Մեր երկրի «ուշագրավ թերությունները» շատ ավելի լուրջ են, քան «ուշագրավ առավելությունները»
Համաշխարհային մրցունակության 2009-2010 թթ. զեկույցում Հայաստանը 97-րդ տեղն է զբաղեցրել 133 երկրների մեջ: Այս մասին երեկ «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Համաշխարհային տնտեսական ֆորումի Հայաստանի գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Նա հայտնեց, որ 2009-ին Հայաստանը անցել է զարգացման որակապես նոր փուլ, որտեղ փոխվում է մրցունակության խթանիչների դերը: Այս փուլում աճում է տնտեսական արդյունավետության եւ նորարարական կարողությունների վրա ազդող գործոնների նշանակությունը:
Մանուկ Հերգնյանը նշեց, որ Հայաստանի 97-րդ տեղը անփոփոխ է մնացել նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: ԱՊՀ երկրներում մրցունակության ցուցանիշով լավագույնը Ադրբեջանն է, որը 51-րդ տեղում է եւ նախորդ տարվա համեմատ 18 միավորով առաջընթաց է արձանագրել: Անփոփոխ է մնացել Վրաստանի ցուցանիշը: Նվազել են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի վարկանիշները, իսկ մրցունակության ցուցանիշի ամենամեծ անկում են ունեցել Ռուսաստանն ու Ուկրաինան:
Ինչ վերաբերում է միայն Հայաստանի ցուցանիշներին, ապա մրցունակության 12 հենասյուներից ամենամեծ առաջընթաց մեր երկիրն ունեցել է մակրոտնտեսական կայունությամբ (30 միավորով), ապա ֆինանսական շուկայի կատարելագործմամբ, ենթկառուցվածքներով, գործարարության կատարելագործմամբ եւ այլն: Ամենամեծ նվազումն արձանագրվել է ապրանքների շուկայի արդյունավետության ցուցանիշով, ինչը պայմանավորված է շուկաների մենաշնորհային լինելով: Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց, որ շուկաների մենաշնորհային լինելու բարձր ցուցանիշն արդեն 5-րդ տարին է կրկնվում, ինչը նշանակում է, որ այստեղ լուրջ խնդիր կա: Նա նաեւ հայտնեց, որ այս ցուցանիշները ստացվել են շուրջ 80 ընկերությունների հարցման արդյունքնում, որոնց կեսը մասնակցել են նախորդ տարվա հարցմանը, իսկ կեսը հարցվել են առաջին անգամ: Դրանք այն ընկերություններն են, որոնք ունեն օտարերկրյա կապիտալի մասնակցություն կամ արտահանման ուղղվածություն եւ կարող են Հայաստանի մրցունակությունը համեմատել այլ երկրների հետ:
Խոսելով Հայաստանի մրցունակության առավելություններից, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը հայտնեց, որ Հայաստանի «ուշագրավ առավելություններից» են... մալարիայի ազդեցությունը գործարարության վրա եւ մալարիայի դեպքերի քանակը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, հանցագործությունների եւ բռնության հետեւանքով գործարարության ծախսերը, ահաբեկչության հետեւանքով գործարարության ծախսերը եւ այլն: Իսկ «ուշագրավ թերությունները» շատ ավելի կարեւոր խնդիրների են վերաբերումՙ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, մաքսային ընթացակարգերի բեռը, շուկայում գերիշխող խմբերի առկայությունը, որոնցով Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերը:
Մրցունակության ցուցանիշի մասին, ըստ Մանուկ Հերգնյանի, դժվար էր խոսել անցած 10 տարիների ընթացքում, երբ տնտեսությունը երկնիշ աճ էր ապրում: Սակայն միայն շինարարության եւ մասնավոր փոխանցումների վրա հիմված աճը խոցելի էր դարձնում երկիրը, ինչը երեւաց ճգնաժամի ժամանակ: Փաստորեն, նախորդ տարիներին երկիրը տնտեսական աճ էր արձանագրում, իսկ մրցունակության ցուցիչը նվազում էր: Մինչդեռ այս տարի, չնայած տնտեսական անկմանը, մրցունակությունը չի նվազել: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի կարծիքով, Հայաստանի մրցունակության բարձրացման համար հարկ է լուծել առնվազն երկու խոշոր խնդիրներՙ ստեղծել մրցակցային միջավայր եւ տնտեսության տեխնոլոգիական հիմք: Ըստ նրա, ժամանակն է գնալու տնտեսության կառուցվածքի փոփոխության:
«Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի մրցունակության վրա» հարցին պատասխանելով, Մանուկ Հերգնյանը նշեց, որ բաց սահմանը կբերի տնտեսության կառուցվածքի փոփոխության, բայց պետք է նկատի ունենալ, որ սահմանը մի օր կարող է փակվել, եւ մենք կհայտնվենք այն վիճակում, որ հայտնվեցինք ԽՍՀՄ փլուզումից հետո: Այսինքն, Մանուկ Հերգնյանի համոզմամբ, պետք է ստեղծվի այնպիսի տնտեսական առանցք, որն անկախ լինի բաց սահմանի առկայությունից եւ դրա գայթակղությունից:
Այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տնտեսական անկման տարեկան ցուցանիշը, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, որ անկումը կգտնվի 12-14 տոկոսի սահմաններում, իսկ գնաճի առավելագույն ցուցանիշը կկազմի մինչեւ 7 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ