«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2009-09-10 | #163, 2009-09-11 | #164, 2009-09-12


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵՋԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արձանագրություններով սահմանված «ներքին քաղաքական խորհրդակցությունները» նախատեսվում է սկսել արձանագրությունների հրապարակումից 10 օր հետո: Քանի որ դրանք հրապարակվել են օգոստոսի 31-ին, ուստի երեկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, սահմանված կարգի համաձայն, խորհրդակցությունների շրջանակում հանդիպեց Թուրքիայի ազգային մեծ ժողովի` Մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, իրազեկելով նրան Հայաստանի հետ հաշտեցման գործընթացի մասին:

Նա միաժամանակ հանդիպման խնդրանքով դիմեց քաղաքական կուսակցությունների ղեկավարներին: Խորհրդակցությւնների համար հատկացված 6-շաբաթյա ժամկետը ավարտվում է հոկտեմբերի 12-ին, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից 2 օր առաջ: Իսկ Դավութօղլուն ենթադրում է կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել սեպտեմբերի վերջերին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերից հետո:

Օգտվելով առիթից նշենք, որ Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները դեռեւս արձանագրությունների հրապարակման հաջորդ օրը հայտարարել էին, որ դեմ են լինելու Մեջլիսում դրանց քննարկմանը, քանի դեռ Հայաստանը ընդառաջ քայլ չի կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4