«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2009-09-10 | #163, 2009-09-11 | #164, 2009-09-12


ԸՍՏ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ միամիտ կլիներ համարել, թե հայ-թուրքական սահմանի բացումով Հայաստանի էկոնոմիկան կհեղեղվի թուրքական կապիտալով, ինչը կկլանի հայկական տնտեսությունը:

«Այդպիսի բան չի լինի: Մենք` հայ ձեռնարկատերերս, գտնում ենք, որ դա հայկական տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա, եւ կբարձրանա տնտեսության մեջ տեղի ունցող մրցունակությունը», նշում է Ղազարյանը:

Ղազարյանի խոսքերով, չնայած այսօր Հայաստանի տնտեսությունը սահմանափակ է, այնուամենայնիվ Հայաստանը հնարավորություն ունի ավելի լուրջ ու մրցունակ ապրանքներ արտահանելու եվրոպական, ռուսական եւ ամերիկյան շուկաներ, քան Թուրքիան. «Անհատ ձեռներեցները արդեն չեն բավարարվում տեղի շուկաներով եւ լրջորեն մտածում են իրենց մասնակցությունն ունենալ տարածաշրջանային շուկաներում»:

Արսեն Ղազարյանը հիշեցնում է, որ Հայաստանը երբեք չի սահմանափակել թուրքական ապրանքների ներմուծումը, որովհետեւ դրանք վաղուց արդեն իրենց տեղն են գրավել մեր շուկայում:

«Թուրքիայից միակողմանի ներմուծման ցուցանիշները տարբեր տարիներին տատանվել են 50-100 մլն դոլարի սահմաններում: Իհարկե, ներմուծման չափերի` 5-10 տոկոս ավելացում կլինի, սակայն ես այդտեղ մեծ վտանգ չեմ տեսնում», ասաց նա:

Ըստ Ղազարյանի, Հայաստանը ստանում է դեպի նոր շուկաներ եւ իր պատմական հայրենիք արտահանման ու ներմուծումների հնարավորություն:

Ղազարյանը վստահություն հայտնեց, որ Վանա լճի շրջակայքում հնարավոր կլինի զարկ տալ զբոսաշրջությանը, եւ մեր շինարարական եւ զբոսաշրջության ոլորտների մասնագետները մի քանի տարիների ընթացքում կարող են այնտեղ ստեղծել հայկական զբոսաշրջության կենտրոններ:

Ղազարյանն ավելացրեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունից կշահեն նաեւ Իրանը, Վրաստանը, Միջին Ասիան, Սիրիան եւ, իհարկե, հենց Թուրքիան, որն ամենամեծ տնտեսությունն ունի տարածաշրջանում:

«Հակաճգնաժամային ծրագիրն իր դրույթների եւ սկզբունքների մեջ շատ լավն է: Միակ բանը, որ մենք ցանկանում ենք, արագ եւ արդյունավետ իրականացումն է», գնահատական տալով կառավարության հակաճգնաժամային ծրագրին` ասաց Արսեն Ղազարյանը:

Բանախոսը համեմատություն անցկացնելով Հայաստանի եւ հարեւան երկրների հակաճգնաժամային ծրագրերի միջեւ, նշեց, թե համարձակ, հեղափոխական ծրագիր է. «Այլապես ճգնաժամային վիճակի ողնաշարը ջարդել չէր լինի»:

Ի դեպ, Արսեն Ղազարյանը անդրադառնալով արձանագրված տնտեսական անկումներին, նշեց, որ եթե մենք 2009 թվականը փակենք որոշակի անկումով, «դրա մեջ ոչ մի տագնապալի բան չպետք է տեսնել»:

«Հարկային փաթեթի խմբագրված տեսքին չեմ ծանոթացել: Ուղղակի ես ուզում եմ հավատալ Վարդան Այվազյանի խոսքերին, որ արմատապես փոփոխված է փաթեթը», ասում է Արսեն Ղազարյանը` պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական է տալիս հարկային փաթեթի փոփոխված տարբերակին:

Նրա խոսքերով, եթե հարկային փաթեթն արմատապես փոփոխված չլինի, «գործարար ծագում ունեցող պատգամավորները» կշարունակեն պայքարը դրա դեմ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4