ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահին` Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին: «Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 35 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության հարցում ակտիվ գործունեությունից հետո», ասված է երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:
Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ 2001-2004 թվականներին, եղել ԱՄՆ փոխպետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականը` ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հարցերի պատասխանատվությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները ընդունում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարեւորությունը եւ ողջունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դրական երկխոսությունը: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդգծել է իր մեծ հետաքրքրությունը Մինսկի խմբի` հակամարտությունը արդյունավետ հանգրվանի բերելու հետագա ջանքերի առնչությամբ:
Ամերիկացի նոր համանախագահը առաջիկա շաբաթներին կայցելի տարածաշրջան: Բրադկեն այս պաշտոնում փոխարինում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական Մեթյու Բրայզային, որը, ըստ հաղորդումների, կստանձնի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Բրադկեի պաշտոնում նշանակվել է Թինա Կայդանովը` ԱՄՆ առաջին դեսպանը Կոսովոյում:
«Նյուզ.էյեմ» կայքէջը հիշեցնում է Ռոբերտ Բրադկեի հայտարարությունը Կոսովոյի անկախության առիթով, որը նա արել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Ես կարծում եմ, որ Կոսովոյի անկախությունը կօգնի Հարավարեւելյան Եվրոպայի այդ հատվածում կայուն ապագայի հիմք ստեղծելու այդ երկրների ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությամբ: Շատ կարեւոր է, որ Սերբիան ընդունի, որ ապագան հենց դա է: Ապագան այն չէ, որ փորձ արվի վերադառնալու անցյալին, փորձ արվի ապրելու մեկուսացած, այլ Կոսովոյի անկախության իրողությունը ընդունելու եւ առաջ ընթանալու մեջ է»:
Ա. Հ.