«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2009-09-08 | #161, 2009-09-09 | #162, 2009-09-10


ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Լայնածավալ ֆինանսավորում շինարարությանը, հիպոթեկային վարկերի տրամադրում, տնտեսության մրցունակ որոշակի ճյուղերի ֆինանսավորում եւ աջակցություն փոքր ու միջին բիզնեսին: Երեկ Մամուլի ազգային ակումբում ասուլիս հրավիրած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով` սրանք են կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրի հիմնական կետերը:

Գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից բացի, ըստ Այվազյանի, մենք ունենք նաեւ լուրջ խնդիրներ արտահանման ոլորտում, վարկային ռեսուրսները ոչ այնքան հասու են տնտեսության ռեալ սեկտորին, իսկ շինարարության ծավալի շուրջ 46 տոկոս անկումը բանախոսը ամենախոշորը համարեց մեր տնտեսության մեջ: Առհասարակ շինարարության ոլորտի վերականգնման հետ Այվազյանը կապում է տնտեսության մի շարք արտադրական ոլորտների վերականգնումը: «Սրանով է հիմնված կառավարության որոշումը` աջակցելու շինարարությանը», նկատեց նա: Ինչպես նաեւ մինչեւ 3 մլրդ շրջանառություն ունեցող ընկերությունները 3 տարով ազատվում են որոշակի հարկերից եւ համաֆինանսավորվում, իսկ արտադրության հետ կապված բիզնեսը ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսահարկից:

Պարոն Այվազյանը կարեւորեց նաեւ կառավարության առաջարկած հարկային փաթեթը, որը, ըստ բանախոսի, 30 անգամ քննարկվել է ԱԺ-ում: Ըստ այդ փաստաթղթի` հարկային ներկայացուցիչը կարող է հետեւել արտահանվող ապրանքի երեք պարամետրիՙ ապրանքի քանակը, ապրանքի ուղարկման հասցեն եւ նրա գինը: «Սա շատ կարեւոր է այն առումով, որ կվերանան հարկային մշտական ստուգումները, եւ հարկային ներկայացուցիչը կարող է նաեւ ներկա չլինել ապրանքի առաքման ժամանակ», նշեց Այվազյանը: Կառավարության այս որոշումը, սակայն, վերաբերում է միայն փոքր եւ միջին բիզնեսին, որոնք ընդգրկված են 300 խոշոր հարկատուների ցուցակում:

Բանախոսը ավելացրեց նաեւ, որ եթե առաջ իրենք մտավախություններ ունեին արտահանման հետ կապված, քանի որ ապրանքի ծավալներն ու գները տատանումներ էին տալիս, ապա հիմա` այս որոշումից հետո, այդ մտահոգությունները չկան: «Սա մի փաստաթուղթ է, որը բյուջե է բերելու լրացուցիչ 30 մլրդ դրամ, եւ շեշտեմ, խոսքը վերաբերում է 4 մլրդ շրջանառություն ունեցող ընկերություններին», ասաց պարոն Այվազյանը:

Սրանք կարճաժամկետ գործողություններ են, որոնք, ըստ բանախոսի, ավելի արդյունավետ են ճգնաժամի դեմ պայքարում:

Խոսելով հայ- թուրքական սահմանի բացման մասին` Այվազյանը ասաց. «Միայն կույրը կարող է չտեսնել, թե որքան տնտեսապես կշահենք սահմանի բացումով: Կունենանք արտահանման 17 եւ ներմուծման 13 տոկոս աճ, ՀՆԱ-ի աճ: Հենց թեկուզ տնտեսական գործոններով պարտադրված` պետք է լինի սահմանի բացումը, ընդ որումՙ սա ձեռնտու է նաեւ Թուրքիային»: Բանախոսը նշեց, որ կլինեն, անշուշտ, խնդիրներ, հատկապես մաքսատուրքերի հետ կապված, սակայն միջկառավարական հանձնաժողովները պետք է լուծումներ գտնեն այս ամենի համար:

Լրագրողների հարցին, թե չունե՞ք արդյոք մտավախություններ, որ ՀՀ-ն սխալ հաշվարկ է արել` Թուրքիայի հետ արձանագրություններ կազմելով, Այվազյանը պատասխանեց. «Մենք երբեք նման պրոցեսի մեջ չենք եղել, բայց սա խիստ անհրաժեշտ է: Հո չե՞նք թողնելու այս ամենը մեր թոռները լուծեն: Սա ձեռքբերում է, որ այսօր քննարկում ենք այս հարցերը, եթե ուզում ենք լավ ապրել` պետք է աշխատել, ոչ թե տանը նստել ու սպասել ներդրումների. դրանք հենց այնպես չեն գալիս»:

Պարոն Այվազյանը ասաց նաեւ, որ սահմանների բացումից հետո, եթե Թուրքիան բարձր մաքսահարկեր նշանակի մեր ապրանքների համար, ապա ՀՀ-ն նույնպես դիմելու է այդ քայլին. «Մենք այդքան թույլ չենք եւ պատրաստ ենք հավասարը հավասարի սկզբունքով հարաբերվել մեր հարեւանների հետ»:

Պատասխանելով հայ-վրացական «տարօրինակ» հարաբերություններին վերաբերող հարցին` պարոն Այվազյանը ասաց, որ այդ հարաբերությունները միշտ էլ այդպիսին են եղել, եւ միգուցե որեւէ սրո՞ղ կա. «Ես որեւէ խնդիր չունեմ Վրաստան գնալիս, բայց կասեմ ձեզ հետեւյալը` պառկած ուղտը հազար էշի գին ունի: Կարծում եմ` Վրաստանում նույնպես գիտեն, որ Հայաստանն ի վիճակի է հազար Վրաստան գրավել»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4