում ԱՄՆ քաղաքացիների կամ զինված ուժերի վրա հարձակման դեպքում զորամիավորումներն օգտագործելու առումով:
Այս նախագծի առնչությամբ մեծ աղմուկ էր բարձրացրել Վրաստանը` նկատի ունենալով ռուսական ներկայությունն ու մոտեցումը հարավօսական եւ աբխազական հակամարտություններում: Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օրինագծի ի հայտ գալն առավել պահանջված է դարձել վրաց-հարավօսական հակամարտության սրումից հետո:
Ա. Հ.