Իսկ սկանդալը շարունակվում է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կամա թե ակամա` «Ժառանգության» շուրջը ծավալվող սկանդալը եկել ու ընկել է հայ-թուրքական արձանագրությունների 6 շաբաթյա քննարկման վրա, ու ահագին` գոնե լրագրողների ուշադրությունը շեղելու մասով այս արձանագրությունների շուրջը բովանդակային քննարկումներից, ինչ-որ դեր ունենում է: Հիմա դա մտածված է, թե ինքնաբուխ` անբացատրելի է, սակայն կարկառուն ժառանգականներից մի քանիսը, ովքեր այս պահին իսկապես պետք է զբաղվեին հայ-թուրքական խնդրով, հիմա զբաղված են իրենց ներքին «ռազբորկաներով»: Իսկ այդ խմորումներն իրենց գագաթնակետում են, եւ թարսի պես էլ` Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես չի գալիս իր քայլի շարժառիթների մեկնաբանությամբ, կարծես թե թողնելով, որ ժառանգականներն անցնեն միմյանց բզկտելու փուլով, ով ում կոշտուկը տրորի, հետո էլ արդեն Րաֆֆին կասի իր խոսքը:
Իսկ զարգացումներն արդեն լրջացել են. նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում կուսակցությունից հեռացվել են Զոյա Թադեւոսյանը, Վարդան Խաչատրյանը, Մովսես Արիստակեսյանը, եւս երեք հոգի` կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի պարզաբանումներով` վերջին համագումարի ժամանակ վարչության ընտրությունների կեղծման փորձի եւ հետագա վարվելակերպի համար:
Մինչ այդ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության նիստում փոփոխվել էր ղեկավար կազմը. Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է խմբակցության ղեկավարի պաշտոնից` առաջադրելով Ստեփան Սաֆարյանի թեկնածությունն իր փոխարեն, որն ընտրվել է խմբակցության ղեկավար, այդպիսով դառնալով կուսակցության վարչության 10-րդ անդամը: Մնացածը տեղի է ունեցել վարչության նիստում, որտեղ վարչության նախագահ Անահիտ Բաշխյանի փոխարեն (որը հենց ինքը դրել է սեփական վստահության հարցը) վարչության նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը:
Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը եւ իր կողմնակիցները (Վարդան Խաչատրյանը ներկա չէր) երեկ «Ժառանգություն» գրասենյակի դիմաց բողոքի էին եկել եւ լրագրողների մոտ պնդում էին իրենց իրավացիությունը. «Ես պաշտպանված եմ մի շատ գեղեցիկ գաղափարով, որն ազնվություն է կոչվում... Ես տվել եմ մի շատ կարեւոր փաստաթուղթ «Հայակական ժամանակին»: Իրենք դրել էին ինձ անվստահություն հայտնելու հարցը, քանի որ ավագանու ընտրություններում տեղերը բաշխելիս ես այդ տեղերը տվել էի այսպես` 185 ժառանգականների, մնացածը` ընդդիմադիր այլ ուժերի, դա նրանց դուր չեկավ, եւ անվստահություն հայտնեցին: Ես դրա համար չեմ զղջում: Ես մնալու եմ ԿԸՀ-ում եւ այսօրվանից սկսածՙ հաջորդ ընտրություններում ես բոլոր տեղերը տալու եմ մեր հասարակության ազնիվ անդամներին, ում համար արդար ընտրությունը կրեդո է, եւ ոչ թե ժողովրդի ականջը սուտ խոստումներով լցնելու հնարք»: Արդյո՞ք ՀԱԿ-ն է պառակտում «Ժառանգությանը» հարցին Զ. Թադեւոսյանը հարցով պատասխանեց. «Եթե ՀԱԿ-ն այսօր կարող էր պառակտել «Ժառանգություն» կուսակցությանը, ուրեմն նա արժանի է այդ պառակտմանը` կուռ կուսակցությունն ինչպե՞ս կարող է պառակտվել, կուսակցությունները պառակտվում են ներսից, դրսից ոչ ոք չի կարող պառակտել, երբ ժողովուրդը հասկանում է, որ այդ կուսակցությունն ամենեւին այն չէ, ինչ ուզեցել են ցույց տալ»: Նա Ր. Հովհաննիսյանի հրաժարականը կապեց խմորումների բացահայտման հետ եւ հայտնեց, որ մոտ օրերս կլինեն զանգվածային հրաժարականներ` կուսակցությունից զանգվածաբար հրաժարվելու դիմումներ են լինելու. «Իրենք 7 հոգի են, մենք` ամբողջ կուսակցությունը», ասաց:
Մովսես Արիստակեսյանին էլ հարցրինք` արդյո՞ք պատրաստվում է պատգամավոր դառնալ` ըստ հին ցուցակի նրա հերթն է. «Ես սպասում եմ խորհրդակցելու, հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բարձր գին է ինձ համար, որ Ր. Հովհաննիսյանի տեղը պիտի գնամ, որին հարգել եմ, հարգում եմ եւ էլի կհարգեմ. անկախ այս գործընթացներից, չեմ պատրաստվում ժողովրդի քվեից հրաժարվել:
Կա կանոնադրություն, կստանանք վարչության որոշումը, կտեսնենք` օրինական է, օրինական չի, կբողոքարկենք վերադաս մարմնին` համագումարին», ասաց նա:
Զրուցեցինք նաեւ այժմ արդեն վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. «Սա ինձ համար ոչ թե սկանդալ է, այլ ինքնամաքրման ուղի. լավ է, որ եղավ: Չեմ կարծում, որ սա ողբերգություն է: «Ժառանգության» կուրսը չի փոխվելու, հակառակը` այսպիսով վերահաստատում ենք կուրսը: Վարչության վերջին որոշումներից մեկն էլ եղել է հենց նախագահին լիազորել, որ երբ ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն առաջարկեն բանակցել, մեր ներկայացուցիներին վարչության նախագահը կհանձնարարի բանակցել. այդպիսով, մենք սպասում ենք մեր ուղերձի (հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ- Մ.Խ) գործնական պատասխանին:
Իսկ սկանդալի դրդապատճառն այն է, որ մարդիկ այլ քաղաքական համակրություններ ունեն եւ չեն կարողանում սպասարկել վարչության եւ կուսակցության որոշումներն ու քաղաքական ուղեգիծը, այլ սպասարկում են այլ կուսակցությունների, ընդհուպ` մեկը փորձել է այլ կուսակցություն ստեղծել»: Բայց անուններ չտվեց. «Եթե Ա. Մարտիրոսյանի անձը դնենք մի կողմ` արդյո՞ք անձնական շահ ունեին Անահիտ Բախշյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Գառնիկ Սահակյանը, Դավիթ Բադալյանը, Ստյոպա Սաֆարյանը, անձինք, որ միշտ Ր. Հովհաննիսյանի հետ են եղել, որոշների նման չեն հեռացել կուսակցությունից, ընտրությունների շեմին հայտնվել...»:
Ըստ Մարտիրոսյանի` իրենց ուղղված մեղադրանքների մեջ մի ճիշտ բան կա, որ ժամանակին կեղծարարներին եւ խառնակիչներին չեն հեռացրել, այլ փորձել են մեղմ վերաբերվել, մտածելով, որ կհասկանան իրենց քայլերի կործանարարությունը:
«Ժառանգության» վարչության նիստի` իրավասու չլինելու մեղադրանքին ի պատասխան ասաց, որ բոլոր անդամներին կանչել են, օրակարգն էլ ուղարկվել է, բայց նրանք (Զ. Թադեւոսյանը, Վ. Խաչատրյանը) չեն եկել, որպեսզի տապալեն նիստը: Թադեւոսյանականների համար անակնկալ է եղել, որ Ա. Մարտիրոսյանը դուրս է եկել խմբակցության ղեկավարի պաշտոնից եւ քվորում ապահովել է. «Կուսակցության կանոնակարգով խմբակցության ղեկավարը վարչության անդամ է դառնում, այդպես 7 վարչության անդամ քվորում են ապահովել: Այն ամենը, որ սկսել էին (թադեւոսյանականները-Մ.Խ.) ավելի վաղ` զարգացում ստացավ, քանի որ Ր. Հովհաննիսյանի մանդատ վայր դնելու քայլը որոշ ուժեր փորձեցին մեկնաբանել կուսակցության ներքին գզվռտոցի արդյունք որպես, այս էին սպասարկում այս երեքը, եւ այսօր էլ շարունակում են»: Մ. Արիստակեսյանի` ցուցակի 8-րդ տեղից 9-րդում հայտվելու մեղադրանքին Ա. Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Մովսեսը շատ բան կարող է ասել` ցուցակը չեն դնում եւ միանգամից գրում անուն-ազգանունները, այլ գործընթաց է, իսկ վերջնական ցուցակը ԿԸՀ-ում կարող եք ստուգել` «Ժառանգության» դիմումը եւ 2007-ի ընտրություններին մասնակցելու ցուցակը ստորագրված է Ր. Հովհաննիսյանի կողմից»: Ինչո՞ւ Ր. Հովհաննիսյանը մինչեւ հիմա չի խոսել. «Ր. Հովհաննիսյանն այն փորձառու քաղաքական գործիչն է, որ գիտե ո՞ր պահին է խոսում եւ ի՞նչ է խոսում, նա ժամանակին հենց մի քանի ամիս առաջ հանդարտության կոչ է հղել, բայց չեն լսել»:
Վարդան Խաչատրյանի վերաբերյալ հարցին պատասխանելիս էլ ասաց.«Այդ մարդիկ իմ թշնամիները չեն, իրենք ունեն քաղաքական կողմնորոշումներ եւ դրանց համեմատ կարող են գործունեություն ծավալել»:
Ո՞վ պետք է գա խորհրդարան Րաֆֆու փոխարեն. «Չեմ կարող ասել` նայած, թե մարդկային բարոյական նորմերն ով ինչպես է ընկալում»:
Հ.Գ.-Գիտենք եւ ենթադրելի է, որ «այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: