«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2009-09-10 | #163, 2009-09-11 | #164, 2009-09-12


ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում Հարութ Սասունյանն անդրադառնում է Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններին:

Շրջանային եւ միջազգային մամուլի հարյուրավոր հոդվածներն ու տարբեր պաշտոնական այրերի հայտարարությունները քննարկելուց հետո պարզ է դառնում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները չեն վավերացվելու թուրքական խորհրդարանի կողմից մինչեւ Հայաստանն առաջինը զիջումներ չկատարի Ղարաբաղի (Արցախի) հարցի վերաբերյալ:

Ինչպես ակնկալվում էր, անցյալ շաբաթվա ամբողջ ընթացքում վերոնշյալ արձանագրությունների դեմ քննադատական արտահայտություններ տեղի ունեցան ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Ավելին, ադրբեջանցի որոշ պաշտոնական այրեր եւ մեկնաբաններ պախարակեցին թուրք ղեկավարներին մինչեւ ղարաբաղյան հարցի կարգավորումը Հայաստանի հետ սահմանը չբացելու իրենց հաճախակի կրկնված խոստումներից հետ կանգնելու համար:

Ապրիլի 22-ին, երբ Հայաստանն ու Թուրքիան հրապարակեցին իրենց վիճելի հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու «ճանապարհային քարտեզը», Ադրբեջանը խստորեն դեմ արտահայտվեց եւ սպառնաց վրեժխնդիր լինել Թուրքիայիցՙ ձեռնարկելով մի շարք քայլեր, որոնց թվում նաեւՙ նավթի պաշարների առաքումը դադարեցնելը: Թուրք ղեկավարներն անմիջապես կանգնեցրին «ճանապարհային քարտեզի» կիրառումը, որպեսզի հաճոյանան իրենց «կրտսեր եղբորը»ՙ Ադրբեջանին: Նրանք բազմիցս կրկնեցին, որ Հայաստանի հետ իրենց երկրի սահմանը չեն բացի, մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը չբավարարի Ադրբեջանին: Վարչապետ Էրդողանը պարտավորված զգաց մայիսին Բաքու մեկնել եւ միեւնույն խոստումը կրկնել ազերի խորհրդարանում արտասանած իր ելույթի ժամանակ:

Եվ երբ Հայաստանի եւ Թուրքիայի վրա միջազգային ճնշումները սաստկացան ու ստիպեցին առաջընթաց արձանագրել սառեցրած «ճանապարհային քարտեզի» գործընթացում, թուրք առաջնորդները զգուշավոր դարձանՙ մի անգամ եւս չնեղացնելու Ադրբեջանին: Այս անգամ նրանք նախագահ Ալիեւին տեղյակ պահեցին Հայաստանի հետ կատարվող քննարկումների բոլոր մանրամասներինՙ անընդհատ հավաստիացնելով, որ Ադրբեջանի շահերը պաշտպանվելու են եւ Հայաստանի հետ ոչ մի համաձայնություն չի կնքվի, մինչեւ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Օգոստոսի 31-ին, երկու արձանագրությունների հրապարակումից անմիջապես առաջ, վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ նախագահ Ալիեւի հետ, որին հաջորդեց նաեւ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների պատվիրակության այցը Բաքուՙ առավել մանրամասնություններ փոխանցելու նպատակով:

Արհեստավարժորեն ձեւակերպված երկու արձանագրությունների երկար տեքստերի եւ դրանց կից հրապարակված իրագործման ժամանակացույցի ուշադիր ընթերցումը ցույց է տալիս, որ մի շատ կարեւոր մանրամասնՙ դրանց համապատասխան վավերացման ժամկետը, դուրս է թողնված տեքստերից:

Փաստաթղթերն ամենայն ճշգրտությամբ նշում են համաձայնագրի պայմանները եւ յուրաքանչյուրի իրագործման ժամկետները: Օրինակՙ օգոստոսի 31-ից 6 շաբաթվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան պարտավոր են ավարտել «ներքին քաղաքական խորհրդակցությունները», նախքան արձանագրությունները վավերացման ներկայացվեն համապատասխան երկրների խորհրդարաններում: Փաստաթղթերը նաեւ նշում են ընդհանուր սահմանի բացման եւ ամենատարբեր հանձնաժողովների կազմավորման ճշգրիտ ժամկետները:

Այդուհանդերձ, բոլոր նշված քայլերի իրականացումը կախված է երկու խորհրդարաններում արձանագրությունների վավերացման վճռական նախապայմանից, որի համար ոչ մի ամսաթիվ կամ վերջնաժամկետ չի նախատեսված: Համատեղ հայտարարությունը պարզապես կոչ է անում երկու կողմերին գործադրելու «իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ (պատեհաժամ) առաջընթացի համար»: Կարելի է հաստատ ասել, որ վերջնաժամկետի բացթողումը պատահական անտեսում չէ:

Թուրքական երկուՙ «պատմական» հարթությամբ հանձնաժողով ստեղծելու եւ իր տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նախապայմանները Հայաստանին ընդունել տալուց հետո Անկարան խելամտորեն առաջ քաշեց իր երրորդ նախապայմանը: Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորեց արցախյան հակամարտության կարգավորմամբ, առանց արձանագրություններում այդ մասին հստակ նշում կատարելու:

Քանի որ արձանագրությունների վավերացման համար ճշգրիտ ժամկետ չի հիշատակված, թուրքական կառավարությունը հավանաբար օգտագործելու է իր լայնածավալ քաղաքական ռեսուրսներըՙ ճնշում գործադրելու համար Հայաստանի վրա: Արցախի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս եւ ամերիկացի համանախագահների միջոցով Ադրբեջանը ընդունելի զիջումներ է պահանջելու Հայաստանից: Եվ մինչեւ այդ զիջումները չստանա, Թուրքիան հետաձգելու է արձանագրությունների վավերացումը: Վերջին օրերին որոշ թուրք մեկնաբաններ մատնանշում են արձանագրություններում տեղ գտած այս «ելքային սողանցքի» մասին, հպարտությամբ արձանագրելով, որ ի վերջո Թուրքիան չի բացի Հայաստանի հետ ընդհանուր սահմանը մինչեւ տարածքային զիջումներ ձեռք չբերի Հայաստանից:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գրեթե ամեն օր, սկսած օգոստոսի 31-ից, միեւնույն պահանջն է առաջ քաշում: Հետաքրքրական է, որ նախագահ Ալիեւը ոչ մի քննադատական խոսք ցարդ չի ասել Հայաստանի հետ սահմանի բացման համաձայնության վերաբերյալ, մի բան, որին նա վճռականապես դեմ է: Պատճառն այն է, որ Անկարան վստահեցրել է նրան, որ նման բան տեղի չի ունենա, մինչեւ Արցախն իրեն մատուցվի արծաթե ափսեի վրա:

Մյուս կողմից, Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը անընդհատ կրկնում են, որ չեն ընդունելու որեւէ կապ արցախյան բանակցությունների եւ թուրքական սահմանի բացման միջեւ: Որպեսզի պահպանեն իրենց արժանահավատությունը եւ պաշտպանեն երկրի ազգային շահերը, Հայաստանի ղեկավարները Արցախի հարցում ամենափոքր զիջումն անգամ չպետք է կատարեն եւ չպետք է վավերացնեն արձանագրությունները, մինչեւ թուրքական խորհրդարանը առաջինը վավերացնի դրանք: Այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի վավերացնելուց, ամբողջ համաձայնագիրը փուլ կգա, եւ միջազգային հանրությունը Թուրքիային կհամարի միակ պատասխանատուն ձախողման համար:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4