«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2009-09-05 | #160, 2009-09-08 | #161, 2009-09-09


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ «SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ»

Երեւի դա կբարձրացնի պետական մանկատներում բնակվող երեխաների կյանքի որակը

Եթե վարչապետը սեպտեմբերյան առավոտն սկսում է մանկական բարեգործական հիմնադրամ այցով եւ դա անում է այնքան թափանցիկ ու մանրակրկիտ, որ ամենափշոտ լրագրողն անգամ քննադատելու «խութ» չի գտնում, ուրեմն այս երկրում դեռ ամեն բան կորած չէ: Ավելին, հույս է արթնանում, որ գոնե մի օր պետական մյուս չինովնիկներն էլ օրինակ կվերցնեն եւ քաջություն կունենան խոստովանելու, որ պետական այս կամ այն համակարգը ոչ արդյունավետորեն է ծախսում իրեն հատկացված գումարները (մանկատների դեպքում դա կազմել է 300 միլիոն դրամ): Իսկ նման դեպքում ոչ մի չինովնիկի «չինը» չի ընկնի, որ գնա, ասենք, մասնավոր հիմնադրամ եւ նրան առաջարկի «սերտացնել համագործակցությունը, ինչպես նաեւՙ համաֆինանսավորում եւ ծավալների կտրուկ աճ»: Երեկ այցելելով «SOS մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամՙ նման առաջարկ արեց վարչապետը, այս հաստատության գործունեությանը մանրամասնորեն ծանոթանալուց հետո:

«SOS մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աշխատանքները ներկայացրեց հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը: Նախՙ նա վարչապետի այցը հիմնադրամ համարեց «պատմական», քանի որ Տ. Սարգսյանը միակ վարչապետն է, որ ոտք է դրել 19-ամյա պատմություն ունեցող այս հաստատություն: Թերեւս Ա. Քոչարյանը չէր էլ ենթադրում, որ այցը պատմական է լինելու ոչ միայն իրենց գյուղի, այլեւ բոլոր այն երեխաների համար, ովքեր Հայաստանի տարբեր մանկատներում չեն էլ ենթադրում նման ուշադրություն, հոգատարություն եւ հարմարավետություն: Բացի այդ, պարզվեց, որ Կոտայքի «SOS մանկական գյուղում» կարող է բնակվել առնվազն կրկնակի թվով երեխա, քան հիմա կա: Պարզապես, չգիտես ում «թեթեւ անտարբերությամբ», «SOS մանկական գյուղի» օրինակելի պայմաններն անտեսվում են: «Պատմական» այցն ունեցավ իրոք զգալի ազդեցություն, այն առումով, որ վարչապետը «SOS մանկական գյուղեր» հիմնադրամի աշխատանքը գնահատեց հաջողված եւ օրինակելի: Իսկ ինչի՞ց էին գոհ վարչապետը եւ հիացած նրան ուղեկցող լրագրողական խումբը: Նախ` հանգամանքը, որ «SOS մանկական գյուղեր» հիմնադրամում (այն հիմնադրվել է 1949-ին Ավստրիայում Հերման Գմայերի կողմից, Հայաստանում` 1990-ին, մինչ օրս ունեցել է շուրջ 220 սան եւ շուտով մասնաճյուղ կունենա Իջեւանում), երեխաները բնակվում են սոցիալական մայրիկների հետ` ընտանիքներով: Այսինքն, մոտ 56 երեխաՙ 5-7 ընտանիք կազմած, 9 սոցիալական մայրերի եւ կիրակի օրերին նրանց փոխարինող մորաքույրերի հետ բնակվում են հարմարավետ տնակներում, ինչպես վայել է հայկական ընտանիքում: Այստեղ ե՛ւ պահածո են պատրաստում ձմռան համար, ե՛ւ արդուկ ու լվացք են անում, ե՛ւ շուկա են գնում, ե՛ւ դպրոց: Միակ հարցը, որ մտահոգեց վարչապետին, «հայրերի» բացակայությունն է, որ դեռ նոր է ներդրվում Հ. Գմայերի 131 արտասահմանյան հիմնադրամներում: Մանկական գյուղի փոխտնօրեն Արմեն Մելքոնյանը նշում է, որ աշխատակազմի 7 տղամարդիկ քեռիներ են կոչվում եւ հնարավորինս «կոմպենսացնում են» հայրիկների բացակայությունը:

«SOS մանկական գյուղեր» հիմնադրամը նաեւ մանկապարտեզ ունի, որի 120 սաներից ընդամենը 7-ն են հիմնադրամի հոգածության տակ գտնվող երեխաներ, մնացյալը գալիս են Կոտայք, Նոր կյանք գյուղերից, ինչպես նաեւ Աբովյան քաղաքից: Երեխաների սոցիալիզացման նման գործընթացը նպաստում է, որ նրանք հետագայում լայն հասարակության մեջ հարմարվելու խնդիր չունենան: Պակաս կարեւոր չէ, որ շուրջ 860 000 եվրո տարեկան բյուջեի շրջանառություն ունեցող հիմնադրամը երեխաներին (ի դեպ, նրանց 84 տոկոսը սոցիալական որբեր են), պահում, թոշակավորում եւ հետեւում է մինչեւ 23 տարեկան դառնալըՙ հետագայում հնարավորություն ստեղծելով, որ անտուն, բայց աշխատող եւ որոշ գումար հավաքած երիտասարդները կարողանան տուն ունենալ եւ շարունակել ապրել ուշադրության ներքո: Երեխաները 15-16 տարեկանից տեղափոխվում են երիտասարդների խումբ եւ գալիս-հաստատվում են Երեւանի երիտասարդական տներում, որ էլի հիմնադրամի հիմնածն են: Այստեղ նրանք ամսական 58 000 դրամ թոշակ են ստանում, որ տարիքի հետ նվազում է, երիտասարդին խրախուսելով ուսումնառության, հետո արդեն արդար աշխատանքի եւ սեփական վաստակի:

«SOS մանկական գյուղերի» մյուս հաջողությունն էլ արձանագրվում է մանկական լքվածությունը ռիսկային ընտանիքներում կանխարգելելու գործում: Միայն թվաբանությունը բավականին խոսուն է: 323 ընտանիքների 793 երեխա փրկվել են ամուսնալուծության պատճառով մանկատան հույսին մնալու հեռանկարից: Նրանց ընտանիքներին օգնող աշխատակազմի թիվն է 12: Մեկնաբանությունները թողնելով մեծերին ու նրանց աշխատելաոճին, հատկապես պետական հիմնարկներում, ծանոթանանք օրվա մյուս կարեւոր հերոսների` 10- ամյա Մարատի եւ նրա ընկեր Վահրամի հետ: Մարատին այստեղ բերել են 5 տարեկանից: Տղան պատմում է, որ քույրեր ունի, հայրը Ռուսաստանում է, մայրիկը մահացել է, ապա նաեւ` տատիկը: Մարատն այստեղ լավ է զգում եւ մեր հարցին ի պատասխան, թե ինչ կուզենար խնդրել վարչապետից, հնչեցնում է անկեղծ պատասխան. «Թող ինձ հեծանիվ տա, մի քիչ խելք ու պուլտով մեծ ավտո»: Ընկերները հավատացնում են, որ շոկոլադ չարժե ուզել, այստեղ ուտելիքը շատ լավ է: Երեխաները լավ են հագնված, աչքերում մանկություն կա, խաղ ու խաղաղություն: Նրանցից մեկը վազելով գալիս-փաթաթվում է մայրիկին: Անկեղծ հուզում է, ներկայացումից շատ հեռու պոռթկում: Մնում է, որ դրանով վարակված տեսնենք Հայաստանի մանկատներում ապրող շուրջ 850 երեխաներին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Կոտայքի «SOS մանկական գյուղերից» հետդարձի ճանապարհը եւ հատկապես խցանումը Աբովյան փողոցում, երթուղայինների ավանդական կուտակումները Ավ. Իսահակյանի արձանի դիմաց նոր երազանք են ձեւավորում` երանի վարչապետը մի աշխատանքային օր էլ քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծմանը տրամադրի: Պատշաճ լուսաբանումը` մեր կողմից:


Նկար 1. Մարատն ու Վահրամը մայրիկների հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4