«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2009-09-05 | #160, 2009-09-08 | #161, 2009-09-09


100 ՏԱՐՎԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ԼՈՅՍ, ՍԷՐ, ԿԵԱՆՔ»

«Ամեն օր մի բարի գործ կատարե եւ գրանցե հուշատետրիդ մեջ»: «Խոստումը վճարելի պարտք մըն է»:

Պոլսահայ մեծանուն մտավորական, մանկավարժ Հովհաննես Հինդլյանի խոսքերն այսօր էլ նրա աշակերտների շուրթերին են:

1909 թ. Հինդլյանի ստեղծած «Նոր դպրոցը», որը Պոլսում իր գոյությունը պահպանեց մինչեւ 1988 թ., արդեն չորս տարի իր նվիրական ու աշխարհասփյուռ շրջանավարտների ջանքերով «կենդանացել» է այնտեղ, որտեղից, ինչպես ասում են, սկսվում է Հայաստանը, սահմանում` Տավուշի մարզի Կայան ավանում:

Պոլսի «Նոր դպրոցը» առանձնանում էր մանկավարժական նոր մեթոդներով. այստեղ աշակերտը ոչ թե «անգիր անող» էր, այլ սովորում էր մտածել, դատել, վերլուծել: Այս դպրոցի գերնպատակն էր աշակերտի նկարագրի կազմավորումն ու նրա կամքի դաստիարակությունը: Սրանով է պայմանավորված, որ դպրոցի տարեց շրջանավարտներն անգամ ուժ էին գտել իրենց մեջ` գալ «իրենց տուն», իրենց գաղափարի հետեւից եւ հայրենիքում նշել իրենց դպրոցի 100-րդ հոբելյանը: «Նոր դպրոցում» կարեւորվում էր նաեւ ֆիզիկական դաստիարակությունը, Հինդլյանը հայ սկաուտիզմի հիմնադիրն է:

Սեպտեմբերի 7-ին կարծես ողջ Կայան ավանն էր դիմավորում այս շրջանում արդեն բոլորին հայտնի Հ. Հինդլյանի «Նոր դպրոցի» շրջանավարտներին, որոնք սփյուռքի տարբեր օջախներից հայրենիք էին վերադարձել` տեսնելու իրենց գործը, իրենց գաղափարի որպիսությունը:

Դպրոցը, որի կառուցմանը մասնակցել է նաեւ «Սոցներդրումների հիմնադրամը», աղ ու հացով դիմավորեց իր հարազատ բարեկամներին` Պերճ Արազին` տիկնոջ հետ, որոնց եւ պատկանում է դպրոցի վերաբացման գաղափարը, Անահիտ Էվրինսելին, որը նաեւ դասավանդել է Պոլսում, ինչպես նաեւ Իրմա Պամաճյանին, Լեւոն Անդրեասյանին, ՀՕՖ-ի ներկայացուցիչ Լեւոն Լաճիկյանին եւ այլոց:

Նրանք բոլորն էլ համոզվեցին, որ դպրոցն ունի անհրաժեշտ դեղորայքով ապահովված բուժկետ, թեկուզ առայժմ կիսակառույց, բայց անվճար ճաշարան, կոկիկ ու ժամանակակից դասասենյակներ: Աշակերտները հպարտությամբ էին կրկնում արդեն մեկ դար ապրող իրենց նշանաբանը` «Լոյս, Սէր, Կեանք»: Ամեն ինչ արված է, որպեսզի աշակերտն այստեղ մտածի միայն ուսման մասին: Ի դեպ այս տարվա 12 շրջանավարտներից ութը ընդունվել են բուհեր: Կան հանրապետական օլիմպիադաների, մասնավորապես «Կենգուրու» մրցույթի հաղթողներ:

Դիտելով դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանի կազմակերպած միջոցառումը սփյուռքահայ բարերարները հուզմունքի մեծ ապրումներ ունեցան. «Եկանք, տեսանք, հուզվեցանք», շեշտեց Պերճ Արազը:

Տեղի ունեցան հանդիպումներ դպրոցի առաջին դասարանցիների եւ շրջանավարտների հետ: Բարերարները հատկապես հետաքրքրված էին շրջանավարտների ապագայով: Ըստ վերջիններիս` նրանք, ովքեր բուհ ընդունվել են անվճար, Պոլսի օգնության ֆոնդից ստանում են 20.000-ական դրամ` ճանապարհածախսի համար, իսկ վճարովի ընդունվածները` 200 ԱՄՆ դոլար: Ծրագիր կա նաեւ զոհված ազատամարտիկների ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն տրամադրելու համար:

Ցերեկույթին ներկա Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանն ասաց, որ, տեսնելով այս ամենը, ինքը վստահ է, որ այս դպրոցի շրջանավարտները բարձր կպահեն հայոց եռագույնը եւ արժանի հետնորդը կլինեն անվանի հայ մանկավարժի:

Սփյուռքի նախարարության մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ տիկին Նադյա Անտոնյանը, փոխանցելով ներկաներին սփյուռքի նախարարի մաղթանքները, ասաց նաեւ, որ այդ օրը դահլիճում իշխում էր «հայի ոգին»ՙ հայի հավաքական, զորեղ ոգին:

Շնորհակալական խոսքերով հանդես եկան Կայան ավանի գյուղապետը, դպրոցի տնօրենը, ծնողներ: Տարօրինակ էր կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի բացակայությունը:

Խոսելով իր ապրումների մասին` Անահիտ Էվրինսելը «Ազգ»-ին խոստովանեց, որ, չնայած դպրոցի լավ պատրաստվածությանը, ինքն այստեղ չտեսավ «Նոր դպրոցի» ոգին, «Պարոնի անուշ խստությունը», սակայն հույս հայտնեց, որ դա միայն ժամանակի խնդիր է:

Հրաժեշտից առաջ հին եւ նոր հինդլյանականները լուսանկարվեցին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4