«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2009-09-09 | #162, 2009-09-10 | #163, 2009-09-11


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԲԱՔԸՐՔՈՅ ԹԱՂՈՒՄ

Երբ վարչապետ Էրդողանի կառավարությունը հանդես է բերում երկրի ազգային փոքրամասնությունների իրավիճակի բարելավման կամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որեւէ նախաձեռնություն, Թուրքիայում իսկույն ասպարեզ են իջնում ազգայնամոլ ուժերը եւ փորձում են մթագնել նախաձեռնությունը: Որքան էլ այդ ուժերի թիրախը լինեն Թուրքիայում ազգային փոքրամասնության կարգավիճակ ունեցող հայերը կամ Հայաստանը, սրանց գործունեությունը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում Էրդողանի կառավարության միջազգային վարկանիշի վրա, հետապնդելով, ըստ երեւույթին, թուրքահայերին ահաբեկելու, Հայաստանին սպառնալու, ինչպես նաեւ կառավարությանը վարկաբեկելու չարանենգ նպատակներ:

Օգոստոսի 15-ին, երբ վարչապետ Էրդողանը հանդիպեց Թուրքիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, դրան հետեւեց Ստամբուլի Շիշլի թաղում հայերի եւ հույների տների պիտակավորումը: Օգոստոսի 31-ին հայ-թուրքական «հաշտեցման» արձանագրությունների հրապարակումից հետո հայերին եւ հույներին պատկանող բնակարանների պիտակավորման դեպքեր էին արձանագրվել Բաքըրքոյում, որը Ստամբուլի նոր թաղերից է: Ի դեպ, Շիշլիի եւ Բաքըրքոյի փոխթաղապետերը հայեր են:

Սեպտեմբերի 6-ին այդ մասին նշել է «Էվրենսելը»: Ըստ թուրքական այս լրատվամիջոցի տեղեկության, պիտակավորողներին հայտնաբերելու քաղաքապետարանի, թաղապետարանի եւ ոստիկանության ջանքերն առայժմ ապարդյուն են անցնում: Չի բացառվում, որ սրանց հովանավորեն պետական որոշ կառույցներ: Նկատի առնելով այս հանգամանքը, քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը հարցը բարձրացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում եւ գրավոր հարցում է արել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալային: Նախարարը սակայն առ այսօր չի պատասխանել:

«Էվրենսելը» նշում է, որ պիտակները կարմիր, դեղին եւ կանաչ գույնի են, դրանց վրա մատիտով բազմապատկման նշան է արված, իսկ Բաքըրքոյի բնակչության 3/4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են, որոնց մեջ գերակշռում են հայերը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4