«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2009-09-09 | #162, 2009-09-10 | #163, 2009-09-11


PKK-Ի ՀԵՏ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԶՈՀԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻՆ

«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման» նախաձեռնությունից առաջ վարչապետ Էրդողանի կառավարությունը հանդես էր եկել «քրդական հարցի կարգավորման» նախաձեռնությամբ: Մինչ երկրում այդ նախաձեռնությունը բախվում էր ընդդիմադիր հասարակական եւ քաղաքական շրջանակների հակազդեցությանը, իսկ քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը զգուշավորությամբ էր մոտենում դրան, թուրքական անվտանգության ուժերը շարունակում էին PKK-ի դեմ ռազմական գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում:

Այս գործողությունները ոչ միայն կասկածի տակ են դնում «քրդական հարցի կարգավորման» նախաձեռնության անկեղծությունը, այլեւ ի չիք են դարձնում դրա նպատակահարմարությունը հատկապես երկրում բնակչության 1/4-ը կազմող քրդերի համար: Համենայնդեպս, սեպտեմբերի 8-10 բախումներում սպանվել են հատուկ նշանակության զորամասերի հինգ թուրք զինծառայողներ, որոնցից երկուսը Հաքքյարիում, երկուսըՙ Սղերդում, իսկ մեկըՙ Վանում:

Թեեւ վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ այս սպանությունները չեն կարող խոչընդոտել նախաձեռնության իրականացումը, սակայն դրանք, անկասկած, ուժեղացնելու են առ այսօր երկրում քրդական հարցի հետ նաեւ քրդերի գոյության փաստին դիմակայող շրջանակների դիրքերը, որոնց թվում, ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության, քեմալական ազգայնականներն են եւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունը, Ազգայնական կուսակցությունը, որը Թուրքիայում ներկայացնում է ազգայնականության պահպանողական թեւը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4