Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, որը խոստանում է շատ հետաքրքրական լինել, եթե նկատի ունենանք, որ մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովն է պատրաստվում իր ամփոփիչ զեկույցը ներկայացնել, մյուս կողմից կբարձրաձայնվեն մանդատը վայր դրած պատգամավորների դիմումները ըստ լուրերի` Խաչատուր Սուքիասյանի նման գուցեեւ իրենց մանդատները վայր դնեն մարտի 1-ի գործով անցած Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: «Ժառանգության» ներքին խմորումներն արդեն կարծարծվեն Ազգային ժողովում, խմբակցության պահվածքում: Հարկային փաթեթն է վերադառնում խորհրդարան, որը, ինչպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է ասում` բարեփոխվել է, բայց ԲՀԿ-ից պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ` հարկայինի ներկայացուցչի ներկայությունն այդ փաթեթով որեւէ կերպ ընդունելի չէ, եւ այդպիսով նորից կարող է կառավարության համար խնդիրներ առաջացնել քառօրյայում:
Իսկ երեկ տեղի ունեցած ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկված օրինագծերից մի քանիսը ներկայացնենք` ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից օգտվելով: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առողջապահության նախարարությունը մշակել եւ Ազգային ժողովի քննարկման է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որտեղ ամրագրվել են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքները, սակայն խնդիր է առաջացել ոստիկանության աշխատակիցների գործողությունների կարգավորման հարցում` հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող, հոգեկան խանգարումներ ունեցող կամ կասկածվող անձանց ոստիկանության բաժին բերման ենթարկելու դեպքում:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հոգեբուժական օգնության» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն տվեց:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանձնաժողովի պատգամավորներին է ներկայացրել իր համահեղինակությամբ շրջանառված` «Երեխայի իրավունքների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում ընդլայնել օրենսդրորեն արգելվող տեղեկատվության եւ գրականության տարածման շրջանակը` հաշվի առնելով հասարակության պահանջներն ու առկա մտահոգությունները: Ներկայացված նախագծի ընդունման պարագայում` կարգելվի ոչ միայն «բռնության եւ դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ իրավախախտումներին նպաստող», այլ նաեւ` ընտանիքը վարկաբեկող, երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկատվության եւ գրականության տարածումը: Հեղինակներն առաջարկում են վերանայել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը` արգելելով հեռուստառադիոհաղորդումներում օգտագործել ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող հաղորդումները, ինչպես նաեւ սահմանափակել անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերը: Հանձնաժողովի անդամ Ալվարդ Պետրոսյանն իր հերթին առաջարկել է համալրել արգելված գրականության ցանկը` ներառելով այնտեղ նաեւ հոգեորսություն հետամտելը: Սկզբունքորեն դեմ չլինելով` հիմնական զեկուցողն առաջարկել է հարցին անդրադառնալ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում` նախագծի ընդունումից հետո:
Հանձնաժողովի գնահատականը դրական է եղել նաեւ «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նախագծերի համահեղինակ Վարդան Բոստանջյանի ներկայացմամբ` «Բռնադատվածների մասին» 1994-ից գործող օրենքը, ներկա իրողություններով պայմանավորված, վերանայման կարիք ունի` առաջարկվում են բռնադատվածներին վերաբերող խնդիրների ամբողջական եւ համակարգված լուծումներ: Կառավարությունը նախագծերի վերաբերյալ անհամաձայնություններ ունի` դրանք առաջացնում են նաեւ ֆինանսական պարտավորություններ: Վարդան Բոստանջյանի տվյալներով` հանրապետությունում այսօր կան 9.500 բռնադատվածներ եւ բռնադատվածների ժառանգներ. նախատեսված փոփոխությունները գնահատվում են տարեկան 300 մլն դրամ: Հարցը կընդգրկվի նստաշրջանի օրակարգում` հետագայում կառավարության եւ փորձագետների կողմից ստացված նկատառումներն այնտեղ արտացոլելու պայմանավորվածությամբ:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը նշել է, որ բռնադատվածների նկատմամբ ունեցած պարտականությունը այնքան ֆինանսական չէ, որքան` բարոյական:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը կբարելավի սփյուռքահայերի` Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա ստանալու գործընթացը, իսկ սփյուռքահայ ուսանողները կկարողանան լուծել կացության կարգավիճակի հարցը` առանց խաթարելու ուսման գործընթացը: Օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդ-գրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Իսկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանձնաժողովի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է իր հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` նշելով, որ նախապես այն ուղարկվել է 45 լրատվամիջոցի, որոնցից առաջարկներ ներկայացրել են 3-ը: ՀՀ կառավարությունը ներկայացրել է 16 առաջարկ, որից 13-ը ընդունվել է: Ըստ հեղինակի` փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց օրինագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության, ինչը հեղինակն ընդունեց: (Սա այն օրենքն է, որին շատ լրագրողներ եւ կազմակերպություններ դեմ են-Մ.Խ.):
Հանձնաժողովի որոշ անդամների կարծիքով` օրինագծում մի քանի վիճահարույց դրույթներ կան, ուստի հեղինակի առաջարկությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում եւ մինչեւ լիագումար նիստում քննարկվելը կլրամշակվի:
Մ. Խ.