«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2009-09-08 | #161, 2009-09-09 | #162, 2009-09-10


ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ: ՎԵՐԱԴԱՐՁ

Մաս չորրորդ

Շարունակելով իր երուսաղեմյան տպավորությունները` Արթուր Հակոբյանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող չորրորդ հոդվածում պատմում է վերջին 100 տարիների ընթացքում առաջին անգամ քահանա ձեռնադրված Խադեր Խանոյի մասին, որը ծագումով ասորի է:

Վաղ առավոտ է Երուսաղեմի Հին քաղաքում, եւ որոշ ժամանակ անց միայն կխախտվի անդորրը, երբ մարդիկ դուրս գան փողոց եւ ավտոմեքենաները հնչեցնեն իրենց ազդանշանները: «Քաեք եւ Ֆալաֆել» (արաբական ազգային ուտեստ) համտեսելուց հետո հասնում եմ «Դեյր-էլ-Սիրյան», սիրիական կամ ասորական Սբ Մարկոս վանքի զարդանախշված դռանը եւ կանգ առնումՙ համակված անսովոր ակնկալիքներով: Եկել եմ լսելու այն լեզուն, որն այստեղ հնչեց 2000 տարի առաջ մի մարդու բերանից, ով փոխեց աշխարհի պատմությունը:

Դուռը բաց է, ներս եմ մտնում: Մոմերի լույսով լուսավորված եւ խնկի բույրով լցված հոգեւոր մթնոլորտում լսվում է Տերունական աղոթքը. «Ավվոն դ-Բիշ-մաիյա, Նիթ-Քադդաշ շիմմուխ...» (Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո): Սա արամեերեն է, լեզու, որով խոսեց Հիսուս Նազովրեցին: Այն այսօր, հավատարմորեն պահպանվելուց հետո, հնչում է սիրիական եկեղեցում: Թողնում եմ, որ ներթափանցի հոգուս խորքերը.

«Թիհ-թեհ մալ-չուտուխ...» (եղիցի արքայություն քո):

Դրանք նույն բառերն են, որն օգտագործում էր Նաՙ քարոզելով, որ Աստծո թագավորությունը մեր մեջ է: Այժմ Խադեր Խանոն է արտասանում դրանքՙ աստվածային նվիրվածությամբ:

Արարողության ավարտին մենք տեղավորվում ենք հարեւան գրասենյակում, որի տերն այս 21-ամյա երիտասարդ տեղապահն է, որ փոխարինում է արքեպիսկոպոս Մար Սուեյրոս Մալկի Մուրադինՙ վերջինիս բացակայության ժամանակ:

Մի քանի շաբաթից Խանոն նոր էջ է գրելու Սուրբ քաղաքի պատմության մեջ` դառնալով ձեռնադրված առաջին կուսական քահանան վերջին 100 տարում: Դա մեծ հետաքրքրություն եւ ոգեւորություն է առաջացրել քրիստոնյա համայնքներում եւ հատկապես Բեթղեհեմում, որտեղ ապրում են Խանոյի համերկրացիները:

Դարեր շարունակ Սբ Մարկոս վանքը անուշադրության էր մատնված: Նրա արտաքին տեսքն էլ վանող էր: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Կումրանի աղի քարանձավներում մի բեդվին հովիվ 1948-ին հայտնաբերեց Մեռյալ ծովի ձեռագրերը: Արաբ-իսրայելական պատերազմի թեժ օրերին, առեղծվածային ճանապարհներով դրանք ի վերջո հասան Երուսաղեմ եւ ի պահ դրվեցին Սբ Մարկոս վանքում, մինչեւ զարմացած աշխարհին ներկայացվելը: Բաբելոնցիների այս հպարտ ժառանգորդների համար Խանոյի ձեռնադրումը էյֆորիայի մի մեծ առիթ է: Սուրբ քաղաքի բնակիչները «Սիր-յան» արաբերեն տարբերակով են ճանաչում նրանց, բայց աշխարհի մյուս մասերում նրանց անվանում են «աշուրցիներ», «ասուրցիներ» կամ անգամ «սուրիոյոնետ»:

Սովորաբար սիրիացիների եկեղեցին հոգեւորականների շարքերը լրացրել է հարեւան երկրների, հատկապես Իրաքի աշուրցիների հաշվին: Բայց 1967-ին սանձազերծված 6-օրյա պատերազմը եւ քաղաքական վայրիվերումները փակեցին այդ ճանապարհը:

«Ես երկար, շատ երկար եմ մտածել քահանա դառնալու որոշում ընդունելուց առաջ եւ եկել եմ այն եզրակացության, որ Աստծուն ծառայելու լավագույն ձեւը սա է», խոստովանում է Խանոն: «Այն ամենը, ինչ կարդացել ու սովորել եմ, ինձ նախապատրաստել է սրան: Ես ուրիշ հետաքրքրություն չունեմ»: Նա Բեթղեհեմում է ձեռնադրվելու եւ վերադառնալու է Սբ Մարկոս վանքը արդեն նորՙ հայր Բուլոս (Պողոս) անունով: Վանքի համալիրը հայկական թաղամասի մոտակայքում է գտնվում եւ սիրիական ուղղափառ եկեղեցուց մնացած վերջին «անկլավն» է: Ուրիշ ամեն ինչ կորել է: Վանքը մի բուռ հոգեւորականների տունն է: Համայնքը նոսրացել է: Ակումբները փակվել են: Վանքը կառուցումից ընդամենը մի քանի տարի անց կործանվել է, երբ Տիտոս Փլավիոսն ավերել է Երուսաղեմը 70 թվին: Հետագայում փյունիկի նման մոխիրներից «վերընձյուղվել» է մի քանի անգամ: Վերջինըՙ մեկուկես դար առաջ:

Խանոյից բաժանվում եմ եւ մեկնում Բեթղեհեմ` հանդիպելու Սալիբա Թաուիլին, որն իմ վաղեմի ընկերներից է եւ Բեթղեհեմի սիրիական համայնքի անդամներից: Հանդիպումը տեղի է ունենում «Աբու Էլի» ռեստորանում: Մի փոքր այն կողմ Իսրայելի առաջնորդների կառուցած չարագուշակ ու հրեշային «անվտանգության» պատն է:

Թաուիլը դաստիարակ է, համայնքային գործերի գիտակ: Մեծ դեր է խաղացել այն բանակցություններում, որոնցով քույր քաղաքներ են դարձել Բեթղեհեմը եւ ֆրանսիական Գրենոբլը:

Ինչպես փոքրամասնության մյուս անդամները, նա եւս մտահոգված է ձուլման եւ ինքնության կորստի սպառնալիքով: Բայց գործնական մտածելակերպ ունի եւ հույսը չի կորցնում: «Մեր ճակատագիրն է միասին ապրել այստեղՙ այս Սուրբ քաղաքում», ասում է նա եւ հավատացած է, որ միայն խաղաղության հաստատման դեպքում իր եւ իր համերկրացիների երեխաները կկարողանան գնահատել ոչ միայն իրենց ինքնությունը, այլեւ համայն աշխարհի ամենատարբեր հասարակությունների ինքնությունները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4