«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


ԳՐՈՍՄԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՎԵՐՋԱԿԵՏ ՉԻ ԴՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին միանգամայն դրական վերաբերմունք է ցուցաբերել Վաշինգտոնը: Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված այս արձանագրությունները Հայաստանի եւ հատկապես Թուրքիայի ընդդիմության որոշ շրջանակներ պայմանավորում են ԱՄՆ-ի անմիջական նախաձեռնությամբ, նշելով նաեւ ԵՄ-ի դերը:

Կարեւորը, սակայն, արձանագրությունների նախաձեռնության մասին ընդդիմադիր շրջանակների հետեւությունը չէ, այլ դրանց դրույթների բովանդակությունը: Դրանում մեր պատկերացումներն ամբողջացնելու համար էլ կարեւոր են տարբեր երկրների պետական գործիչների գնահատականները:

Թերեւս այդ գործիչներից է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանը: Ահա թե սեպտեմբերի 6-ին ինչ է գրել turkishny. com կայքէջը նրա գնահատականների առնչությամբ.

«Մարկ Գրոսմանը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հարցերին պատասխանելիս անդրադարձավ արձանագրությունների նախաստորագրմանն ու ասաց. «Դա մեծ արձագանք գտավ Վաշինգտոնում: ԱՄՆ-ը երկար ժամանակ ձգտում էր թուրքերի հետ հայերի հաշտեցմանը: Հուսամ, հաշտեցման այս գործընթացը ընդունելի ժամկետում կավարտվի եւ կհասնի նպատակին, հետեւաբար, արձանագրությունների հրապարակումը Վաշինգտոնում մեծ գոհունակություն է պատճառել շատերին»:

«Հաշտեցումը վերջակետ չի դնի ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին»

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վերջակետ չի՞ դնի գրեթե ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում հայտնվող Հայոց ցեղասպանության բանաձեւերին» հարցի առնչությամբ Գրոսմանը նշեց, որ այդ հարցում ոմանք բացարձակապես չեն զիջի, ուստի եւ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների հաստատումն, իր կարծիքով, չպետք է վերջակետ դնի «ցեղասպանության ճանաչման» քաղաքական նախաձեռնություններին:

«Վերին աստիճանի կարեւոր է պատմական հարցերով հանձնաժողովի ստեղծումը»

Չնայած դրան, Գրոսմանը որպես փոխհամաձանության տարր, վերին աստիճանի կարեւոր համարեց «պատմական հարցերով հանձնաժողովի» ստեղծումը, ասելով. «Սա կարեւոր հանգամանք է, այդ թվում` ամբողջ աշխարհի համար է կիրառելի: Պատմության հարցերում տարբեր տեսակետների տեր մարդիկ պետք է սեղանի շուրջը խոսեն: Կողմերը պետք է միմյանց ներկայացնեն իրենց պատմությունը եւ ըմբռնումով մոտենան կարծիքներին: Ավելի քան կարեւոր է, երբ այդ հարցերով կողմերը անձամբ են հետաքրքրվում, որովհետեւ շնորհիվ դրա ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պես երրորդ երկրները ի վիճակի կլինեն հետ քաշվել եւ ասել. «Կողմերը հաշտեցման են ձգտում, տեսնենք ինչ են անելու, չմիջամտենք, այլ խրախուսենք նրանց»: Թերեւս այսպես կարելի է պատմության մութ ծալքերում կատարվածի շուրջը հասնել փոխըմբռնման»:

Մարկ Գրոսմանը միաժամանակ հույս հայտնեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4