«Ես շատ, շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա», հայ-թուրքական երկխոսության մասին այսպես է արտահայտվել աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Ազատություն» ռադիոկայանին: Ըստ նրա` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը. «Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ», ասել է նա: «Եթե սահմանը բացվի, դա թույլ կտա երկրին մի փոքր դուրս գալ անշարժ վիճակից: Այժմ Հայաստանը ելք ունի միայն դեպի Իրան եւ մի փոքր էլ Վրաստան, սակայն դա քիչ է, անչափ քիչ է, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ»: