«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ երեկ ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է նիստ` քննարկելու նախ հանձնաժողովի զեկույցին առնչվող հարցեր, ապա եւս մեկ անգամ քննության առնելու Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկաներին առաջարկել է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության մեջ ներառել թե՛ փաստահավաք խմբի ներկայացրած պաշտոնական եւ թե՛ խմբի նախկին անդամների առանձին զեկույցները: Հանձնաժողովի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդպես հնարավոր կլինի ապահովել վերջնական եզրակացության անկողմնակալությունը: Փաստաթղթի մեջ հանձնաժողովականները պատրաստվում են եզրակացություն տալ մարտի 1-ին արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը որոշել է զեկույցի պատրաստման համար ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի Գուրգեն Արսենյանը: Վերջինիս հանձնարարվել է նաեւ այցելել զորամասերի իրային պահեստներ` ստուգելու փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի ունեցած տվյալները մարտի 1-ին պահեստներից դուրս բերված զինվորական հագուստների մասին:

Չնայած ստուգմանը մասնակցելուՙ Սամվել Նիկոյանի առաջարկին ի պատասխան ՀԱԿ-ից ստացված մերժմանը` հանձնաժողովը որոշել է մեկ անգամ եւս դիմել Անդրանիկ Քոչարյանին եւ Սեդա Սաֆարյանին` պահեստներում այդ օրերին գրանցված հագուստի ելքն ու մուտքը համատեղ ստուգելու առաջարկով: Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ավարտվում է սեպտեմբերի 15-ին, եւ առաջիկա քառօրյա նիստերին նախատեսվում է ներկայացնել հանձնաժողովի վերջնական եզրակացությունը:

Փորձաքննության արդյունքները մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի զինվորական բաճկոնի վնասվածքների հետ համադրելու նպատակով հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դիմել էր հատուկ քննչական խմբին` բաճկոնը հանձնաժողովականների քննությանը ներկայացնելու համար: Հատուկ քննչական խմբի քննիչ Բագրատ Ադամյանը, օրենքով սահմանված կարգով, հանձնաժողովականներին ներկայացրել է իրեղեն ապացույցը, իսկ փորձագետները նկարագրել են հրազենի պատճառած վնասվածքների հանգամանքները: Փորձագիտական եզրակացության համաձայն` Տիգրան Աբգարյանի ձմեռային զինվորական բաճկոնի վրա հրազենով պատճառվածից բացի այլ վնասվածքներ չկան: Լրացուցիչ քննության համար, Սամվել Նիկոյանի խոսքերով, հիմք էին հանդիսացել տարաբնույթ մեկնաբանությունները:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4