«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ԱՐԴԵՆ ՉԿԱ՞

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից քիչ անց վերլուծաբանական որոշ աղբյուրներ եւ քաղաքական դիտորդներ զգուշորեն կանխատեսում արեցին, որ պաշտոնական Բաքուն, հավանական է, ուժերի վերադասավորման խնդիր ունի: Մասնավորապես, նկատել էր տրվում, որ հնարավոր է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը: Այս առթիվ վերջերս ակնարկ արվեց նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ի` «ինքնությունը բացահայտել չցանկացած մի պաշտոնյայի» կողմից:

Եվ, ահա, Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Փոլուխովը ծանուցել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգներ է մեկնելու փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` «ռազմավարական խորհրդատվություններ անցկացնելու պետդեպարտամենտում, Սպիտակ տանը եւ, հավանական է, Պենտագոնում»:

Նման մակարդակի եւ ծավալի քննարկումների համար, անշուշտ, ավելի հարմար էր, որ ԱՄՆ մեկնի արտգործնախարարը: Եվ եթե նրա փոխարեն ընտրվել է Արազ Ազիմովը, ինչն ակնհայտորեն Ադրբեջանի բարձրագույն իշխանության, այսինքն` Իլհամ Ալիեւի որոշումն է, ապա կարելի է եզրակացնել, որ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության մասին խոսակցություններն առնվազն հիմնազուրկ չեն:

Հարկ է, թերեւս, ավելացնել, որ տարիներ ի վեր Արազ Ազիմովը համարվում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, սական վերջին շրջանում նա հրապարակային որեւէ դերակատարություն չի դրսեւորել:

Ավելի վաղ ադրբեջանական տեղեկամիջոցներում Արազ Ազիմովի մասին կանխատեսվել է, որ նա կարող է նշանակվել պաշտպանության նախարար: Ըստ երեւույթին, Սաֆար Աբիեւի դիրքերը, չնայած բանակում տիրող անօրինությունների, համակարգի կոռումպացվածության եւ զինվորական հանցաագործությունների աճի մասին գրեթե ամենօրյա հրապարակումների առկայությանը, շարունակում են ուժեղ մնալ, ուստի նկատելի հավակնոտությամբ տառապող Ազիմովի համար ընտրվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավանական առաջխաղացման տարբերակը:

Հանգամանքն ուշագրավ է, որովհետեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը ձեւավորված է ոչ թե քաղաքական, այլ անձնական նվիրվածության սկզբունքով: Այդ երկրի սահմանադրությամբ «գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին», եւ նա անձամբ է գլխավորում ոչ միայն իր աշխատակազմը, այլեւ` կառավարությունը եւ տարածքային մարմինները: Այդ խիստ կենտրոնացված համակարգում որեւէ պաշտոնյայի կարիերան պայմանավորված է նախագահի վերաբերմունքով: Եվ եթե հավանական է, որ արտգործնախարար Մամեդյարովը զրկվի պաշտոնից, նշանակում էՙ «միասնական թիմում» ճեղքվածներ են առաջացել, եւ դա չի կարող միակ պաշտոնանկությունը լինել:

Այս իմաստով որքա՞ն են իրականությանը մոտ ադրբեջանական կողմի պնդումները ղարաբաղյան հարցում «առաջիկա ճեղքման» մասին: Չէ՞ որ «գետանցում ձիերը չեն փոխում»: Իսկ արտգործնախարաը «լծասարքի այն ձին է», որին, առհասարակ, փոխելու անհրաժեշտություն չպետք է լիներ: Եթե այդ հավանականությունը կա, իսկ ադրբեջանական կողմը համառորեն չի հերքում Մամեդյարովի մոտալուտ պաշտոնազրկության մասին լուրերը, ապա եզրակացնելի է, որ պաշտոնական Բաքուն փորձում է ժամանակ շահել:

Բայց չէ՞ որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները որոշում է Իլհամ Ալիեւը: Ի՞նչ իմաստ ունի արտաքին գործերի նախարարի փոփոխությունը: Ավելի հարմար չէ՞ր, որ Իլհամ Ալիեւը համարձակություն ունենար եւ ասեր, որ բանակցությունները շարունակելու ո՛չ բավարար ռեսուրս, ո՛չ էլ անձնական ցանկություն ունի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4