«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


«ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»-Ի ՓՈՐՁԵՐ ՆՓԱԿ-ՈՒՄ

Որեւէ գաղափարի անսովոր, անակնկալ մարմնավորման Երեւանում կարելի է հանդիպել ՆՓԱԿ-ում: Այս ցուցադրավայրը ունի ինչպես համախոհ արվեստագետների, նույնպես այցելուների իր խմբերը: Նորագույն արվեստի պայմանական լեզուն որքան ազատ, արտահայտչամիջոցները նույնքան բազմազան են` սկսած ամենօրյա գործածության կենցաղային առարկաների, ինչպես մշակված, այնպես էլ անմշակ ձեւերից: Դիտորդն էլ ազատ է մտածողական կամ զգացմունքային շերտեր որոնել-չորոնելու մեջ. այն չպարտադրող է. կարող ես ընդունել, կամ` հակառակը:

Այս օրերին ՆՓԱԿ մտնողը հենց մուտքի դռների մոտ, թերեւս, կփորձի շրջանցել հատակի թարմ ներկահետքերը կամ տրորելով կանցնի: Այս հատվածում երեխաները վրձնի ու ներկի փորձեր են անում եւ առաջինը մասնակից դառնում ինտերակտիվ այս ցուցադրություն-ակցիային, որ խորագրված է` «Այսպես է» (The way it is): Արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող 6 համադրողներ փորձել են խմբային աշխատանք ձեւավորել արվեստի ասպարեզում` յուրաքանչյուրը հրավիրելով արվեստագետների ստեղծագործական մի խումբ: Մտահղացման հիմքում ստեղծագործական հնարավորությունների բացահայտումն է ինտերակտիվ միջավայրում` ներխմբային, միջխմբային աշխատանքներ եւ կապ հանրության հետ: Ինչպես գրում է ակցիայի նախաձեռնող Սոնիա Պալասանյանը, «արդյունքը տակավին անձնական է, բայց հետաքրքրական է դիտել փոխհարաբերության ազդեցությունը, եթե անգամ դա առկա չէ: Ազդեցության բացակայությունը, ինքնին ազդեցություն է»: Ըստ նրա, ինքնության ավանդական արժեքների համակարգին նետված այլընտրանքային այս հայացքը «փորձ է դիտարկելու արվեստի ավանդույթի ազդեցությունը ժամանակակից արվեստի գործելաոճի վրա»:

Իսկ ի՞նչ են ներկայացնում համադրման խմբի (Սոնիա Պալասանյան, Էդուարդ Պալասանյան, Դավիթ Կարեյան, Գարիկ Ղազարե, Սեւադա Պետրոսյան, Արփա Հակոբյան) կազմակերպած աշխատանքները, որոնք ծավալվել են բանաստեղծության եւ վիդեո արվեստի, նկարչության, թատրոնի, ճարտարապետության եւ ինստալյացիայի «տարածքում»:

Սուբյեկտիվ մեկնաբանությունից զերծ մնալու համար պարզապես նկարագրական փորձ կատարենք առաջին պլանումՙ նկարչական 10 տարբեր աշխատանքներ ենՙ կողք կողքի, նույն չափսերով, որոնք ստեղծվել են ՆՓԱԿ-ի նույն սրահում, միեւնույն ժամանակ, նույն մթնոլորտում. խնդիրը արվեստագետների փոխհարաբերությունների ու միմյանց վրա փոխաազդեցությունների արդյունքն է: ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Պալասանյանը գտնում է, որ այս գործերում փոխազդեցության անխուսափելիությունը պայմանավորված է թեկուզ նույն մթնոլորտի գոյությամբ, թեեւ դրանց անհատականության հստակ ընդգծվածությանը:

Դիմացի պատի հողանկարը` կանացի հողապատ 2 զգեստ է ներկայացնում մեծ պաստառին, մետաղի մանր ճաղավանդակով, որ ամենատարբեր մտքերի ծնունդ կարող է տալ (կին, կյանք, անազատություն, գորշություն, ձանձրույթ կամ ոչինչ): Մեկ այլ սրահում տեղադրված է փայտի չմշակված, անտաշ կտորների վանդակաձեւ դասավորությամբ բրգատեսք մի բարձրություն, դիմացը մետաքսանման կտորի, մետաղե ծաղիկներով դիզայն աշխատանք: Երազկոտ մի զգացում առաջացնում են օդում ճոճվող բրգանման թղթե «մարմինները»: Ավելի հետաքրքրականը մութ սենյակն է. պատին սլաքներ, հատակին ճանապարհագիծ, դիմացին ստվարաթղթե մոտոցիկլավորն իր մոտոցիկլով` ռոք երաժշտության ուղեկցությամբ: Ինստալյացիան հաջողված է. ստեղծված է հոգեբանական վիճակ, որ խորհրդավոր մի անհանգստություն է առաջացնում:

Խորքի թույլ լուսավորված սրահում հայացքդ ուղղվում է հատակին` ճերմակ պաստառին գրոտած հետքը, ըստ մտահղացողի, տարածության մեջ շարժման պատկեր է, մնացածը` երեւակայության անելիքն է: Մեկ այլ աշխատանք Երեւանի նախաթամանյանական նախագծի մի մտահղացում է: Յուրաքանչյուրը փորձել է քաղաքի իր պատկերացումն առարկայացնել (մեծ տեղ տալով կանաչ գոտուն), ինչ-որ այցելու հարկ է համարել զգուշացնել ցերեկը փողոցների էլեկտրական լամպերն անջատելու մասին:

Ցուցադրության նորությունը աշխատանքների համագործակցության բնույթի մեջ է, որոնց մասնակից են եղել ոչ միայն արվեստագետներ, նաեւ այցելուներ, այդ թվում` երեխաներ:

«Եթե մեկը ունի մի նոր միտք, գտնում ենք դա ներկայացնելու ձեւեր. միշտ չէ, որ արժեքավոր են լինում, բայց մեծամասամբ կան գործեր, որոնք պարտադրում են մտածել», ասում է Էդ. Պալասանյանը: Նորագույն արվեստի էսթետիկայի խնդիրների վերաբերյալ մեր այն կարծիքին, թե դրա պակաս կա, նա ունի իր որոշակի մոտեցումը. «Դուք գտնում եք, որ գեղագիտությունը ունի չափանիշ, եւ եթե արվեստի որեւէ գործ չի համապատասխանում այդ չափանիշներին, ուրեմն գեղագիտական չէ: Սակայն ո՞րն է այդ չափանիշը. այն դեռեւս չկա: Եթե որեւէ աշխատանքի մեջ խորհուրդ կա, ես հարգում եմ դա, հնարավոր է չկիսեմ, բայց դա չի նշանակում, որ այն արժեք չունի: Իսկ առհասարակ տաղանդավոր գործը խոսում է հետդ, զգացմունքներդ թրթռացնում, հուզական աշխարհիդ վրա ազդում»: Ըստ նրա, դասական արվեստը պատկանում է թանգարաններին: Մենք գնում ենք էքսպերիմենտալ կենտրոններ, որտեղ ստեղծվում է նոր արվեստ, որը տասնամյակներ անց կարող է դասվել այդ արժեքների շարքը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4